Երեւանում երեկ տեղի ունեցավ «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ եւ տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Վրաստանի, ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների խոշորագույն բանկերի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների եւ վճարային համակարգերի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով համաժողովի մասնակիցներին դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : «Մեր ազգի 2/3-ն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն», ասաց նա, ավելացնելով, որ գիտատեխնիկական զարգացումներըՙ նոր տեխնոլոգիաները, էլեկտրոնային համակարգերը, մեծապես կապված են այս ոլորտի հետ, ուստի Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում ինֆորմացիոն համակարգերի զարգացմանը եւ ընդհանրապես հեռահաղորդակցության բնագավառին: «Այս ոլորտում վերջին տարիներին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել եւ տարածաշրջանում առաջատար տեղեր ենք զբաղեցնումՙ ինտերնետ օգտագործողների քանակով, ինտերնետի գնով եւ երկրում ինտերնետի ապահովման ծածկույթով: Առաջիկա տարիներին Հայաստանում կիրականացվեն նաեւ այնպիսի բարեփոխումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան նաեւ դրամական փոխանցումների ոլորտի զարգացման վրա», նշեց վարչապետը:
Անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգինՙ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ կառավարությանը հաջողվել է կտրուկ ամրացնել այդ համակարգը: «Հայաստանն ունի ուժեղ բանկային համակարգ: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրներիՙ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր բանկային ոլորտին չդիպավ, քանի որ բարձր էին կապիտալի մակարդակը եւ լիկվիդայնությունը», ասաց նա:
Ա. Մ.