«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ. ԾԵԾՈՂՆԵՐԸ 15-20 ՀՈԳԻ ԷԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռազմական բժիշկ, վիրաբույժ Արտակ Բայադյանը հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ստացել է քթի բաց կոտրվածք, ձախ ակնակապիճի, գլխի գագաթային վնասվածքներ, ուղեղի ցնցում: Երեկ նա որպես տուժող Ավան եւ Նոր Նորք առաջին ատյանի դատարանում էր: Վերջինս դատարանում հայտարարեց, որ ճանաչում է «Հարսնաքար»-ի գործով մեղադրվող բոլոր 6 ամբաստանյալներին:

Հունիսի 17-ի առավոտյան, իր ընկերոջՙ Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը, իրեն է զանգել Վահե Ավետյանն ու միասին գնացել են գնումներ կատարելու եւ հետո ուղեւորվել Արզնու ձոր: Բարձր տրամադրությամբ խորոված են պատրաստել եւ նշել ընկերոջ ծնունդը: Ժամը 20:30-ի սահմաններում, նրանք դուրս են եկել Արզնու ձորիցՙ քաղաքում երաժշտություն լսելու ցանկությամբ: Արտակն ու Վահեն հիշել են «Հարասնաքար»-ի երգիչ Դավթին, ում երկու ամիս առաջ են վիրահատել: Ժամը 21:30-ի սահմաններում նրանց «Հարսնաքար»-ում դիմավորել է երգիչ Դավիթն, ու բժիշկները սեղան են պատվիրել ռեստորանի բացօթյա սրահում:

«Վահեն գնում է ձեռքերը լվանալու, 5 րոպե անց վերադառնում է անտրամադիր եւ ասում, որ տաբատի մասին խոսակցություն կա: Վահեն ջինսե տաբատ էր հագել: Նա հաշիվը վճարում է եւ մատուցողից ճշտում, թե մինչեւ ժամը քանիսն են աշխատում: Մատուցողն ասում էՙ մինչեւ ժամը 24-ը, եւ Վահեն Արկադիի հետ գնում է տաբատը փոխելու, մնացած տղաները մնում են «Հարսնաքար»-ում: Վահեի գալուց 10 րոպե հետո սեղանին մոտեցավ մատուցող Դավիթը: «Կարող ա՞ գլխարկով էլ չի կարելի», հարցրեց Վահեն: Դավիթն ասացՙ «Կարող ա՞ կայֆավատ եք լինում», Վահեն ասացՙ «Չէ, եկել ենք ժամանակ անցկացնելու»:

Արտակ Բայադյանը հիշում է, որ իրենց են մոտեցել ու հարցրել, թե ով է հայհոյել: Բժիշկներն ասել են, որ իրենցից որեւէ մեկը չի հայհոյել: Մատուցող Դավիթը Վահեին դուրս է կանչել: Նա ժպիտով գնացել է Դավթի հետեւից, որոշ ժամանակ անց մնացած տղաներն էլ գնում են Վահեի հետեւից եւ տեսնում, որ նա կքանիստ վիճակում էր, ձեռքը դեմքին էր, քթից արյուն էր հոսում: Այդ ժամանակ, նրանց է մոտենում թիկնապահ Նորայրն ու առաջարկում, որ դուրս գան դրսում խոսեն, քանի որ ներսում «ժողովուրդը ուրախանում է, ամոթ է»:

Բայադյանը շեշտում է, որ իրենք ոչինչ չմտածելով դուրս են գալիս ավտոկայանատեղի, որտեղ նրանց էր սպասում 15-20 հոգանոց խումբՙ բոլորն էլ ամրակազմ, բարձրահասակ տղաներ:

Տուժողը հիշում է, որ այդ խումբը մինչեւ ուշագնացության աստիճան խփել են իրենց, ամեն հարվածից հետո հայհոյել: Միակ արտահայտությունը, որ նրա հիշողության մեջ դրոշմվել էՙ հետեւյալն է. «Լավ, մեռավ, էլ մի խփեք»:

Արտակին գիտակցության է բերել Էդգարը: «Դեմքիցս արյուն էր հոսում, հագիս մայկա չկար, կոշիկներս էլ չկային: Ոտաբոբիկ վազեցի Վահեի մոտ, գիտակցություն չկար, պուլսը շոշափեցիՙ քիչ հաճախականությամբ էր, խռխռում էր: Արկադին վազեց սրահՙ մեքենայի բանալիները վերցնելու: Արագ հասցրինք Մուրացանի հոսպիտալ, ճանապարհին զանգել եմ մեր բժիշկներին, պատգարակով բարձրացրել 3-րդ հարկ, միացրել արհեստական շնչառություն Վահեին, անհնարինն արվեց, սակայն հրաշք տեղի չունեցավ», դատարանում հիշում է Արտակ Բայադյանըՙ հավելելով, որ Արզնու ձորում 1 շիշ կեսլիտրանոց օղին խմել են 6 հոգով, եւ իրենք ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Ըստ մեղադրական եզրակացությանՙ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը ծեծել են Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին: Ծեծի հետեւանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանըՙ միջին ծանրության վնասվածքՙ առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի հետեւանքով մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: Եթե մեղադրանքը հաստատվի, ամբաստանյալներից յուրաքանչյուրին կսահմանվի պատիժՙ 15 տարի ազատազրկմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4