«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2012-10-25 | #189, 2012-10-26 | #190, 2012-10-27


ՃԱՆԻԿ ԵՎ ՍԱԹԵՆԻԿ ՉԱԳԸՐՆԵՐ

Ճանիկ Չագըրը ծնվել է 1879-ին: Պոլսի հայկական վարժարաններում իր նախնական ուսումը ստանալուց հետոՙ 1892-95 թթ. ուսանել է Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում: Ապա ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսո Ռոբերտ քոլեջում, որն ավարտել է 1900-ին: Նույն թվի նոյեմբերին մեկնել է Եգիպտոս, որտեղ պաշտոնավարել է «Վագոն լի» միջազգային ընկերությունում: Հետագայում (1925-ին) նշանակվել է նույն ընկերության Եգիպտոսի եւ Պաղեստինի ընդհանուր տնօրեն: Երկու տարի անցՙ նաեւ ընկերության Սիրիայի, Իրաքի եւ Պարսկաստանի ներկայացուցիչ: Իր աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ շքանշաններիՙ այդ թվում իր ազգային-եկեղեցական գործունեության համար նաեւ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանին:

Եգիպտոսում համայնքային գործունեությանց մասնակցել է 1912-ից: 1923-ին ընտրվել է ազգային պատգամավոր եւ 1924-54 թթ. ձեռնհասորեն վարել Կահիրեի թեմական ժողովի ատենապետությունը: Ճանիկ Չագըրը եղել է ՀԲԸՄ-ի հավատավոր ծառայող եւ ղեկավար անդամ: Կարեւոր դերակատարություն է ունեցել Բարեգործականի «Նուբար» մարզարանի հիմնադրության աշխատանքներում եւ նախագահել այդ մարզարանի եռանդամ ղեկավար մարմինը: Որպես գնահատանք հռչակվել է ՀԲԸՄիության պատվո անդամ: Մահացել է 1955 թվի հուլիսի 15-ին:

***

Կինըՙ Սաթենիկ Թոփալյան, ծնվել է Կ. Պոլսում 1889-ին: Սկյուտարի աղջիկների ամերիկյան քոլեջը մեկ տարի հաճախելուց հետո ծնողների հետ տեղափոխվել է Անգլիա, որտեղ 1913-15 թթ. Սաութպորտի մեջ հետեւել է մարմնամարզական վարժարանի դասընթացներին եւ վկայվել որպես մարմնամարզության մասնագետ-ուսուցչուհի: Կարճ ժամանակ որպես ուսուցչուհի պաշտոնավարելուց հետոՙ 1919-ին Մանչեսթրի մեջ ամուսնացել է Ճանիկ Չագըրի հետ եւ փոխադրվել Կահիրե:

Եգիպտոսում գործոն դեր է ունեցել զանազան բարեսիրական միությունների մեջ, մաս կազմել Եգիպտոսի միջազգային մարմնամարզական միության կենտրոնական վարչության: Հովանավորել է Հայ արենուշների միությունը եւ ստանձնել նախագահությունը միջազգային «Գըրլ Գայդերի» հայկական մասնաճյուղի: Արվեստի հակումներ ունենալով հետեւել է նկարչական դասընթացների եւ որոշ շրջան արտադրել նկարչական տարբեր բնույթի գործեր:

Մայրը եւ եղբայրները Ալեքսանդրիայում հայոց Շաթբիի գերեզմանատան մեջ 1925-27 թվերին կառուցել են Ս. Գեւորգ մատուռըՙ ի հիշատակ իրենց ամուսնու եւ հորՙ Գեւորգ Թոփալյանի:

Սաթենիկ Չագըրը արդեն պատկառելի տարիքում (87տ.), 1976-ի մարտին, իր եղբոր` Հակոբ Թոփալյանի հետ խորհրդակցելուց հետո, որոշել է Կահիրեի Զամալեք թաղամասի իր առանձնատունը եւ դրան հարող հողատարածքը (շուրջ 4097 քառ. մ) նվիրել ՀԲԸՄ-ին:

Բարերարուհին վախճանվել է 1982-ի մայիսին (նվիրատվությունից վեց տարի անց):

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. Բարերարուհի Սաթենիկ Չագըր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4