ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Մեկը` Ռադիկ Սուլեյմանովը, ծնվել է հայկական Վարդենիսում ու երբ 12 տարեկան էր, ընտանիքով տեղափոխվել են Ադրբեջան. այժմ Բաքվում է ապրում եւ աշխատում է տեղական «Լիդեր» հեռուստաընկերությունում: Մյուսը` Ռաշադ Ջենափ Մեհդիեւը, հենց Բաքվում է ծնվել` բաքվեցիների ընտանիքում ու հիմա էլ բնականաբար ապրում է Ադրբեջանի մայրաքաղաքում, «անկախ լրագրող է» եւ գիրք է գրումՙ «Գիտությունների անունների լեզվաբանական բացատրությունների բառարան», ու սպասում է, որ Ադրբեջանի համապատասխան տեսչությունը հաստատի իր գիրքը տպագրության: Երրորդը Մեհման Մեհդիեւն է, որը ծնվել է ԼՂՀ մաս հանդիսացող Ջեբրայիլի շրջանում, տեսել է ղարաբաղյան պատերազմն ու ընտանիքով տեղափոխվել Բաքու, այժմ այնտեղ է ապրում եւ աշխատում է Հեյդար Ալիեւի հիմնադրամում` որպես PR տնօրեն: Չորրորդը` Ռաուֆ Օրուջեւը, ծնվել է Ռուսաստանում, զինվորականի ընտանիքում: Տանը խոսել են միայն ռուսերեն, ու ինքն էլ, չնայած արդեն 12 տարի ապրում է Ադրբեջանում, դժվարությամբ է խոսում ադրբեջաներեն, ավելին, ամեն ադրբեջանականը «չի համարում իրենը» եւ աշխատում է Բաքվի «Զերկալո» թերթի ռուսական բաժնում: Հինգերորդը Ջեյհուն Ալին է (լրիվ ազգանունը` Ալիեւ), ծնվել ու ապրում է Բաքվում, հրաշալի տիրապետում է ռուսերենին ու անգլերենին եւ աշխատում է ATV ադրբեջանական հեռուստաընկերությունում, ինչպես նաեւ... բայց այդ մասին ավելի ուշ:
Ամուսնացած է միայն Ռադիկը: Ընդհանուր առմամբ այս հինգ ադրբեջանցի երիտասարդները (նրանցից ամենամեծը` Ռաուֆը 41 տարեկան է) բնորոշում են նոր ադրբեջանական սերունդը, որի հետ, պարզվում է, կարելի է ու պետք է աշխատել:
Դատելով հանգամանքից, որ Ռադիկն ու Մեհմանը ծնվել են Հայաստանի ու ԼՂՀ տարածքներում, կարելի է եզրակացնել, որ նրանք ամենաթշնամաբարն են տրամադրված հայերիս հանդեպ: Իրականում այդպես չէ: Փաստորեն, հայերի նկատմամբ թշնամաբար ադրբեջանցին տրամադրվում է ոչ թե ելնելով ծննդավայրից, այլ միայն մեկ գործոնից` թե որտեղ է նա աշխատում: Օրինակՙ Վարդենիսում ծնված Ռադիկը մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էր, որ ինքը շատ է ցանկանում գալ իր ծննդավայր: Սակայն Ռադիկն, անշուշտ, հասկանում է իր այս հնարավոր քայլի հետեւանքներն իր համար, եւ նա սիրում է Ադրբեջանը, պատահական չէ, որ Ռադիկի ֆեյսբուքյան գլխավոր նկարում նա է ու Հեյդար Ալիեւը...
Վարդենիսցի ադրբեջանցին, ում այլ կերպ կարելի է ասել նաեւ «տեղահանված ադրբեջանցիների սերունդ», ամենեւին ատելություն չունի հայի ու հայկականի հանդեպ: Հնարավոր է, սա այն պատճառով է, որ Ռադիկն աշխատում է ընդդիմադիր անուն ունեցող հեռուստաընկերությունում, հետեւաբար գոնե ենթագիտակցորեն իրեն հետ է պահում «Ազերիպրոմի» քարոզչությունից: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ «ադրբեջանցի տեղահանվածների» երեխաները ատելություն չունեն հայերի նկատմամբ, եթե «համապատասխան վայրում չեն աշխատում»:
Այլ հարց է Բաքվի երիտասարդությունը. օրինակՙ Ռաշադ Ջենափ Մեհդիեւը: Ընդ որումՙ վերջինս ադրբեջանցի մտավորական ընտանիքից է, հիշեցնենք, որ չնայած երիտասարդ տարիքին, նա արդեն գրքի հեղինակ է, ճիշտ էՙ դեռեւս անտիպ: Ռաշադի հետ շփվելու երրորդ հնարավորությունն ունեցանք, ու պետք է նկատել, որ նա ինչպես առաջին հանդիպման ժամանակ էր` «չեզոք մեգապոլսցի», այնպես էլ հիմա. Ռաշադը շատ ավելի կարեւոր գործեր ունի, քան բանավեճերի մեջ ներքաշվելը, օրինակՙ համացանցով ընկերների հետ խոսելը, նկարներ տեղադրելը ու առհասարակ, ինչպես նրա համերկրացի ընկերներն էին իրեն բնորոշում` «գիտական գործունեությամբ» զբաղվելը:
Մյուս կողմից, սակայն, բաքվեցի Ռաշադը մինչեւ ուղնուծուծը հավատում է «ազերիպրոմին», սակայն այն «քաղաքային երիտասարդության» ներկայացուցիչներից է, որոնք զենքից ավելի մեծ հետաքրքրություններ ունեն: Հետեւաբար, Ռաշադի օրինակից ելնելով, մենք կարող ենք ենթադրել, որ բաքվեցի երիտասարդությունը ընդհանուր առմամբ լինելով «ազերիպրոմի» գերին, դրանով իսկ ապացուցելով, որ Ադրբեջանում գոյություն չունի «անկախ լրագրություն» ինստիտուտը, միեւնույն ժամանակ խաղաղ ու հանգիստ կյանքի կողմնակիցն է:
Ջեբրաիլցի Մեհման Մեհդիեւին հանդիպել եմ երկու անգամ. այս տարի նա որոշեց, ավելի ճիշտՙ նրա փոխարեն որոշեցին, որ չպետք է մասնակցի միջազգային սեմինարին Բաթումում: Հատկանշական է, որ առաջ, երբ Մեհմանը հաճույքով գալիս էր սեմինարներին, նա աշխատում էր Բաքվի հեռուստաընկերություններից մեկում ու դասավանդում էր Բաքվի պետական համալսարանում, հիմա, պահպանելով դասախոսի աշխատանքը, Մեհմանն, ինչպես վերը նշեցինք, աշխատանքի է անցել Հեյդար Ալիեւի հիմնադրամում ու այդ պատճառով դուրս եկել հեռուստատեսությունից: Մեհմանը տիպիկ ադրբեջանցի կարիերիստ է, որոնք սակայն բարձրանում են ոչ այնքան գիտելիքների, որքան անձնական կապերի, «այլ հանգամանքների», շողոքորթելու կարողության շնորհիվ:
Ավելորդ ենք համարում նշել, որ նրա կարծիքով Ղարաբաղը «ադրբեջանական տարածք է», դեռ մի բան էլ ավել, օրինակ` Վարդենիսը, որտեղ ծնված Ռադիկը, սակայն Վարդենիսը կոնկրետ ՀՀ պետական ու ազգային տարածք համարեց` «չնայած մեր գյուղում գրեթե բոլորը ադրբեջանցիներ էին»: Նշանակալից է նաեւ, որ եթե Մեհմանը` Ջեբրաիլից, «հիշում էր», թե «ինչպես են հայերն իրենց ստիպել, ճնշել, որ իրենք հեռանան հարազատ վայրերից», վարդենիսցի Ռադիկը «բռնաճնշումներ չի հիշում», չնայած Վարդենիսը լքել է 12 տարեկանում: Ինչեւէ, ելնելով Մեհմանի օրինակից, կարող ենք եզրակացնել, որ հարեւան երկրում կա երիտասարդության մի շրջանակ էլ, որի համար ճշմարտությունն այն է, որ ոչ թե տեսել են, այլ ասում են` իրենց իսկ անմիջական ղեկավարությունից լսածը, թեկուզ եթե դա որպես կանոն հակասում է իրենց իսկ տեսածին:
Ռուսաստանում, զինվորականի ընտանիքում ծնված ու մեծացած Ռաուֆը արմատապես տարբերվում է վերոհիշյալ բոլոր խմբերից: Նա չի ցանկանում խոսել ադրբեջաներեն` անգամ համերկրացիների հետ, քանի որ «ես չեմ կարողանում, սովոր չեմ ու չեմ սիրում ադրբեջաներեն խոսել», եւ մեզանից ավելի շատ բան գիտի, ու ավելի մեծ դժգոհություն ունի, իր իսկ բառերով ասած` «ընտանիքից». Ալիեւներից: Ի դեպ, ուշագրավ է, որ Ռաուֆը պատմեց, թե Ալիեւ ընտանիքի մեջ մտնում են նաեւ Փաշաեւները, իսկ «գործերը կարգավորողի, փողերը փոխանցողի, կոորդինացնողի գործառույթն իրականացնում է Քեմալեդդին Հեյդարովը», նույն ինքը` Ադրբեջանի արտակարգ իրավիճակների «արտակարգ» նախարարը, որը, Ռաուֆի խոսքերով, ազգակցական կապեր ունի Ալիեւների հետ, եւ ում մի անգամ «բոլորի ներկայությամբ ապտակել է Իլհամ Ալիեւը, քանի որ փողերը սեփականացրել էրՙ ոչ թե հավասարաչափ կիսել ընտանիքի միջեւ...»: Ռաուֆին ղարաբաղյան հարցը հետաքրքրում է այնքանով, որքանով նա այնտեղ հնարավորություն կունենա հերթական անգամ քննադատելու հայրենի իշխանություններին, որոնք, ըստ Ռաուֆի, «արհեստականորեն ձգձգում են ու պահում ղարաբաղյան թելը` ժողովրդին հնարավորինս միասնական պահելու համար»:
Մեկ այլ կարիերիստ` Ջեյհուն Ալին (Ալիեւը): Նրան հանդիպել եմ միայն մեկ անգամ` սեմինարի անցկացման միայն առաջին տարում: Ջեյհունը «կասկածելի լավ» տիրապետում էր ռուսերենին ու անգլերենին եւ պարբերաբար շփվում էր սեմինարավար գերմանացիների հետ` փորձելով պարզել սեմինարի անցկացման բուն նպատակը, նրանց հետագա ծրագրերը եւ այլն... Նա նաեւ իր` ադրբեջանական թիմի թարգմանիչն էր, ու ինչպես նկատելի էր անգամ մեզ, գործընկերներին թարգմանում էր ոչ ամբողջությամբ, այլ` ընտրովի... Հաջորդ սեմինարներին Ջեյհունը, ամենայն հավանականությամբ, սեփական գործառույթը կատարելով, էլ չեկավ. անգամ գերմանացի կազմակերպիչներն էին ենթադրում, որ նա Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ է, իսկ երբ մենք այդ մասին բարձրաձայնեցինք ադրբեջանցի այլ լրագրողների մոտ, նրանք... միայն ժպտացին:
Ի դեմս Ջեյհունի Ադրբեջանում մենք գործ ունենք նաեւ «ծպտյալ գործակալներ» երիտասարդների հետ:
Մի ուրիշ խմբի էլ պայմանականորեն տանք «ադրբեջանցի գյուղական երիտասարդություն անունը»: Այս խմբից ճանաչում եմ Ելհան Յուսիֆլիին: Նա երբեք հայերին չէր տեսել, հետեւաբար մենք նրա համար «թշնամի էինք», նա ամբողջովին գտնվում է «ազերիպրոմի» ճիրաններում, սակայն բնավորությամբ ազնիվ է, պրպտող, սեփական ճշմարտություն ստեղծող ու այն ճանաչող: Նա խիստ հայրենասեր է, ինչը, սակայն, չի խանգարում Ելհանին ճանաչել ու ընդունել, ինչպես ինքն էր «առաջ կարծում», «թշնամի հայերին», եւ «հաճելիորեն զարմանալ»:
Ահա, ընդհանուր առմամբ ադրբեջանցի երիտասադրությունը: Ավելի ճիշտՙ լրագրող երիտասարդությունը: Նրանց բոլորին թշնամի անվանել ու ամեն գնով, ամեն հարցում ու ամենուր բանավիճել, վիճել, իմաստ չունի, քանի որ նրանք իրենց երկրում ու միմյանց հետ արդեն իսկ բանավեճի մեջ են: Իսկ նրանց հետ, նրանցից շատերի հետ եւ ուղղությամբ աշխատել մենք կարող ենք եւ պարտավոր ենք, եթե, իհարկե, ցանկանում ենք ամրագրել մեր հաղթանակն ու ցույց տալ նրանց, որ չեն կորցնում այն, ինչը երբեք չեն ունենում... ուրեմն նրանք էլ չեն պարտվել:
Հ.Գ. Ադրբեջանցիներին հանդիպել ենք Վրաստանում երեք տարի անընդմեջ անցկացված միջազգային սեմինարի ընթացքում, որը կազմակերպել էր գերմանական Deuche Welle-ի ակադեմիան: