«Վահան Քարտաշյան» մրցանակը ամեն տարի շնորհվում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին (Հայ դատի) իր գործունեությամբ աջակցող մի անձնավորության, որ երկար տարիներ նվիրումով ծառայել է ամերիկահայ համայնքին, մասնավորապես եւ հայերին ու Հայաստանին ընդհանրապես: Մրցանակը կրում է «Եյլ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Վահան Քարտաշյանի անունը, որովհետեւ թողնելով Նյու Յորքում իր հաջողակ իրավաբանական գրասենյակըՙ նա նվիրվել է Հայ դատի խնդիրներին եւ հիմնել «Հայաստանի անկախությանը նպաստող ամերիկյան կոմիտեն» (ACIA), որը հետագայում վերածվել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA): Մրցանակին անցյալում արժանացել են Սթիվեն Դուլգարյանը, Ռութ Թոմասյանը, Թաթուլ Սոնենց-Փափազյանը եւ ուրիշներ:
Այս տարի ANCA-ի արեւելյան շրջանի վարչությունը որոշել է մրցանակը շնորհել պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանին: Ըստ Մասաչուսեթսից ստացված մամլո հաղորդագրությանՙ մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Հայ դատի արեւելյան շրջանի մասնաճյուղի 6-րդ տարեկան խրախճանք-հանդիսության ժամանակՙ դեկտեմբերի 1-ին Նյու Ջերսիի «Շերատոն Կրոսրոուդ» հյուրանոցում:
Հ. Ծ.