«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2012-10-26 | #190, 2012-10-27 | #191, 2012-10-30


ԱՔՉԱՄԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ

Օսմանյան կայսրության արխիվները խիստ կարեւոր են Հայկական ցեղասպանության ուսումնասիրության համար: Քչերն են ծանոթ այդ տարեգրություններին, եւ այդ քչերի թվում Թաներ Աքչամն առանձնանում է որպես առաջին գիտնականներից մեկը, որ հրապարակայնորեն ընդունելով կատարված ցեղասպանության փաստըՙ սկսեց լրջորեն ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի իրադարձությունները եւ հրատարակել արժեքավոր հատորներ:

Հոկտեմբերի 18-ին Նյու Յորքի հայկական եկեղեցու արեւելյան թեմի հանդիսությունների դահլիճում նա հասարակությանն է ներկայացրել իր նորագույն հատորը, որը կրում է «Երիտթուրքերի ոճրագործություններն ընդդեմ մարդկության: Հայերի ցեղասպանությունը եւ էթնիկական զտումները Օսմանյան կայսրությունում» վերնագիրը:

ՀԲԸՄ Արարատի, ՔԱՐՍ-ի, Եսայան-Կեդրոնականի եւ Դպրեվանքի շրջանավարտների միության, Հայ տան, Վարդանանց ասպետների եւ դուստրերի, ինչպես նաեւ Թեքեյան մշակութային միության ասոցիացիայի հովանավորությամբ անցկացված երեկոն բացել է թեմական խորհրդի նախագահ Օսկար Թադոսյանը, որից հետո ելույթ է ունեցել մրցանակակիր գրող Փիթեր Բալաքյանը: Վերջինս կարեւորել է Աքչամի լուման ցեղասպանության ուսումնասիրությունների բնագավառում, նշելով, որ նա այդ ուսումնասիրությունները լրացնում է թուրքական արխիվների բացահայտմամբ:

Անցյալի դեպքերին քննադատաբար վերաբերվող եւ օսմանյան արխիվներում մինչեւ օրս գաղտնի պահված փաստերը բացահայտող Աքչամի գրքի կենտրոնական թեման բնակչության վիճակագրությունն էՙ ժողովրդագրական քաղաքականության կապը հայերի դեմ գործադրված բարբարոսությունների հետ:

Ըստ այդ առթիվ ստացված մամուլի հաղորդագրությանՙ երեկոյի ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել մտերմիկ զրույց ունենալու Թաներ Աքչամի հետ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4