«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2012-10-24 | #188, 2012-10-25 | #189, 2012-10-26


«ԳԱՖԷՍՃԵԱՆ» ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՐՏԵԶԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայ մշակութասեր մի շերտի համար գտնված վայր է, որտեղ արվեստի գործերի ներկայացման մակարդակը եւ ձեւը վստահաբար տարբեր է մյուսներից եւՙ նորարարական շնչով հատկապես: Ձեւավորված միջավայրը աչքի է ընկնում բարձրաճաշակ եւ մշակված եղանակներով: Ավելորդ է ասել, որ Կասկադի դիմացի պուրակը կամ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզը, որ համարվում է մոնումենտալ քանդակների լավագույն հավաքածոներից մեկը, ամենահանգիստ ու հաճելի զբոսավայրն է մեր քաղաքի, մանավանդ ծաղկազարդարման աչք շոյող մեղմությամբ:

Կենտրոնի բացման առիթով գրածս մի հոդվածի մասին, որտեղ բացօթյա այս թանգարանի քանդակների եւ ստեղծված մթնոլորտի հանդեպ ջերմ վերաբերմունք էր արտահայտված, մեր հեղինակներիցՙ պատկերամտածողության մոդեռնիզմին հարող գրողը ասացՙ եթե քո գրածը չլիներ, մի երկու խոսք կասեի: Չասաց ու չիմացաՙ ինչ էր այդ երկու խոսքը: Ինչեւէ, կարծիքները, իհարկե, բազմազան կարող են լինել, սակայն ճշմարիտ է, որ «Գաֆէսճեան» պարտեզի խնամված գեղեցկությունը, նաեւ հոգածությունը մեր քաղաքում երկրորդը չունի:

Նախորդ խոսքը հասկանալի էՙ քանդակների արվեստին էր վերաբերում, որոնք անկախ այլ կարծիքներից, համոզված եմ, ավելի քան հետաքրքրական են դարձնում միջավայրը եւ հարստացնում այն: Անշուշտ, դրանց մի մասըՙ զուտ դիզայներական նշանակությամբ, միջավայրը փոխելու դեր ունեն, եւ նման արվեստը չի ենթարկվում որեւէ վերլուծումների, ինչպեսՙ պուրակում համեմատաբար վերջերս տեղադրված մետաղյա հյուսկեն, խոշոր թեյամանը (եւ էլի կան այդպիսիք), որ հատկապես գիշերային լուսավորության մեջ շատ տպավորիչ է: Պարտեզի գլխավոր «հերոսները» Ֆերնանդո Բոտերոյի խոշորածավալ քանդակներն ենՙ կոլումբիացի արվեստագետին բնորոշ մտածողությամբ եւ ձեւով: Շատերի կողմից չընդունված-մերժված «Կատուն» կամ «Հռոմեական զինվորը», այսօր հակառակը, դարձել են մերը, այսպես ասած յուրային: Նույնկերպ եւ Բոտերոյի այս նորեկիՙ «Ծխող կինը» քանդակի խիտ նյութականացված կերպարը, որ տիրապետող է թվում առաջին հայացքից, որովհետեւ կնոջ մարմնեղ ծավալների «գեղեցկությունը» եւ կեցվածքըՙ փռված դիրքը, արհամարհանք կամ հեգնանք են արտահայտում կարծես շրջապատի նկատմամբ եւ մատների մեջ «պտտվող» ծխախոտի գլանակը, որ մի առանձին ինքնավստահություն է ներշնչում նրան, որպես ուժեղ եւ կամային անձնավորության, շուրջը ստեղծում է իրեն հասկանալ փորձողների հետաքրքրական դաշտ: Կնոջ այս մարմնեղությունը բոլորովին ճնշող չէ: Որովհետեւ ազատ է նա իր մարմնի ձեւերում ու «շարժումներում», եւ իր անհոգությունը (չնայածՙ ինչ իմանաս) կյանքի հանդեպ ինչ-որ թեթեւություն է փոխանցում:

Կասկադի պարտեզի առավելությունը նաեւ անվտանգության կանոնավորապես ապահովումն է. այլապես նորօրյա մեր վանդալների ձեռքը այս քանդակներին էլ հասնելու միջոցն ու ձեւը կգտներ (ցավոք սրտի, այդ ձեռքը նրանց էլ հասավ, որի մասին «Ազգ»-ը տեղեկացրել էր նախորդ համարում):

Ինչ վերաբերում է կենտրոնի բուն մշակութային գործունեությանը, այն բազմաբնույթ է (երաժշտական, կրթական, գեղանկարչական) եւ նորարարական շունչ ունիՙ հետամուտ որոշակի նպատակների: Մի քանի ծրագրեր, ինչպես օրինակ, «Երեւանյան կոլեկցիոներների» այս տարվա մայիսի ցուցահանդեսը առաջին իրագործումն է մեզանում: Ընթացող նոր ցուցահանդեսըՙ նվիրված մեր մայրաքաղաքի տոնակատարությանը, բացվեց կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, հոկտեմբերի 11-ին եւ կոչվում է «Երեւան. հայացք ապագայից»: Այն կազմակերպված է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում եւ երկրորդն է` Ռուսական արվեստի թանգարանի հետ իրագործված այս տարվա մարտի «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսից հետո:

«Երեւան. հայացք ապագայից» ցուցադրությունը իրականացավ Երեւանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ եւ ներկայացնում է թանգարանի ֆոնդերում պահվող 23 գեղանկար եւ 13 գրաֆիկական աշխատանք: Ներկայացված գեղանկարչական գործերը անցյալ դարի Երեւանի քաղաքային նկարագրի մասին որոշակի պատկերացում են ստեղծում, որոնք լինելով վրձնի հայտնի հայ վարպետների գործեր, բացի գեղարվեստական արժեքից, ունեն նաեւ պատմական նշանակություն. այս նկարները Երեւանի ոչ վաղ անցյալի վկայություններ են եւ դրանցից մի մասը, որոնցում այսօր մեր մայրաքաղաքի հայտնի փողոցներն ու վայրերն են պատկերված, չափազանց հետաքրքրական են, որովհետեւ մեզանից ոչ մեկի մտքով չի անցնի, օրինակ, Սայաթ-Նովա փողոցը պատկերացնել այնպես, ինչպես դա տեսնում ենք 1935-ականների Արարատ Ղարիբյանի գործում: Կամՙ կենտրոնական հրապարակի ջրավազանի կառուցման պատկերումը, կամՙ Ֆիլհարմոնիկի շենքը:

1930-ականներից մինչեւ 60-ականների Երեւանըՙ Սեդրակ Առաքելյանի, Մարտիրոս Սարյանի, Խաչատուր Եսայանի, Վահրամ Գայֆեճյանի, Գաբրիել Գյուրջյանի, Հակոբ Կոջոյանի, Գեւորգ Գյուրջյանի, Փանոս Թերլեմեզյանի, եւս մի քանի այլ վարպետների գեղանկարչական ձեռագրով, տաք ու սիրելի քաղաքի շունչն է փոխանցումՙ ավելի շատ բնապատկերային (քաղաքի աշունը կամ գարնանային բակը, հին կամուրջը, կամ ծաղկած մի ծառ), կան քաղաքային պատկերներՙ փողոց, տուն. բոլորը ժամանակի մթնոլորտի մեջ ենՙ հանգիստ, բնական, ինչ-որ տեղ ներհուն, ժամանակակից ռիթմից ու տեխնոմոդեռնիզմից շատ հեռու:

Ցուցասրահի մի հատվածում ներկայացված լուսանկարների շարքը այսօրվա երեւանյան պատկերներ են. ըստ կազմակերպիչներիՙ քաղաքի ներկա առաջընթացը խորհրդանշող, թերեւս նաեւ ցուցահանդեսի խորագիրն արդարացնող. այսօրն իբրեւ ապագայի հայացքՙ մեր քաղաքի ոչ հեռու անցյալին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկար 1.Գաբրիել Գյուրջյան, «Փողոց Երեւանում», 1923

Նկար 2. Ջոանա Վասկոնսելոս, «Թեյի տաղավար»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4