«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԷԼԴԱՐ ՍԱԲԻՐՕՂԼՈՒԻ

«Ազգը» հոկտեմբերի 31-ի համարում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի բարձրակոչ հայտարարություններին, որ ծնունդով նախիջեւանցի այդ նախկին «մանկավարժը» հնչեցրել է Թարթառի շրջանում անցկացրած մամուլի ասուլիսում: Սաբիրօղլուի գլխավոր «մեսիջը» հետեւյալն էր` «Ադրբեջանը հզոր երկիր է, ունի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զինված ուժեր, որ լավագույնս ֆինանսավորվում, սպառազինվում եւ հանդերձավորվում են, որպեսզի ցանկացած պահի կատարեն իրենց առջեւ դրված գլխավոր մարտական խնդիրը»: Դե իսկ` թե ո՞րն է այդ «գլխավոր մարտական խնդիրը», կարծում ենք, մեկնաբանելու հարկ չկա. Ադրբեջանի ՊՆ-ի խոսնակը մի քանի անգամ տարբեր ձեւակերպումներով այդ մասին բարձրաձայնել է:

Ի՞նչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում, այս հարցի պատասխանն էլ դուրս ենք տեսնում մեր իրավասությունից: Ընդգծենք միայն, որ ամեն անգամ ադրբեջանական «ճուռակների» նման հայտարարությունները հերքվում են Ադրբեջանի հասարակական-քաղաքկան, սոցիալական կյանքի իրողություններով: Գրեթե այն ժամերին, երբ Սաբիրօղլուն մամուլի ասուլիս էր անցկացնում, իր արտահայտությամբ, «մերձճակատային գոտում», Ադրբեջանի հյուսիսի Շաքի քաղաքում կատարվել է հերթական սպանությունը:

«Վինչեստեր» մակնիշի հրացանի կրակոցով սպանվել է... Ադրբեջանի ռազմական ակադեմիայի դասատու, 1980թ. ծնված Ֆարիդ Ինգլաբ օղլու Կակավանը: Ռազմական ակադեմիայի դասատուի սպանությունը կատարել է «տարածաշրջանում հայտնի ձեռներեց (առեւտրական) Հաջի Մահոմեդ մականունով հայտնի Մահարաթ Աբդուլլա օղլու Աբդուլլաեւը, որ վերջերս է վերադարձել Մեքքա ուխտագնացությունից»,- հաղորդել են Շաքիի ոստիկանությունից: (տե՛ս http://vesti.az/news/135147/):

Բայց ի՞նչ կապ ունի սույն հանցագործությունը Ադրբեջանի ՊՆ խոսնակի մամուլի ասուլիսի, հատկապես` նրա կողմից ադրբեջանական զինված ուժերի «հագեցվածության եւ ինքնաբավության» մասին արված հայտարարությունների հետ: Բանն այն է, որ, ըստ նախնական վարկածի, Հաջի Մահոմեդ մականվանյալ առեւտրականը Ադրբեջանի ռազմական ակադեմիայի դասատուին սպանել է հրապարակավ, ականատեսների ներկայությամբ, իսկ վրիժառության պատճառն այն է եղել, որ «հարուստ» երկրի «լիովին ինքնաբավ» զինված ուժերի համակարգում պաշտոնավարող սպան` Ֆարիդ Կակավանը, հայտնի ձեռներեցին պարտք է եղել «400 կամ 600 մանաթ եւ չի կարողացել վերադարձնել»: Չակերտների մեջ առնվածը vesti.az-ի տարածած տեղեկատվությունից է:

Եթե մի «հարուստ» երկրի ռազմական ակադեմիայի դասատուն կենցաղային խնդիրներ լուծելու համար ստիպված է եղել Բաքվից (հո չե՞ն պնդի, թե Ադրբեջանի ռազմական ակադեմիան տեղակայված է ոչ մայրաքաղաքում) հասնել Շաքի եւ մի առեւտրականից պարտք վերցնել 400 կամ 600 մանաթ, ամեն դեպքում` ոչ ավելի, քան 1000 ԱՄՆ դոլար, իսկ հետո չի կարողացել այն մարել, ինչի համար հատուցել է կյանքով, ապա որքանո՞վ են «իրականությանը մոտ» նույն երկրի ՊՆ-ի խոսնակի հայտարարությունները բանակի ոչ միայն «կատարյալ ֆինանսավորման», այլեւ, որ շատ էական է, «անձնակազմի բարձր մարտունակության» մասին:

Յուրաքանչյուր երկրում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունը դիտվում է իբրեւ սրբություն սրբոց: Չէ՞ որ այնտեղ են կռանվում-կոփվում բանակի ապագա սպաները: Նորմալ երկրում ռազմական ակադեմիայի դասատուն մուրացկանություն չի անի: Իսկ Ադրբեջանում, ինչպես վկայում է Շաքիում կատարված սպանությունը, ռազմական ակադեմիայի դասատուն դառնում է մականվանյալ առեւտրականի կրակոցի զոհ: Այն եւս` հասարակության աչքի առաջ: Քանի որ ոստիկանության հաղորդագրության մեջ ասված է, որ մարդասպանը «ձերբակալվել է հանցագործության վայրում»:

Առավել հետաքրքրական է, որ Ադրբեջանի Պնախարարությունը ռազմական ակադեմիայի դասատուի սպանության փաստին չի արձագանքել: Սաբիրօղլուի եւ նրա «շեֆ» Աբիեւի համար կատարվածը «կենցաղային հանցագործություն» է երեւի: Մինչդեռ պարզ է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը փորձում է կոծկել ոչ միայն զորքերի շփման գծում սեփական սպաների եւ շարքային զինվորների զոհվելու փաստերը, այլեւ ԶՈՒ շարքերում «կենցաղային» կորուստները:

Իրականությունից, այո, չես փախչի: Այն վերժխնդիր է լինում, երբ Սաբիրօղլուի «մակարդակի» պոռոտախոսները հերթական անգամ ճգնում են ցանկալին ներկայացնել որպես «վերջին տարիների ակնհայտ ձեռքբերումներ»:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4