«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2012-10-26 | #190, 2012-10-27 | #191, 2012-10-30


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իրենց հերթական հաղթանակները տոնեցին չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներ «Միկան» եւ «Շիրակը»: «Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Փյունիկին»: Առաջնության առաջատարի համար շատ արդյունավետ ստացվեց 1-ին խաղակեսի վերջնամասը: 39-րդ րոպեին ձախ թեւից Աղվան Մկրտչյանի փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց «Միկայի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը: 3 րոպե անց անհատական բարձր վարպետությամբ աչքի ընկավ Վարդգես Սաթումյանըՙ խփելով 2-րդ գոլը:

Ընդմիջումից հետո «Փյունիկը» զգալիորեն ակտիվացավ ու սկսեց սպառնալ մրցակցի դարպասին: Վտանգավոր մի քանի պահերից հյուրերն օգտագործեցին միայն մեկը: 72-րդ րոպեին Դավիթ Մանոյանը կրճատեց հաշիվը: Ավելին անել «Փյունիկին» չհաջողվեց: Հերթական հաղթանակը տոնելով, «Միկան» շարունակեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Ժոլտ Հոռնյակ («Միկա») - Անկախ կազմից, «Փյունիկը» մշտապես ուժեղ մրցակից է յուրաքանչյուր թիմի համար: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սաներիս լավ խաղի համար ու շնորհավորել հաղթանակի առթիվ: Առաջին խաղակեսի վերջնամասում թիմը ցույց տվեց իր լավագույն խաղը: Ափսոս միայն, որ Նարեկ Բեգլարյանը չիրացրեց գոլային շատ հարմար պահը: Ընդմիջումից հետո «Փյունիկը» փոխարինումների շնորհիվ զգալիորեն վերակենդանացրեց թիմային գործողություններն առջեւի գծում եւ մի քանի անգամ սպառնաց մեր դարպասին: Սակայն մեզ հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Ցավոք ծանր վնասվածք ստացավ Արեգ Ազատյանը: Մեր 3 փոփոխություններն էլ ստիպողական էին: «Միկան» այս խաղում էլ բնավորություն դրսեւորեց:

Սուրեն Չախալյան («Փյունիկ») - Շնորհավորում եմ «Միկային» հաղթանակի առթիվ: Մենք 2 տարբեր խաղակեսեր անցկացրինք: Առաջինում թիմը վատ խաղաց ու դրա արդյունքում 2 գոլ բաց թողեց: 2-րդում տղաներն ավելացրին, գոլային պահեր ստեղծեցին, բայց պարտությունից չկարողացան խուսափել:

«Շիրակն» էլ Գյումրիում վստահ հաղթանակ տոնեց «Գանձասարի» նկատմամբՙ 2-0: Խաղասկզբում Անդրանիկ Բարիկյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը, իսկ 2-րդ խաղակեսում Ֆոֆանա Բեկոն կրկնապատկեց հաշիվը: «Շիրակը» շարունակում է հետապնդել «Միկային», որից մեկ խաղ պակաս է անցկացրել, իսկ կորցրած միավորներով հավասարվել է առաջատարին:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում առաջնության 2 հետնապահներիՙ «Արարատի» եւ «Բանանցի» մրցավեճն Աբովյանում: Վերջին շրջանում իր խաղը զգալիորեն կարգավորած եւ վերելքով հանդես եկող «Արարատը» կարեւոր հաղթանակ տոնեց: Հանդիպման ելքը վճռեց խաղասկզբում արարատցի Ավետիք Կիրակոսյանի խփած միակ գոլը: «Արարատը» 3 միավորով առաջ անցավ «Բանանցից»:

Վերջին հանդիպումներում անհաջող է խաղում «Իմպուլսը», որն «Ուլիսի» հետ խաղում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: «Ուլիսը» դեռեւս առաջին խաղակեսում Արտակ Գրիգորյանի եւ Արսեն Բալաբեկյանի ջանքերով 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը: «Իմպուլսին» միայն խաղավերջում հաջողվեց կրճատել հաշիվըՙ 2-1: Աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանըՙ խփելով 15-րդ գնդակը:

Խաղի մասին մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

Կարեն Բարսեղյան («Ուլիս») - Բավականին հետաքրքրական խաղ ստացվեց, որը կարելի է 2 մասի բաժանել: Առաջին խաղակեսում մենք ունեցանք գոլային պահեր եւ օգտագործեցինք դրանք: 2-րդ խաղակեսում թիմը հետ քաշվեց, ուներ լավ հակագրոհներ կազմակերպելու հնարավորություններ, սակայն չօգտագործեցինք ու կարող էինք նույնիսկ ձեռքից բաց թողնել հաղթանակը: Ամեն դեպքում շնորհակալ եմ տղաներին: Այս խաղում հոգեբանական խնդիր կար եւ հուրախություն մեզ, այն հաղթահարեցինք:

Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլս») - Արդեն մի քանի խաղ է, ինչ նույն կերպ ենք խաղում. գոլային պահեր ենք ստեղծում ու չենք իրացնում: Փոխարենը հեռու տարածություններից հարվածներով գոլեր ենք ընդունում: Թեեւ 2-րդ խաղակեսում համեմատաբար լավ խաղացինք, սակայն դա բավարար չէր պարտությունից խուսափելու համար: Կաշխատենք ճիշտ հետեւությունների հանգել:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Միկա26184443-2458
2. Շիրակ25174444-2455
3. Իմպուլս261151042-4138
4. Փյունիկ251131144-3636
5. Գանձասար2597926-2234
6. Ուլիս26851331-3629
7. Արարատ26621820-5120
8. Բանանց25381424-4017

Ռմբարկուները

Նորայր Գյոզալյան«Իմպուլս»15
Ֆոֆանա Բեկո«Շիրակ»12
Վիուլեն Այվազյան«Փյունիկ»10
Սեմյոն Մուրադյան«Միկա»10
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»9
Լամին Լի Յորո«Շիրակ»9


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4