«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2012-10-26 | #190, 2012-10-27 | #191, 2012-10-30


ԱՆԻՄԱՑԻՈՆ ՏՈՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՏՈՎ

Անիմացիոն տոն տեղի կունենա Երեւանում նոյեմբերի 3-9, քանի որ մեկնարկում է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը: Բացումը տեղի կունենա ֆրանսիական անիմացիոն «Նկարը» ֆիլմի պրեմիերայով:

Անիմացիայի սիրահարներին հնարավորություն կընձեռվի ֆիլմերը դիտել ինչպես դահլիճում, այնպես էլ բացօթյա պայմաններում` Սիրահարների այգում:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը , անդրադառնալով փառատոնին, ասաց. «Մշակույթի նախարարության համար այս փառատոնը պարզապես մշակութային միջոցառում չէ, այլ շատ լուրջ ռազմավարական հենակետ` պետական մշակութային քաղաքականության իրականացման գործընթացում: Այս նախաձեռնությունը Հայաստանի համար շատ կարեւոր է, քանի որ ինչպիսի մուլտֆիլմեր այսօր կստեղծվեն, կներկայացվեն ամենապահանջկոտ հանդիսատեսին` երեխաներին, այդպիսի հասարակությունում մենք կապրենք վաղը»:

Այս տարի փառատոնը հյուրընկալում է անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից, որոնք տեղական ժյուրիի հետ կորոշեն այս տարվա հաղթող ֆիլմերը, ինչպես նաեւ կանցկացնեն սեմինարներ ու վարպետության դասընթացներ:

Այս տարի փառատոնին ներկայացվել է մոտ 400 ֆիլմ` աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներից: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, ինչպես նաեւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, Խնկո Ապոր մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, «Թումո» կենտրոնում եւ «Այբ» կրթահամալիրում:

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին այս տարվա փառատոնը հաղթանակած է համարում նրանով, որ աշխարհի ամենամեծ փառատոներից «Անսիի» տնօրեն Տիցիանա Լոսքին արդեն դարձել է «ՌեԱնիմանիայի» խորհրդի անդամ, ինչպես նաեւ «Էքսոլիուս»-ի տնօրեն Մաքս Հաուարդը, իսկ խորհրդի երրորդ անդամը Շոտլանդիայի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Սուզի Վիլսոնն է. «Այս տարի առաջին անգամ կմեկնարկի Work-in-Progress ծրագիրը, որը հայ անիմացիոն գործիչներին հնարավորություն կընձեռի ներկայացնել իրենց նոր, ինչպես նաեւ անավարտ աշխատանքները եւ գտնել ֆինանսավորողներ, որոնք կօգնեն ավարտին հասցնել իրենց աշխատանքը»:

Կինոփառատոնի հիմնադիրը, ամփոփելով անցած 3 տարիները, ասաց, որ կազմակերպած վարպետության դասընթացներին մասնակցել է 175 երիտասարդ, 11-ը մեկնել է արտասահման, 5-ը մասնակցելու է Տալլինի անիմացիոն փառատոնին, իսկ 5 երիտասարդ մեկնել է Գերմանիա` Շտուտգարտի անիմացիոն փառատոնին»:

«ՌեԱնիմանիա» փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանն էլ իր հերթին ներկայացրեց կինոփառատոնի ծրագրերը. «Ունենք 6 մրցույթային ծրագիր` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, հեռուստատեսային գովազդ, ինչպես նաեւ մանկական ընտրություն: Փառատոնը համագործակցում է նաեւ Խնկո Ապոր գրադարանի հետ, որտեղ կցուցադրվեն մանկական ֆիլմերը:

Հատկանշական է, որ փառատոնի շնորհիվ նախորդ տարիներին Երեւան են ժամանել աշխարհահռչակ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են «Ուորներ Բրադերս» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստուդիայի նախկին նախագահ եւ «Դիսնեյ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ստուդիայի փոխնախագահ Մաքս Հաուարդը, որը «ՌեԱնիմանիա»-ի խորհրդի նախագահն է, Անսիի անիմացիոն փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին, «Շտուտգարտի» փառատոնի տնօրեն Ուլրիխ Վեգենաստը, հայտնի անիմատորներ իտալացի Ֆեդերիկո Վիտալին, ֆրանսիացի Միշել Օսելոն, եգիպտացի ամենահայտնի կին-անիմատոր Շվեյքեր Խալիֆան, ճապոնացի անիմատոր Յոշիհարու Աշինոն, անիմատորներ Բրազիլիայից, Թուրքիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից եւ այլոք:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4