Այլՙ երկրի քաղաքական զարգացումներին միջամտող տարածաշրջանային ու միջազգային դերակատարների հաշվարկները
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Երկուշաբթի Իդ ալ Ադհայի չորսօրյա տոների վերջին օրն էր: Թեեւ դրանց նախօրեին Սիրիայում հակամարտող կողմերը զինադադարի որոշում էին ընդունել, հայտարարել այդ մասին, սակայն կառավարական զորքերի եւ «Ազատ Սիրիայի բանակի» բախումները չդադարեցին: Այսպիսով ի չիք դարձավ ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիիՙ տոներին Սիրիայում զինադադար հաստատելու նախաձեռնությունը: Ընդ որումՙ հակամարտող կողմերին զինադադարի կոչ էր արել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Բրահիմիի նախաձեռնության ձախողումն ունի բազմաթիվ պատճառներ: Դրանցից թերեւս պետք է առանձնացնել սիրիական ընդդիմության եւ «Ազատ Սիրիայի բանակի» մասնատվածությունը, երկրի քաղաքական զարգացումներին միջամտող տարածաշրջանային ու միջազգային ուժերի, այսինքնՙ դերակատարների բազմազանությունը, վերջիններիս միջեւ հանուն նախաձեռնության ծավալվող անհաշտ մրցակցությունը, ԱՄՆ-ի նախագահական առաջիկա ընտրություններն ու Եվրոմիության երկրներում հետզհետե խորացող տնտեսական ճգնաժամը:
Սիրիական ընդդիմություն կոչվածը կազմված է 16 առանձին խմբերից, իսկ ընդդիմության ռազմական թեւըՙ «Ազատ Սիրիայի բանակը»ՙ 4: Դա, ըստ ամենայնի, հետեւանքն էր երկրումՙ կազմակերպված ընդդիմության բացակայության: Համենայն դեպս, այս խմբավորումներից «Նուսրաթ» ճակատը, «Անսար ալ Իսլամին», որոնք իսլամ արմատականության ներկայացուցիչներ են, ինչպես նաեւ Սիրիայի հեղափոխական խորհուրդը ի սկզբանե մերժել էին թեկուզ տոներին 4-օրյա զինադադար հաստատելու Բրահիմիի առաջարկը: Սա նշանակում է, որ վերջիններս դուրս են «Ազատ Սիրիայի բանակի» վերահսկողությունից:
Սրանց կողքին կառավարական զորքերի դեմ կռվում են նաեւ սիրիաբնակ թուրքմեններից հավաքագրված «Աբդուլ Համիդ» եւ «Ֆաթիհ սուլթան Մեհմեդ» (Կ. Պոլսի նվաճող Մեհմեդ 2-րդ) բրիգադները, որոնց, անկասկած, ուղղորդում է Անկարան, էլ չենք խոսում «Ազատ Սիրիայի բանակը» Թուրքիայի սահմաններում տեղակայելու վերջինի արարքի մասին:
Սա Սիրիայի քաղաքական զարգացումներին տարածաշրջանային դերակատարների միջամտության ակնհայտ դրսեւորում է, ապագա իշխանություններին անմիջականորեն կազմավորելու համար նախագահ Բաշար Ասադի վարչակարգին սեփական նախաձեռնությամբ տապալելու թուրքական նկրտումներով: Այդ նույն նկրտումները յուրահատուկ պետք է լինեն Սաուդյան Արաբիային, որ այս պետությունը աջակցում է «Ազատ Սիրիայի բանակի» 4 խմբավորումներից մեկին, իսկ մյուսինՙ Քաթարը:
Նման իրավիճակում միանգամայն տրամաբանական է, որ «Ազատ Սիրիայի բանակին» առանձին խմբավորումների միջոցով սատարող տարածաշրջանային դերակատարներըՙ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը սատարելիս միաժամանակ մրցակցեն միմյանց հետ:
Սիրիայում նախաձեռնությանը տիրելու այդ նույն տրամաբանությամբ Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի գլխավորությամբ մրցակցում են միջազգային մյուս ուժերը: Այսինքն, խնդիրը ոչ Սիրիան է, ոչ էլ սիրիական ժողովրդի ճակատագիրը, այլՙ երկրի քաղաքական զարգացումներին միջամտող դերակատարներիՙ տարածաշրջանային թե միջազգային կամ սեփական հաշվարկները:
«Ազատ Սիրիայի բանակի» պարագայում քաղաքական հաշվարկներին փոխարինում է վարձատրությունը: Անկախ մասնատվածությունից, այս բանակի «մարտիկները» վարձու մարդասպաններ են կամ արհեստավարժ վարձկաններ: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ բանակը 4 խմբի է բաժանվում, խմբերի շարքերը համալրվում են Լիբիայում Քադդաֆիի վարչակարգի դեմ կռիվներում կոփված մարդասպաններով, «Ալ Ղաիդայի» ահաբեկիչներով, ինչպես նաեւ աֆղան եւ չեչեն մոջահեդներով:
Ի դեպ, «մոջահեդ» նշանակում է սրբազան պատերազմիՙ ջիհադի մասնակից: Այդ պատերազմը ենթադրում է բացառապես կռվել ոչ թե մահմեդական ալավիների կամ շիաների, այլ ոչ մահմեդականների, այսինքնՙ քրիստոնյաների եւ մյուսների դեմ: Այլ կերպՙ մոջահեդների պատերազմը նախագահ Ասադի վարչակարգի, ինչպես նաեւ գերակշռող մեծամասնությամբ մահմեդական Սիրիայի ժողովրդի դեմ ոչ մի կերպ չի տեղավորվում ջիհադի տրամաբանության մեջ: Սակայն վարձկանի խնդիրը տրամաբանությունը չէ: Նրան վարձատրությունն է հետաքրքրում, իսկ դա ենթադրում է կռիվների հնարավորինս երկարաձգումը ինչպես վարձատրության շարունակականությունն ապահովելու, այնպես էլ Ասադի վարչակարգին Արեւմուտքի եւ վերջինի տարածաշրջանային խամաճիկների քմահաճույքով կաթվածահար անելու համար, որ սիրիական ժողովուրդը շարունակ արյունաքամ լինի եւ երկիրն էլ հետզհետե հյուծվի: