«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Անցնող երեք օրերին Երեւանի Թեքեյան կենտրոնում տեղի ունեցան աննախադեպ խորհրդակցություններ Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական եւ Կենտրոնական վարչությունների միջեւ: Սփյուռքից ժամանած ՌԱԿ Կենտրոնական վարչության պատվիրակությունը, գլխավորությամբ ատենապետ Մայք Խարապյանի եւ մասնակցությամբ վարչականներ Հրայր Հովիվյանի եւ Հարութ Երկանյանի, հաջորդական երեք նիստերի ընթացքում ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, ներկայացուցիչներ Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի եւ Սիրո Գեւորգյանի հետ քննարկեց հարցերի լայն շրջանակՙ Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, ՀՀ նախագահական առաջիկա ընտրություններ, մամուլի ու քարոզչության խնդիրներ, սիրիահայության վիճակ, Լիբանանի խորհրդարանական առաջիկա ընտրություններ, ղարաբաղյան հիմնահարց, ջավախահայության խնդիրներ, Հայ դատ եւ պահանջատիրություն, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ համազգային, համապետական եւ կուսակցական աշխատանքներ, ՌԱԿ սփյուռքյան որոշ կառույցների կարգավիճակ, Կենտրոնական վարչության կազմի համալրում եւ այլ հարցեր:

Բուռն, բայց կառուցողական ոգով ընթացած խորհրդակցությունների արդյունքում կողմերը հանգեցին միանման տեսակետների: Եղան նաեւ որոշ հարցեր, որոնց նկատմամբ վերջնական դիրքորոշումները կհստակեցվեն առաջիկա ամիսներինՙ համատեղ թե առանձնակի շփումների եւ խորհրդակցությունների ժամանակ:

Կողմերը վերահաստատեցին, որ ՌԱԿ Հայաստանի եւ Սփյուռքի կառույցները իրարից անկախՙ բայց միմյանց հետ սերտորեն համագործակից, գաղափարաբանությամբ ու պատմությամբ նույնական, համահայկական բնույթի հարցերում փոխլրացնող միավորներ են, որոնք ունեն հայրենակենտրոն միեւնույն տեսլականըՙ համայն հայության համախմբումը հայկական ազատ, անկախ, ուժեղ, ժողովրդավարական, ազատական եւ ազգային Պետության շուրջը:

Վերջում որոշվեց ստեղծել ՌԱԿ Հայաստանի եւ Սփյուռքի կառույցների աշխատանքները համակարգող խորհրդակցական միացյալ մարմին, որի գործունեության սկզբունքները եւ կազմը կորոշվեն հետագա քննարկումների ընթացքում:

Երեւան, 31 հոկտ. 2012 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4