«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2012-10-25 | #189, 2012-10-26 | #190, 2012-10-27


ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՓՈՐՁԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կան պնդողներ, որ նախագահ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցում են եւ բանակցությունների նյութն էլ վաղուց հայտնի է, իբր` նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց պորտֆելներ եւ նոր լծակներ: Հանրապետականները ժխտում են այդպիսի բանակցությունների հնարավորությունը, սակայն եթե հարց է լինում` նշում են, որ կոալիցիոն հուշագիրը ոչ ոք մինչեւ հիմա ոչ եւս չի արել: Համենայն դեպս` երեկ այդպես էր ասում Գալուստ Սահակյանը , որը նաեւ երկու օր առաջ մեզ հետ զրույցում համոզված էր, որ ԲՀԿ-ն ի հայտ է եկել որպես իշխանական ուժ եւ որպես այդպիսին էլ շարունակելու է իր ընթացքը: Նույն կերպ կոալիցիոն ՕԵԿ-ի ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էր երեկ ասում, թե կա ստորագրված փաստաթուղթ, իսկ նորը ստորագրելու անհրաժեշտություն եթե լինի (հարցն էր այդպիսին` կա՞ նոր հուշագրի անհրաժեշտություն), այն ժամանակ քաղաքական ուժերը իրենց խոսքը կասեն: Իսկ ՀՀԿ-ի կառավարության ՀՀԿ-ական ղեկավար Տիգրան Սարգսյանն էլ, չորեքշաբթի, նույն ոգով լրագրողներին ասել էր, որ կոալիցիոն հուշագիրն ուժի մեջ է, ԲՀԿ-ն ստորագրել է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: ԲՀԿ-ականները, սակայն, նույնպես ժխտում են, որ բանակցություններ կան, համենայն դեպս երեկ ԱԺ ճեպազրույցներին նույն կերպ վարվեց Նաիրա Զոհարբյանը ` նշելով որ ոչ մի նոր, հին կամ կիսահին հուշագրի մասին բանակցություն չկա, ավելին` նա ասում էր, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիա չկա, ու դրանով ամեն ինչ ասված է: Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ Ծառուկյանի լռելու մասին էլ նկատեց, թե թողեք ԲՀԿ-ն որոշի նախագահական ընտրություններին ինչպես ենք մասնակցելու ձեւն ու այդ մասին հայտարարելու պահը` հավելելով իր անձնական տեսակետը, թե ճիշտ կլինի` սեփական թեկնածուով ու ճիշտ կլինի` այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը (ճիշտ է, այդ կարծիքի անձնական լինելու մասին մի հավելյալ անգամ հիշեցում արեց երեկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` մտորելու տեղիք տալով մերձքաղաքական շրջանակներին):

Այսպիսով` մի շաբաթ եւս անցավ, որը պարզություն չբերեց նախագահական թեկնածուների հարցին, ավելին, սա խորհրդարանական շաբաթ էր, որին այդպես էլ չմասնակցեց Գագիկ Ծառուկյանն` ավելի խորհրդանշանակություն հաղորդելով իր լռությանը:

Իսկ մնացյալը մտավարժանքներ են, որ կռում են լրագրողները` այս կամ այն ազդեցության, այս կամ այն նպատակի ֆոնին: Ու եթե այս կամ այն քաղաքական գործչին կարողանում են ստանդարտից դուրս հանել ու նրանից ինչ-որ հետաքրքրություն ներկայացնող «մատերիալ» պոկել, երջանկանում են մեր լրագրողները, քանի որ խմբագրին ներկայացնելու շատ թե քիչ հետաքրքրական ապրանք կունենան: Ահա այդպես երեկ Ն. Զոհրաբյանից պոկվեց «Տիգրան Սարգսյանը, ուրեմն մնում է ԱԺՄ-ական ու պետք է պաշտպանի Վազգեն Մանուկյանի թեկնածությունը» խոսքը, ի պատասխան չորեքշաբթի կոալիցիոն հուշագրի գործելու վերաբերյալ վարչապետի ասածի:

Դե իսկ ՀՅԴ-ն էլ նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը որոշելու է դեկտեմբերին կայանալիք գերագույն ժողովում, ընդհանրապես` աջակցելու է, որ համախմբվի ընդդիմադիր դաշտը հնարավոր թեկնածուի շուրջը, նախագահի թեկնածուի պակաս էլ այս կուսակցությունը չունի, այս մասին միայն կարողացան իմանալ լրագրողները ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանից , որպես հնություն-նորություն, ու ոչինչ ավելին: Ու անգամ ՀԱԿ-ը, որ մեկ-մեկ բան է փախցնում, երեկ Լեւոն Զուրաբյանի ձեւաչափով բան չավելացրեց նախագահի ՀԱԿ-ամետ թեկնածուի ինքնության մասին, քանի որ նա հղում էր անում բազմակուսակցական ՀԱԿ-ի քաղխորհրդի որոշմանը, ըստ որի, ի թիվս այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու, քննարկվել է նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցը` այդ հարցում որոշում կայացնելու վստահությունը փոխանցելով Տեր-Պետրոսյանին:

Մի խոսքովՙ ոչինչ ավելի, քան ողջ շաբաթ ասվում էր, չհաշված միմյանցից բաժանվելու կամ վիրավորվելու պահերի բացատրությունները: Ողջ շաբաթ «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ վերջնականապես տեղի ունեցած բաժանման վերաբերյալ լրագրողները փորձեցին ռեզյումե ստանալ «Ժառանգության» ներկայացուցիչներից. այնքան էլ չստացվեց, մի բան էլ` ավելի խճողվեց: Միայն մի նոր միտք հնչեցրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը , թե խմբակցության անդամը պետք է ներկայացնի խմբակցության շահերը, ու սա ավելի Ալիկ Արզումանյանի մասով էր, քանի որ Խաչատուր Քոքոբելյանի առումով հստակ է, որ նա «Ժառանգության» շահերը չի ներկայացնում: Իսկ ընդհանրապես` «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը շարունակվելու է (՞), քանի որ անձերով պայմանավորված «Ժառանգությունը» չի կարող խզել հարաբերությունները «Ազատ դեմոկրատների» հետ: Իսկ հին ժառանգական Զարուհի Փոստանջյանն , այնուամենայնիվ, գտնում է, որ բազմիցս պայմանավորվածություններ խախտած եւ իր պարտականությունները չկատարող Քոքոբելյանը չի կարող մնալ խմբակցությունում:

Դառնանք ՀԱԿ-ի, իսկ ավելի ստույգՙ Լեւոն Զուրաբյանի վիրավորվածությանը, քանի որ նրա այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը վերստին ընտրվելով կլուծի մյուս քաղաքական ուժերի հարցերը, կոշտ որակումներով պատասխանել էին ՀՀԿ-ականները: Լ. Զուրաբյանը դրանց անդրադառնալով` մի պահ պատկերավոր խոսքի անցավ, թե եթե պոռնիկը բարոյական մարդուն ասում է պոռնիկ, բարոյականը մնում է բարոյական, իսկ պոռնիկն ավելի է բացահայտում իր էությունը: Ասում ենք` լրագրողները ստացան ցանկալի նյութը ու վերահասցեագրեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին , թե ինչ կասեք: Նա էլ թե. «Մենք, իմիջիայլոց, նույնիսկ պոռնիկներին պոռնիկ չենք ասում: Մենք երբեք նախահարձակ չենք լինում: Մենք ընդամենը ցանկացած դեպքում հակադարձում ենք»:

Իսկ Օսկանյանին երեկվա ԱԺ ճեպազրույցներում ոչ ոք չհիշեց, ու նա էլ իր մասին նորից հիշեցրեց անձամբ` ֆեյսբուքի իր էջում սիրտ հովացնելով Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի փոփոխությունների մասին իր տեսակետները հայտնելով, թե «տնտեսական քաղաքականությունում մտածողության, ապաՙ կոնկրետ քաղաքականության շեշտակի փոփոխություններով միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը եւ երկիրը դնել կայուն զարգացման ճիշտ ճանապարհի վրա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4