Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հուշ-երեկոՙ նվիրված հայ մեծահարուստներՙ Թբիլիսիում թատերական արվեստի զարգացման նվիրյալներ, արվեստի երկրպագու հայր եւ որդի Եգոր եւ Իսայի Պիտոեւներին: Հուշ-երեկոյի նախաձեռնողը եւ կազմակերպիչն էր երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան :
Լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության, մտավորականության ներկայացուցիչներ, ովքեր եկել էին ավելի մանրամասն լսելու Պիտոեւ ընտանիքի մասին, որի անվան հետ է կապված Հայ արտիստական ընկերության գործունեությունը Թբիլիսիում եւ Գոլովինսկու պողոտայի վրա կառուցված Արտիստական ընկերության թատրոնի շենքի շինարարությունը:
Երեկոյի վարողՙ երաժշտագետ, արվեստաբանական գիտությունների դոկտոր Մարիա Կիրակոսովան ներկաներին հանգամանորեն ներկայացրեց ազնվական, հայտնի արդյունաբերող Եգոր Պիտոեւի, նրա որդի մեծահարուստ Իսայի Պիտոեւի եւ նրա ընտանիքի կյանքի անցած ճանապարհի, թատերական արվեստի նկատմամբ տածած մեծ սիրո, Արտիստական ընկերության ստեղծման եւ գործունեության մասին: Զեկուցողը մանրամասն պատմեց Արտիստական ընկերության սկզբնական շրջանում զբաղեցրած շինության եւ այնուհետեւ Իսայի Պիտոեւի միջոցներով հատուկ կառուցված թատրոնի հրաշալի շենքի մասին, որտեղ ներկայումս գործում է Ռուսթավելու անունը կրող պետական ակադեմիական դրամատիկական թատրոնը:
Երաժշտագետի բովանդակալից եւ հետաքրքրական դասախոսությունը համեմված էր դասական երաժշտության գեղեցիկ համարներով եւ հոգեհմա բանաստեղծությամբ, որ հնչեցրին շնորհաշատ երգիչներ Սվետլանա Տատոեւան եւ Գիորգի Գաբելաիան, դաշնակահար Վիտալի Կամալովը, ջութակահար Սուսաննա Կամալովան եւ բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան: