«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2012-10-25 | #189, 2012-10-26 | #190, 2012-10-27


ՍԻՐԻԱՅՈՒՄ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ, ՈՉ ԹԵ ՀԱՍՏԱՏՎԵՑ

Դրա հարաբերական բնույթը կասկածի տակ է դնում երկարաձգման հավանականությունը

ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի նախաձեռնության համաձայն, նախորդ օրը սիրիական բանակն ու համանուն ընդդիմությունը կրակի դադարեցման որոշում ընդունեցին: Մինչ որոշման մասին Սիրիայի իշխանության անունից հայտարարում էր զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ «Ազատ Սիրիայի բանակի» անունից էլՙ Ազգային խորհուրդը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գրավոր հաղորդագրությամբ կոչ էր անում կողմերին ընդառաջելու Բրահիմիի նախաձեռնությանը, հանկարծ կողմերը զինադադարի որոշում ընդունելիս նախապայման առաջադրեցին միմյանց:

Սիրիայում Իդ ալ Ադհայի չորսօրյա տոներին նախատեսվող զինադադարը ուժի մեջ էր մտնում երեկ առավոտյան: Իշխանությունները դրա համար պահանջում էին, որ հարեւան երկրները արգելեն ահաբեկիչների ներթափանցումը Սիրիայի տարածք, վերապահելով իրենց հակահարվածի իրավունք վերջիններիս ամեն մի ոտնձգության դեմ: «Ազատ Սիրիայի բանակն» էլ զինադադարը հարգելու համար իշխանություններից պահանջում էր ազատ արձակել բանակի կալանված մարտիկներինՙ նախքան կրակի դադարեցումը:

Ի դեպ, այս բանակի առանձին խմբավորումներ, ինչպիսիք են իսլամ արմատական «Նուսրաթ» ճակատը, «Անսար ալ Իսլամին» եւ Սիրիայի հեղափոխական խորհուրդը, որոնք լինելով ընդդիմության շարժում, չեն ենթարկվում «Ազատ Սիրիայի բանակին», ի սկզբանե մերժել էին կրակի դադարեցման առաջարկը: Ավելին, «Ազատ Սիրիայի բանակի» վարձկանները, չնայած նախօրոք ընդունված որոշման, մինչեւ զինադադարի գործադրման վերջին պահը, շարունակում էին կռիվները Թուրքիային սահմանամերձ Ռաքքայում, Թել Աբիադում եւ Գենթարիայի շրջանում: Նրանք ներկայացնելով առգրավված երկու տանկը որպես «տոնական նվեր», գրոհում էին ռազմական օբյեկտների վրա, իսկ սիրիական բանակը ռմբակոծում այս վարձկանների դիրքերը:

Թեեւ երեկ առավոտյան զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո զգալի թուլացել է բախումների ուժգնությունը, սակայն դրանք այնուամենայիվ շարունակվել են, խլելով 7 մարդու կյանք դեռեւս օրվա առաջին կեսին: Ընդդիմությանն հարող սիրիական լրատվամիջոցներն ու Սիրիայի մարդու իրավունքների միությունը սպանությունների համար պատասխանատու են նկատում նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, թեՙ Հոմսում եւ Դամասկոսում կրակ է բացել խաղաղ ցուցարարների վրա:

Խնդիրը, սակայն, սոսկ ընդդիմությունը չէ, այլ ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչը, որն ուղղված լինելով ինչպես իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը, այնուամենայնիվ ընդգծում է, որ զինադադարի հաստատումը հատկապես վերաբերում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, որովհետեւ «ուժեղ կողմը հենց ինքն է»:

«Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով այս զարգացումներին, նշել էինք, որ ՍԻրիայում զինադադար չի հաստատվում, ոչ էլ կհաստատվի, քանի դեռ Արեւմուտքը հետամուտ է երկիրը հյուծելու, իսկ Ասադի վարչակարգինՙ կաթվածահար անելու քաղաքականությանը:

Զինադադարի պարագայում նկատի ունենք լիակատարությունը, որ հնարավոր լինի երկարաձգել հարատեւ դարձնելու հեռանկարով: Ինչպես երեւում է, Արեւմուտքը չի հրաժարվում որդեգրած քաղաքականությունից, այդ պատճառով էլ կրակի դադարեցումը Սիրիայում մասնակի բնույթ է կրում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի օրակարգից ամբողջովին հանել:

Այլ կերպ, հակառակ սիրիական ընդդիմության մեղադրանքներին, այս հեղհեղուկ եւ մասնակի բնույթի հարաբերական զինադադարով ժամանակ է շահում ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, այլ նրա վարչակարգին կաթվածահար անելու դիրքորոշում որդեգրած միջազգային ուժերը: Ի վերջո ԱՄՆ-ը զբաղված է առաջիկա նախագահական, Իսրայելըՙ խորհրդարանական ընտրություններով, իսկ Եվրոմիությանը ոչ մի կերպ չի հաջողվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4