«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2012-10-25 | #189, 2012-10-26 | #190, 2012-10-27


ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ՄԱՐՍԻ

Երբ որեւէ առիթով որեւէ երկրում հակահայկական ինչ-որ հայտարարություն է արվում, Ադրբեջանում չեն վարանում դրա մասին թմբկահարել, ընդ որում` ներկայացնելով այնպես, կարծես ընդունված փաստաթուղթը կամ արված հայտարարությունը համաշխարհային նշանակության են: Նմանապես բառացիորեն այլ լույսի ներքո է ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնում միջազգային ատյաններում «խավիարային» գործունեությամբ ձեռք բերվող, հենց ձեռք բերվող փաստաթղթերն ու հակաղարաբաղյան մոտեցումները` չվարանելով այդկերպ հարցերին լուծում տալ ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ եվրոպական կառույցներում:

Այս ամենն ու սեփական բացթողումները մի կողմ դրած, վերջերս Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու պատճառով աշխարհի շատ տերությունների դռներին ամոթով կանգնած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, սեփական անտրամաբանական մոտեցումների դրսեւորմամբ, անդրադարձել է Ավստրալիայի նահագներից մեկի` Նոր Հարավային Ուելսի «տեղական օրենսդիր մարմնի 1-2 ներկայացուցիչների» կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հանգամանքին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբՙ այդ երկրի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլմար Աբդուլաեւը հայտարարել է, թե ավստրալական «նահանգի տեղական օրենսդիր մարմնի մեկ-երկու ներկայացուցիչ ենթարկվող մեխանիզմ են դարձել հայկական սփյուռքի ձեռքին»: Սրա հետ մեկտեղ, Աբդուլաեւը ներկայացրել է, թե Ավստրալիան քանիցս «աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»` չճանաչելու դիրքորոշում արտահայտելով ԼՂ առնչությամբ:

Որ Ավստրալիայի կառավարությունը կարող է հլու-հնազանդ լինել Ադրբեջանի նավթային գրավչությանը, դա Աբդուլաեւը չի շեշտել, սակայն հայկական սփյուռքի գործունեության մեջ ներգրավված ավստրալացի օրենսդիրները անպայմանորեն անվանվել են «ձեռնասուն»: Ամեն դեպքում, Աբդուլաեւը նաեւ պաշտոնական Երեւանին մեղադրել է, թե վերջինս փորձում է «1-2 պատգամավորի» տեսակետը մատուցել որպես ԼՂՀ ճանաչում, ինչն «էժան տրյուկ է»:

Այս պարագայում բազմաթիվ տրյուկներ հեղինակող ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչը որոշակիորեն հենվել է հայկական որոշ լրատվամիջոցների ոչ ճշգրիտ տեղեկությունների վրա, որոնց համաձայն ԼՂՀ ճանաչման մասշտաբներն ավելի ընդգրկուն են, քան ընդունված փաստաթուղթը, որին անդրադարձել է նաեւ «Ազգը»: Ու թեեւ հայկական որոշ լրատվամիջոցներ առանձնակի բծախնդրությամբ չեն ներկայացրել լուրը, դա չի կարող նշանակել, թե Աբդուլաեւը չպետք է ծանոթանար բուն փաստաթղթին, որում, այո, նշվում է ճանաչման մասին, ավելին, ավստրալական կառավարությանն էլ կոչ է արվում նույնն անել: Ասել է թե Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, փորձելով ծաղրել հայկական կողմին, ինքն իրեն դրել է հիմարի վիճակի մեջ, ճիշտ այնպես, ինչպես դա անում է որեւէ լրատվամիջոց` տեղեկություններն առանց ճշգրտելու մատուցելիս:

Վ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4