«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


«ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ» ՆԵՐԿԱՅԻՍ ԿԵՐՊԱՐՆ ՈՒ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՉԿԱՅԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Դիլիջանի կոմպոզիտորների տանը հանդիպում էր նախատեսել Հայատանում գործող ստեղծագործական միությունների ներկայացուցիչների հետ: Տարբեր ոլորտների երիտասարդ ներկայացուցիչների հետ նախագահը նախատեսում էր քննարկել ոլորտներում առկա խնդիրները, սակայն հանդիպում-քննարկում որպես այդպիսին չստացվեց: Քանի որ հանդիպումը Դիլիջանի կոմպոզիտորների միությունում էրՙ վերոնշյալ կառույցի նախաձեռնությամբ, ապա գլխավոր դերակատարներից մեկն էլ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն էր, որը տանտիրոջ կարգավիճակով որոշեց, որ հենց ինքը պետք է որոշի, թե ո՞վ պետք է հարց տա, ովՙ ոչ: Հետաքրքրական է, որ պարոն Ամիրխանյանին դուր չեկավ այն փաստը, որ ներկաները սկսեցին սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր բարձրացնել, եւ սկսեց խառնվել իրար, ընդհատել:

Թեպետ նախագահ Սարգսյանը հորդորեց, որ պատրաստ է բաց քննարկման, սուր հարցադրումների, քննադատության եւ բաց է ներկաների առաջ, սակայն քննարկումն այլ շարունակություն ունեցավ: Պարոն Ամիրխանյանը որոշեց ձայն տալ հիմնականում թատրոնի եւ երաժշտության ասպարեզի ներկայացուցիչներին: «Պարո՛ն նախագահ, շնորհակալություն, որ մեր կոնսերվատորիայի պատուհաններն ու դռները փոխվել են, իսկ լսարանները ջեռուցվում են»: «Պարո՛ն նախագահ, մեր թատրոնը կահավորվեց, շնորհակալություն ձեզ օժանդակության համար, իսկ հնարավոր չէ՞ր, որ լուսավորությունն էլ ապահովվեր», «Պարո՛ն նախագահ, իսկ եթե դուք մեզ օգնեք սա, իսկ եթե դուք մեզ օգնեք այն...», ու այդպես շարունակ:

Ձայն բարձրացնողներից ընդամենը մի քանիսը ոլորտի կամ իրենց անհանգստացնող, բայց «ես»-ի շրջանակներից դուրս հարց տվեցին: Ճարտարապետների ու նկարիչների խմբին հարց բարձրացնելու իրավունք ընդհանրապես չտրվեց: Լրագրողներից երկու հոգու բախտ վիճակվեց հարց տալ, որովհետեւ պարոն Ամիրխանյանը նախապես չգիտեր, թե որ ոլորտն էին ներկայացնում, ու երբ միկրոֆոնը մոտեցրեց ու տեղեկացավ, որ հարց են բարձրացնում լրագրողները, տեղում կանգնեց, չգիտեր միկրոֆոնը տար, չտար, գնար, ի՞նչ աներ....

Հետաքրքրական է, որ Կոմպոզիտորների միությունը որեւէ կերպ չէր նախապատրաստվել նախագահի հետ հանդիպմանը: Դիլիջանում այս ամսին ցուրտ ու անձրեւային եղանակ է, մինչդեռ դահլիճը չէր ջեռուցվում, իսկ երկնագույն առաստաղին մի քանի հարյուր ճանճեր էին սավառնում:

Ավելին, գրեթե 20 րոպեն մեկ պարոն Ամիրխանյանը ձեռքերն իրար էր շփում ու ասումՙ չավարտե՞նք, ցուրտ չէ՞, չե՞ք մրսում, ի՞նչ կասեք, պարոն նախագահ:

Սերժ Սարգսյանն էլ ի պատասխան երեք անգամ ասաց, որ դեռ դիմանում է, եկել է այստեղ քննարկման եւ ուզում է երիտասարդներին հուզող պրոբլեմներին ծանոթանալ:

Բայց դե երիտասարդության մի հատվածին այդպես էլ հնարավորություն չընձեռվեց հարց տալու:

«Քննարկում»-ից հետո նախագահն առանձին զրույց ունեցավ միությունների ղեկավարների հետ, իսկ ավելի ուշ ինչպես ներկաների մեծ մասին, այնպես էլ նախագահին սպասում էր հերթական շոկը:

Բանակի ամենաէժանագին քեֆի նմանվող մի խնջույքով սկսվեց ուտել-խմելու ընթացքը: Կազմակերպիչները կենացներ էին խմում «նախագահի պատվին», երգում ու պարում: Անձամբ Ամիրխանյանը մի քանի անգամ կենաց ասաց, բանաստեղծություն կարդաց, երգեց: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ կոնսերվատորիայի ուսանողները: Յուրաքանչյուր կենացից հետո ուսանողների սեղանին էր մոտենում վերոնշյալ բուհի ռեկտորն ու ասումՙ դու արի, որ սա նվագես, դու ի՞նչ ունեիր երգելու, դուք երկուսով էս երգը կատարեք, ու այդպես շարունակ: Տարեց մտավորականների այս նախաձեռնությունը կարծես դարձավ ոգեւորիչ, ու երիտասարդ արվեստագետների մի մասն էլ որոշեց անմասն չմնալ համընդհանուր քեֆ-ուրախությունից, սկսեց բազմապիսի կենացներ ասել նախագահի հասցեին, երգել ու ամեն կերպ աչքի ընկնելՙ ցուցադրելով իր «տաղանդը»:

Կարծում եմ, ինչպես ներկաներից շատերը, այնպես էլ նախագահն իրեն ամբողջ երեկոյի ընթացքում զգաց Հակոբ Պարոնյանի ամենահայտնի ստեղծագործությունում եւ միակ ցանկությունն այդտեղից որքան հնարավոր է շուտ փախչելն էր:

Քեֆի ժամանակՙ ամենացայտուն կերպովՙ կենացների մակարդակից մինչեւ զրույցներ, հասկացվեց, որ կոմպոզիտորները ցանկանում են, որ իրենց շենքը կառուցվի, վերանորոգվի եւ կոչվի Արամ Խաչատրյանի անունով, մինչդեռ բազմաթիվ մտավորականներ ցանկանում էին, որ միության շենքը կոչվի այն ստեղծողիՙ Էդվարդ Միրզոյանի անունով եւ նվիրվի նրա հիշատակին, սակայն կրկին կենացային մակարդակում կարծես թե լուծվեց նաեւ այս հարցը:

Այդ պահին արդեն պարզ դարձավ, թե «քննարկում» անվան տակ ինչ նպատակ էր հետապնդում Կոմպոզիտորների միությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Մեծագույն դժվարությամբ «Ազգ» օրաթերթի ներկայացուցչին հաջողվեց հարց տալ լրագրողական ոլորտի խնդրի վերաբերյալ: Նախագահին առաջարկեցինք իր արտասահմանյան հատկապես կարեւոր հանդիպումների ժամանակ նախապատվություն տալ ոչ միայն հեռուստաընկերություններին, այլ նաեւ թերթերին եւ յուրաքանչյուր հանդիպմանը լուսաբանող լրատվամիջոցների շարքում ընդգրկել գոնե մեկ թերթի ներկայացուցչի...Նախագահի պատասխանն էր. «Խոստանում եմ այդ հարցին ուշադրություն դարձնել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4