«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2012-10-27 | #191, 2012-10-30 | #192, 2012-10-31


ՎԻՐԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Հոկտեմբերի 26-27-ին, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, կայացավ Վիրահայ երիտասարդների համաժողով: Հայաստանի Հանրապետության սփյուռքի, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ կայացած երկօրյա համաժողովի նպատակն էր վիրահայ երիտասարդությանը մերձեցնել միմյանց եւ ներգրավել հասարակական եւ եկեղեցական կյանքում: Համաժողովի աշխատանքում ընդգրկվել էին ինչպես քաղաքամայր Թբիլիսիի, այնպես էլ Վրաստանի տարբեր տարածաշրջանների հայկական երիտասարդական կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովն աշխատանքը սկսեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում աղոթքով: Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած երիտասարդական համաժողովին ներկա էին վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, թեմի հոգեւոր հայրերը:

Բացելով համաժողովը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական բաժնի պատասխանատու Միքայել Ավագյանը ներկայացրեց համաժողովի աշխատանքի ծրագիրը, որը միտված էր մայրաքաղաքի եւ տարածաշրջանի հայ երիտասարդության հիմնախնդիրների վերհանմանը եւ դրանց լուծման ուղիների որոնմանը:

Օրհնության եւ բարեմաղթանքի խոսքում վիրահայոց թեմի առաջնորդը երիտասարդությանը անվանելով մեր ապագայի կառուցողներ, կոչ արեց իրենց գործունեությունում լինել հաստատակամ, վստահորեն ձգտել առաջադրված գաղափարին, չընկրկել դժվարությունների առջեւ եւ ընթանալ դեպի նպատակը, վեր դասելով հայ լինելու հանգամանքը:

Թբիլիսիից Մարինե Խաչատուրովայի եւ Ախալքալաքիցՙ Ջեյներա Պետրոսյանի զեկուցումները նվիրված էին մայրենի եւ պետական լեզվի տիրապետման խնդիրներին, կարեւորելով մայրաքաղաքի եւ տարածաշրջանի հայ երիտասարդների շրջանում դրանց տարբեր լինելու պահը: Միանշանակ ընդգծվեց մայրենի լեզուն պահպանելու, յուրաքանչյուր հայ երիտասարդի գոյության մաս դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորվեց երկրի պետական լեզվի տիրապետման հարցը, որը հեշտացնում է երիտասարդության ինտեգրումը վրաց հասարակությանը:

Համաժողովի աշխատանքում հավուր պատշաճի էր դրված երիտասարդության կյանքում Հայոց եկեղեցու եւ Հայոց եկեղեցու մեջ երիտասարդության դերի հարցը: Հանգամանորեն վերլուծվեց եւ արժանի գնահատական տրվեց երկրում տարածված տարբեր աղանդներից զերծ մնալու, Հայ առաքելական եկեղեցու շուրջը համախմբվելու եւ երիտասարդությանդերը Հայոց եկեղեցու մեջ ճիշտ պատկերացնելու հարցերին:

Թեժ քննարկումների ժամանակ իրենց հիմնավորված մեկնաբանություններով եւ իրավացի մոտեցումներով երիտասարդությանը ճիշտ կողմնորոշվելուն նպաստում էին հոգեւոր հայրերՙ Նարեկ քահանա Ղուշչյանի, Մանուկ քահանա Զեյնալյանի, Սամվել քահանա Թորոսյանի ելույթները: Իսկ բանախոսներՙ «Հայարտուն« կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության հիմնադիր մարմնի անդամ Սլավա Մեժդոյանը միանշանակ արժեւորեցին Հայոց եկեղեցու շուրջը համախմբված, միասնական ուժերով եւ հայապահպան գործունեությանը նվիրվելու գաղափարը:

Նման հանդիպումները նաեւ տարածաշրջաններում կազմակերպելու, ավելի լայնորեն ծավալվելու, երիտասարդության ըստ մասնագիտության եւ կրթության տեղեկատվական բազա ստեղծելու որոշումներով Վիրահայ երիտասարդական համաժողովն ավարտեց իր աշխատանքը:

Համաժողովի օրերին մասնակիցները այցելեցին Խոջիվանքի «Մեծաց մեծերի պանթեոն» եւ տեսան Թբիլիսիի խոնարհված հայկական եկեղեցիները, Հովհաննես Թումանյանի տունը, դիտեցին Թբիլիսիի տեսարժան վայրերը:

Վիրահայոց մամլո դիվան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4