Հոկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարը: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,6 մլն ռուբլի է: Մրցաշարին մասնակցելու նախնական հայտ են ներկայացրել 280 շախմատիստներ, որոնցից 75-ը գրոսմայստերներ են:
Հայաստանից մրցումներին մասնակցելու ցանկություն են հայտնել 9 շախմատիստներ: Նրանց թվում է մեր փորձառու գրոսմայստեր, շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը: Նա իր վարկանիշով (2703) մասնակիցների մեջ 4-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն Ալեքսեյ Շիրովը (2718), Ալեքսանդր Արեշչենկոն (2710) եւ Զոլթան Ալմաշին (2707): Մրցաշարին հայտավորվել են նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Վարդգես Թովմասյանը, Վահե Բաղդասարյանը, Արմեն Անտինյանը, Վլադիմիր Պողոսյանը եւ Գոռ Ալեքսանյանը:
Մրցաշարի հաղթողը կպարգեւատրվի 250 հազար ռուբլով: 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 180 հազար, 3-րդըՙ 140 հազար ռուբլի: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւների կարժանանան լավագույն արդյունքի հասած 28 շախմատիստները:
Մինչեւ Չիգորինի հուշամրցաշարի մեկնարկը, Սանկտ Պետերբուրգում կանցկացվի արագ շախմատի մրցաշար 9 տուրով: Հաղթողը կպարգեւատրվի 75 հազար ռուբլով: 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրածները կստանան համապատասխանաբար 60 եւ 45 հազար ռուբլի: Ընդհանուր առմամբ մրցանակային հիմնադրամը կբաշխվի 18 լավագույնների միջեւ: