Այս տարվա հոկտեմբերի 18-ից 21-ը Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում կայացավ «Հայ մշակույթի օրեր» ձեռնարկը, որն արդեն ավանդական է դառնում, յուրաքանչյուր տարի նվիրվելով հայ իրականության որեւէ կարեւոր տարեդարձի: Այս տարվա մշակույթի օրերը նվիրված էին հայոց գրատպության 500-ամյա հոբելյանին:
Բացման մեծ համերգը կայացավ Շտուտգարտի «Լիեդերհալեի» «Մոցարտ» դահլիճում: «Հայ մշակույթի օրերի» գլխավոր կազմակերպիչ եւ Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը ողջունեց ներկա շուրջ 500 հյուրերին, որոնց թվում կային բազմաթիվ քաղաքական եւ եկեղեցական գործիչներ, Բադեն-Վյուրտեմբերգի գրողների միության անդամներ, գերմանական բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաներին նա ողջունեց հետեւյալ խոսքերով` «Ես սիրում եմ իմ Հայաստանը, ես սիրում եմ իմ Գերմանիան եւ ցանկանում եմ մեր երկու երկրների միջեւ մշակութային կամուրջ կառուցել: Հայ մշակույթի օրերը Շտուտգարտում առիթ են հանդիսանում ավելի լավ ճանաչելու միմյանց, հայ եւ գերմանացի արվեստագետների միջեւ համագործակցությունը զարգացնելու եւ մեր ժողովուրդների բարեկամական կապը զարգացնելու համար»:
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերամանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Պեքճեանը , Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն. Արմեն Մարտիրոսյանը , որը Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետության եւ իրենց գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար, նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանի համաձայն, Կոմիտասի անվան ոսկե մեդալներ շնորհեց վաստակավոր դիրիժոր Ռուբեն Ղազարյանին , օպերային հայտնի երգչուհի Կարինե Բաբաջանյանին , վաստակավոր դաշնակահար Վարդան Մամիկոնյանին :
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Բադեն-Վյուրտեմբերգի ինտեգրացիաի փոխնախարար պրն. Մանֆրեդ Շտեհլեն, որ բարձր գնահատեց հայ մշակույթն ու արվեստը եւ շեշտեց, որ հայերը Բադեն-Վյուրտեմբերգում օտար չեն, այլ հանրության փոքր բայց կարեվոր մի մաս:
Համերգային ծրագիրը, որը մաս կազմեց նաեւ «100 համերգ Ցեղասպանության հիշատակի 100 -րդ տարելիցին» ծրագրին, կազմված էր հայ եւ արեւմտաեվրոպական երաժշտական արվեստի նմուշներից: Հայլբրոնի Վյուրտեմբերգյան Կամերային նվագախումբը Ռուբեն Զազարյանի ղեկավարությամբ ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Ֆանտազիան» դաշնամուրի եւ նվագախմբի համար: Որպես մենակատար հանդես եկավ Վարդան Մամիկոնյանը: Իտալացի նշանավոր կամպոզիտոր Օտորինո Ռեսպիջիի «Իլ Տրամոնտո» ստեղծագործությունը ներկայացվեց նույն նվագախմբի եւ անվանի երգչուհի Կարինե Բաբաջանյանի կատարմամբ: Համերգի երկրորդ մասում հնչեց հայ կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի սիմֆոնիան: Ցավալի զուգադիպությամբ այս կատարումը մեծանուն կոմպոզիտորի մահից հետո առաջինն էր:
Համերգի թողած տպավորության ու կատարողական մակարդակի մասին կարելի էր կարծիք կազմել գերմանացի ունկնդրի խիստ բարձր գնահատականներից եւ դահլիճի հոտնկայս ծափահարություններից:
«Հայ մշակույթի օրերի» ընթացքում տեղի ունեցան մի շարք դասախոսություններ, պատմամշակութային ծրագրեր, գրքերի շնորհանդեսներ: Այսպես, հոկտեմբեր 18-ին Գերմանահայոց թեմի առաջնորդական փոխանորդ Սերովբե վրդ. Իսախանյանը ներկայացրեց «Վանքեր, եկեղեցիներ, հուշարձաններ» վերնագրով դասախոսությունը, որի ընթացքում գերմանացի ունկնդրողին ներկայացվեց Հայ առաքելական եկեղեցին եւ հայաստանը իր գանձերով:
Հոկտեմբեր 19-ին Բադեն-Վյուրտեմբերգի պատմության տանը ցուցադրվեց ռեժիսոր Կլաուս Զինգերի «Հաջորդ տարի Արարատի մոտ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է հայ իրականության մասին գերմանական Սփյուռքում եւ Հայաստանում: Նույն օրը Սիլվինա Տեր-Մկրտչյանը եւ Ելկե Հարտմանը ներկայացրեցին «Խոր ծովի ձուկը» պատմա-արվեստագիտական նախագիծը, որը ներկայացնում էր հայերի պատմությունը օսմանական կայսրությունում: Իսկ նույն օրվա երեկոյան Մյունխենի «Անուշ» պարախումբը հանդես եկավ հայ ժողովրդական եւ ավանդական պարերով Լուդվիգսբուրգ քաղաքի «Մուզիկհալե» համերգային սրահում:
Հոկտեմբեր 20-ին մշակույթի օրերի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու հայոց լեզվի եւ հայկական պարերի դասընթացներին: Հետաքրքրականն այն էր, որ գրեթե բոլոր մասնակիցները գերմանացիներ էին: Նույն օրը շվեցարացի դերասանուհի Դիանա Կրյուգերը գերմաներենով պատմեց Հովանես Թումանյանի հեքիաթներից, որոնք գերմանացի հանդիսատեսի մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեցին: Բավականին մեծ արձագանք գտավ նաեւ Գերմանիայի Աստվածաշնչյան ընկերության հետ կազմակերպված «Մաշտոց եւ Լութեր, Աստվածաշնչի երկու թարգմանիչներ» խորագրով գիտա-հանրամատչելի քննարկումը, որին մասնակցեցին պրոֆ. Դր. Արմենուհի Դրոս Աբգարյանը, պրոֆ. Դր. Խաչիկ Ղազարյանը, տիկին Ինգրիդ Ֆելբեր-Բիշոֆը եւ Ռալֆ Տոմաս Մյուլերը: Աննկարագրելի բնական եւ գերիչ համերգով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների երիտասարդ համույթը: (Այս մասին «Ազգը» գրել է նախորդ համարում-խմբ.):
Հոկտեմբերի 21-ի առավոտյան, Շտուտգարտի կենտրոնական «Լութեր» եկեղեցում, մատուցվեց Սուրբ պատարագ, որի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ Սուրբ Պատարագի երգեցողությունը հնչեց շտուտգարտի գերմանական «Բախ» երգչախմբի եւ Գեղարդավանքի երգչախմբերի համատեղ կատարմամբ:
Նույն օրը տեղի ունեցան երկու գրքի շնորհանդեսներ: Բենիամին Եհմալյանը ներկայացրեց իր «Խավարի միջով» կենսագրական գրքի գերմաներեն թարգմանությունը, իսկ գերմանացի պատմաբան Դր. Պետեր Հալֆտերը ներկայացրեց «Artsakh: Garden of Armenian Arts and Traditions» գիրքը:
Մշակույթի օրերը ավարտվեցին Շտուտգարտի կենտրոնական եկեղեցում, միջեկեղեցական արարողությամբ եւ Սուրբ Գեղարդ վանքի երգչախմբի համերգով:
Սուրբ Գեղարդ վանքի երգչախումբը բարձր մակարդակով ներկայացրեց հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտությունը: Ունկնդրի հիացմունքի եւ զարմանքի արտահայտությունը, ինչպես նաեւ երկարատեւ հոտնկայս ծափահարությունները խոսում էին համերգի եւ ընդհանրապես Շտուտգարտի «Հայ մշակույթի օրեր» ձեռնարկի բացառիկ հաջողության մասին: