«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՔՎԵԲԵԿՈՒՄ ՏԵՂՆ Է ԴՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հոկտեմբերի 21-26-ը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Երեկ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ անդամ Հեղինե Բիշարյանը պատմեցին, որ քննարկվել են «Քաղաքացիությունը, ինքնությունը, լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում» եւ «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» հարցերը: Առաջին հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Հեղինե Բիշարյանը եւ անդրադարձել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ի. Ալիեւի ելույթին, որում վերջինս գովաբանել է Ադրբեջանի վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ հայտարարել, թե Ադրբեջանում ապրում է 30 հազար հայ, իսկ երկրի 20 տոկոսն էլ գրավել են հայկական ուժերը: Տիկին Բիշարյանը վեհաժողովի մասնակիցներին տեղեկացրել է այդ երկրի վարած քաղաքականության, Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնման, վերջինիս կողմից ոճրագործին հերոսացման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սփյուռքի մեր հայրենակիցների մասին:

Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր ելույթից հետո իրեն է մոտեցել Հունգարիայի պատվիրակության անդամ ընդդիմադիր պատգամավորը եւ ներողություն խնդրելով հունգար ժողովրդի անունիցՙ տեղեկացրել, որ իրենց պատվիրակության ղեկավարը ցանկություն ունի հանդիպելու հայկական պատվիրակության հետ: Կայացած հանդիպման ժամանակ հունգարական պատվիրակության ղեկավար Լասլո Հորվաթը , որ երկու տարի առաջ հյուրընկալվել էր Հայաստանում, նույնպես ներողություն է խնդրել մարդասպանի արտահանձնման համար եւ առաջարկել, որ պատգամավորների փոխայցելությունների մակարդակով փորձեն վերականգնել Հունգարիայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները: Այս հարցի առնչությամբ պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը նկատեց, որ սառեցված դիվանագիտական հարաբերությունների վերականգնում դեռեւս չի նախատեսվում, քանի որ դա իր ընթացակարգերն ունի:

Պատվիրակության անդամները տեղեկացրին, որ հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը Միջխորհրդարանական միության կազմում գործող վեց աշխարհաքաղաքական խմբերից մեկիՙ Եվրասիայի ներկայացմամբ ընտրվել է գործադիր կոմիտեի անդամ եւ միության փոխնախագահ:

Գործադիր կոմիտեի նիստում մերժվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գրավոր խնդրանքըՙ 2014 թվականին Միջխորհրդարանական միության հերթական վեհաժողովն իրենց երկրում անցկացնելու մասին: Մերժմանը, ըստ հայկական պատվիրակության անդամների, նպաստել է նաեւ մեր պատգամավորի ելույթը, որում ներկայացվել են տարածաշրջանային խնդիրներն ու Ադրբեջանի վարած իրական քաղաքականությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4