Արաքս Մանսուրյանն ու Լիզա Բելլը բարեգործական համերգ տվեցին Լոս Անջելեսում
Բարեգործական ուշագրավ իրադարձությունը, որ օրերս արձանագրվեց Լոս Անջելեսի մշակութային կյանքում, աշխարհահռչակ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եւ նրա աշակերտուհի, Ավստրալիայի լավագույն սոպրանո Լիզա Բելլի համերգն էր Լոս Անջելեսի իրանահայերի միության դահլիճում: Միջոցառումը նախաձեռնել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Օպերային երկու աստղերը ներկայացրին Կոմիտասի, Բելլինիի, Գերշվինի ստեղծագործություններից: Ամերիկահայ հանդիսատեսը բուռն հիացմունքով ընդունեց հատկապես Կոմիտասի «Կռունկը» ավստրալուհու հուզիչ ու բարձրարվեստ կատարմամբ:
Արաքս Մանսուրյանն այսօր դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում` ներկայացնելով հայկական երգարվեստը: Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երգիչ-երգչուհիների երգացանկում հայտնվել են Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի ստեղծագործությունները: Լիզա Բելլը ամենատաղանդավոր ուսանողներից է, որ հայկական երգարվեստին ծանոթությունը, իր հանրահայտ ուսուցչուհի Արաքս Մանսուրյանի հանձնարարականով, սկսել է Կոմիտասից: Ուսումնասիրել է հայոց պատմությունն ու բառ առ բառ թարգմանել Կոմիտասի բոլոր երգերը, իր բնորոշմամբ` «որպեսզի հասկանա նրանց զգայական ոգին, հոգեկան կապ ստեղծի նրանց հետ» ու նոր միայն փորձի մեկնաբանել այդ ստեղծագործույթունների ոգին ու շունչը:
«Իմ բոլոր ուսանողները Կոմիտաս են երգում, Ավստրալիայում հայկական երգը հնչում է իմ բոլոր ուսանողների շուրթերից, թեեւ ավստրալացու համար շատ դժվար լեզու է հայերենը: Վերջերս ինդոնեզացի մի աղջիկ իր ավարտական քննությանը պարզապես հրաշալի ներկայացրեց Կոմիտասի «Օրորոցայինը» եւ «Զուլոն»: Դրանց տեսագրությունը տանելու եմ Հայաստան եւ ներկայացնելու հեռուստատեսությամբ»:
Հարցին, թե Հայաստան վերադառնալու մտադրություն արդյոք չունի՞, Արաքս Մանսուրյանը պատասխանեց. «Այդ միտքն ամեն օր ինձ հետ է, ամեն օր երազում եմ այդ մասին, ես ինձ հիմա էլ հյուր եմ համարում Ավստրալիայում:Նույնիսկ 90-ականների մութ ու ցուրտ օրերն եմ կարոտում: Հարցը ամուսինս է, նա եգիպտահայ է, շատ տաղանդավոր փորագրիչ-դիզայներ, բայց ես չգիտեմ, թե նա ինչպես կընդունի Հայաստանում ապրելու իրողությունը»:
Բարեգործական համերգի հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ հայաստանցի երեխաների բուժման ֆոնդին: Անչափ հուզիչ է, որ Լիզա Բելլն ինքն էլ վերապրել է այս ծանրագույն հիվանդությունը եւ ընդամենը վերջերս է տարել հերթական վիրահատությունը: Դեռեւս լիովին չապաքինվածՙ նա համերգային ելույթ ունեցավ իր ուսուցչուհի Արաքս Մանսուրյանի հետ եւ դեռ մտադիր է նոյեմբերին շարունակել ելույթները Հայաստանում: Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը նամակով ողջունել էր Լիզա Բելլի հուզիչ ուղեւորությունը Լոս Անջելես, իսկ հետո` նաեւ Հայաստան:
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ