Այդ մասին «Միլիիեթին» տված հարցազրույցում հայտարարել է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, հայտնի քուրդ գործիչ Շերաֆեթդին Էլչին: Նա, պատասխանելով «Ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի ապագան առաջիկա 10 տարում» հարցին, ասել է, որ Թուրքիան կմասնատվի, երկիրն աստիճանաբար դեպի մասնատում է գնում:
Այնուհետեւ քուրդ գործիչը շարունակել է. «Մեր սերունդը Թուրքիայում քրդական հարցը փոխհամաձայնության սկզբունքով լուծելու վերջին առիթն է: Եթե թուրքական իշխանությունները համաձայնության չգան մեզ հետ, ապա հաջորդ սերունդը հազիվ թե ընդունի համաձայնությունը: Վարչապետ Էրդողանը պետք է շտապեր, բայց չգիտես ինչու, ճիշտ հակառակն է անում... Քրդերը կողմ են արժանապատիվ հաշտության, սակայն անձնատուր չեն լինի: Նրանք չեն ուզում այլեւս թուրք ազգի մաս կազմել, այլ ճանաչվեն որպես առանձին ժողովուրդ»:
Հարցազրույցում Էլչին անդրադարձել է նաեւ քրդերի մայրենի լեզվով ուսուցման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ ավելի քան 700 քուրդ կալանավորների արդեն 43-րդ օր թեւակոխած հացադուլին, կալանավայրում վերջիններիս եւ PKK-ի առաջնորդ Օջալանի պայմանների բարելավմանն ու երկրում քրդերենի գործածությանն առնչվող պահանջներին: Նա ասել է, որ ցանկության դեպքում վարչապետ Էրդողանը կլուծի այս բոլոր հիմնախնդիրները:
Հ. Չ.