Հայտնի դարձան նարդու Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները: Երկար խաղաձեւում հանրապետության չեմպիոնի տիտղոսը նվաճեց երեւանցի Գոռ Վարդանյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց էջմիածնեցի Խաչիկ Մելիքյանին: 3-րդ տեղը զբաղեցրեց երեւանցի Ալբերտ Մարտիրոսյանը:
Կարճ խաղաձեւում առաջնության պարգեւները վիճարկեցին մի քանի մրցաձեւում: Վարպետների խմբում ուժեղագույնը երեւանցի Սերգեյ Դրմոյանն էր, որը վճռորոշ հանդիպումը շահեց իր համաքաղաքացի Ալիկ Վարդանյանից: 3-րդ տեղը գրավեց Սմբատ Պողոսյանը:
Սիրողական խմբի մրցումներում հաջողությունն ուղեկցեց Սերգեյ Ղազարյանին, որը եզրափակիչում գերազանցեց Պարգեւ Կարապետյանին: 3-րդ տեղը գրավեց Սարգիս Մելքոնյանը:
Զույգերով մրցումներում հանրապետության չեմպիոններ հռչակվեցին Կարապետ Այվազյանն ու Արմեն Ստեփանյանը, որոնք եզրափակիչում առավելության հասան Արթուր Մուրադյան-Անդրանիկ Աբրահամյան զույգի նկատմամբ:
Թիմային պայքարում ուժեղագույնը ճանաչվեց «Էջմիածինը», որի կազմում հանդես եկան Խաչիկ Մելիքյանը, Աշոտ Վարդապետյանն ու Դավիթ Կարաթորոսյանը: Եզրափակիչում «Էջմիածինը» պարտության մատնեց Կապանը ներկայացնող «Դենո Գոլդ» թիմին: Վերջինիս կազմում հանդես եկան Արմեն Ստեփանյանը, Կարապետ Այվազյանը եւ Ռուբեն Մարտիրոսյանը:
Ընդհանուր առմամբ նարդու Հայաստանի առաջնությանը մասնակցեցին մի քանի տասնյակ նարդիստներ: Առաջնության մրցանակակիրները մրցաշարի հովանավորներ «Սիգարոն» եւ «Ֆատա դի Ռոմա» ՍՊԸ-ների կողմից պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու դրամական պարգեւավճարով: