Հայտնի երաժիշտ Գեւորգ Գասպարյանը Մանկավարժական պետական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ է. հարազատ բուհում նվագում է Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործությունը:
Հայաստանում բանդոնեոն գործիքի միակ կատարող Գեւորգ Գասպարյանի նման տարիներ անց կրկին Մանկավարժականի բեմում է Արթուր Մանուկյանը : Շվի, դուդուկ, զուռնա. Արթուրի վստահ ձեռքերում երեկոյի ընթացքում բեմում հնչում են մի քանի ժողովրդական գործիքներ: Գիտելիքներ, փառատոների մասնակցություն, ճանաչում. այսօր արդեն երաժշտական դպրոցի մանկավարժը շտապում է նշել` այդ ամենը հարազատ բուհի շնորհիվ է:
Երաժիշտներին շատերի նման Մանկավարժական համալսարան է բերել բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումը. կուլտուրայի ֆակուլտետում արդեն երեք օր` մշակութային եռուզեռ է: Եռօրյա համերգային ծրագիրը մեկնարկեց պարարվեստի մանկավարժության բաժնի պարային համույթի ելույթով, շարունակվեց ռեժիսուրայի բաժնի թատերական խմբի «Կիլիկիո արքա» ներկայացմամբ:
Միջոցառումների շարքը եզրափակեցին երաժշտության բաժնի փողային եւ ժողգործիքների նվագախմբերը:
Համերգը մեկնարկեց համալսարանի շրջանավարտ Մամիկոն Բադալյանի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործության կատարմամբ, որին հաջորդեց ամբիոնի ժողգործիքների նվագախմբի ելույթը: Նվագախմբի ղեկավար, դոցենտ Լեւոն Ավագյանի ղեկավարությամբ հնչեցին «Էքսպրոմտ», «Արտ մը ունիմ», «Պարային սյուիտ» ստեղծագործությունները:
Համերգի երկրորդ մասում փողային նվագախումբըՙ ղեկավար Կոլյա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արթուր Պոլոնսկու, Գեորգի Սվիրիդովի ստեղծագործություններից:
Հանդիսատեսին հաճելիորեն զարմացրեց Կոմիտասի «Ալ այլուղս» եւ «Լորիկ» ստեղծագործությունների սաքսոֆոնային գործիքավորումը:
Կոմիտասագետի ընտանքիում մեծացած, «Սաքսոֆոնահարների քառյակ»-ի ղեկավար, ամբիոնի դասախոս, դոցենտ Սեւադա Շհոյանը նկատում է. «Կոմիտասը երազում էր, որ իր ստեղծագործությունները հնչեն նաեւ սաքսոֆոնով: Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ մենք որոշեցինք հանդես գալ հազվադեպ հանդիպող հենց այս համարներով»:
Միջոցառման մտահղացման հեղինակ, Փողային նվագախմբի բաժնի շրջանավարտ, Կուլտուրայի ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեւորգ Թադեւոսյանը համերգը համարում է կայացած: Փակագծերը չի բացում, բայց խոստանում է հանդիսատեսին նոր`ավելի մեծ անակնկալ է սպասվում:
Համերգի ավարտին երաժշտության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր գործիչ Արա Գեւորգյանը եւս մեկ անգամ շնորհավորելով աբովյանականներին, Համալսարանի 90-ամյակի միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար պատվոգրեր հանձնեց մի շարք դասախոսների, ուսանողների եւ շրջանավարտների:
Նշենք, որ եռօրյա միջոցառումների ընթացքում կուլտուրայի ֆակուլտետի նախասրահում ցուցադրվեցին գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների լավագույն աշխատանքները: