Ինչպես գրել էինք ավելի վաղ, Ադրբեջանում Մոնթե Մելքոնյանի զոհվելու հանգամանքների շուրջը սկսվել է բացահայտումների մի գործընթաց, որն ուղղված է «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր, Հեյդար Ալիեւի կողմից պատիվների արժանացած եւ մինչեւ վերջերս անառարկելի հեղինակություն համարված Իբադ Հուսեյնովի դեմ: Ոչ իրազեկ ընթերցողի համար հակիրճ ասենք, որ Հուսեյնովը բավական երկար ժամանակ Ադրբեջանում հերոսացվում է որպես Մոնթե Մելքոնյանին «ոչնչացնող»: Նա իրեն համարում է «դիվերսիոն-ահաբեկչական ջոկատի հրամանատար» եւ բազմիցս լրատվամիջոցներին պատմել է «քաջագործության մանրամասնությունները»:
Հուսեյնովի առասպելն առաջինը հրապարակավ պսակազերծեց պաշտոնաթող գեներալ Թալիբ Մամեդովը, որը երկար տարիներ գլխավորել է Ադրբեջանի ՊՆ հետախուզության վարչությունը: Դրան հետեւեց Հուսեյնովի համախոհների շատ կոշտ արձագանքը, որտեղ նրանք վկայակոչել էին երկու «փաստ»` որ «դիվերսիոն գործողության ժամանակ հայերից խլված ռազմավարը դրվել է կորպուսի հրամանատար Ռաֆիկ Աղաեւի սեղանին» եւ «Մելքոնյանի մազերից մի փունջ եւ մաշկից մի կտոր առ այսօր պահվում են Ազգային անվտանգության նախարարությունում»:
Այս «փաստերի» շուրջը մեկնաբանություններ ստանալու համար «Թուրան» գործակալությունը դիմել է նույնպես պաշտոնաթող գեներալ Ռաֆիկ Աղաեւին: «Որեւէ մեկն ինձ որեւէ ռազմավար չի բերել, եւ Մելքոնյանի ոչնչացման նպատակով իմ ենթակայության ստորաբաժանումների կողմից որեւէ օպերացիա չի իրականացվել», ասել է Աղաեւը: Գեներալը նաեւ բացասաբար է պատասխանել հարցին` «Հնարավո՞ր է, որ նման գործողություն իրականացրած լիներ ԱԱ նախարարությունը` տեղական ուժերի աջակցությամբ», եւ ավելացրել, որ ինքը չափազանց մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ԱԱ նախարար Թահմազովի հետ, եթե նման բան լիներ, անպայման տեղյակ կլիներ:
ԱԱ նախարարության պաշտոնաթող գնդապետ Գյունդյուզ Շաբանովը, որ 1993-ի նշված ժամանակահատվածի` հունիս ամսվա, դրությամբ ռազմաճակատային գոտու Աղդամի ուղղությամբ «հատուկ առաջադրանք էր կատարում», նույնպես պնդել է. «Մեր կողմից նման օպերացիա չի իրականացվել»: Իսկ ներկայումս ԱԱ նախարարությունում ծառայող, ինքնությունը վկայակոչել չցանկացած «սպան» վկայել է, որ «Մելքոնյանից մազափունջ կամ մաշկից կտոր նախարարությունում չեն պահվում»:
Այսպիսով, դեպքերի անմիջական մասնակիցները հերքում են Իբադ Հուսեյնովի «քաջագործությունը»: Բայց հետաքրքրական է, թե ի՞նչ նպատակով: Որոշակի որոնումներից հետո մեզ հաջողվեց պարզել, որ նախորդ երկու ընտրություններին «շքանշանակիր հերոս» Իբադ Հուսեյնովը եղել է Իլհամ Ալիեւի վստահված անձը այսպես կոչված «Ղարաբաղյան տեղաշրջանում», որն ընդգրկում է զորքերի շփման գծի հարեւանության մի քանի, մասնավորապես նախկին Աղջաբեդիի եւ Իմիշլիի շրջաններն ու հատկապես ԼՂՀ Մարտունու շրջանի` ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հատվածը` Նարգիզթեփե ավանով հանդերձ, որը համարվում է Ադրբեջանի «գլխավոր հենակետը Լեռնային Ղարաբաղում»: Իլհամ Ալիեւի հրահանգով այստեղ նույնպես «Ադրբեջանի դրոշի հրապարակ» է կառուցվել:
Ադրբեջանում նախագահական ընտրությունների մեկնարկը փաստորեն տրված է: Իսկ պաշտոնաթող երկու գեներալ մինչեւ վերջին թելը «մերկացնում են» Իլհամ Ալիեւի վստահված անձին: Նրանք փաստորեն խնդիր են դնում «չկեղծել պատերազմի պատմությունը»: Կա՞պ ունի դա գալիք մրցապայքարի հետ: Ըստ երեւույթին` այո: Քանի որ գեներալ Թալիբ Մամեդովը Իբադ Հուսեյնովի «հերոսացումը» որակել էր «քաղաքական կապիտալ կուտակելու փորձ»:
Իշխանամետ մամուլը որեւէ ձեւով այս թեմային չի անդրադառնում: Հավանաբար «հերոսի» պսակազերծումն այնքան համոզիչ է, որ հակադարձելու ոչինչ չկա: Թեեւ, չի բացառված, վարչախումբը պարզապես խարդավանքներ է հյուսում պաշտոնաթող գեներալների դեմ: Հավանական է, որ մոտ ապագայում նոր արծարծումներ ի հայտ կգան:
Վ. Ա.