Կուսակցությունները կարծես թե պետք է ներկայացնեն ժողովրդին` այսինքն նրա խնդիրները վեր հանելով անգամ քիթ մաքրելու ու դատարկ խոսելու ժամանակ չունենան: Սակայն նրանց ներկայացուցիչների պահելաձեը հաճախ նման է տղայական «ռազբորկա» անողների վարքին:
ԱԺ-ի անցած ճեպազրույցներին հայտնված որոշ տեսակետներին որպես պատասխան հնչած ու ակնհայտորեն էթիկայի կանոնների մեջ չտեղավորվող (հայ գիտի հայ` էթիկայի հանձնաժողով) ու դրանց հաջորդած զարգացումները, որոնք հաճույքով ծամեցին լրատվամիջոցները, ցույց տվեցին մեր քաղաքական դաշտի ողորմելիությունը ու նաեւ այն, որ մերոնցից շատերը չեն պատկերացնոմ այն գործառույթները, որոնք նրանք ստանձնել են քաղաքականություն մուտք անելով: Նրանցից շատերին, հատկապես երիտասարդներին թվում է, թե իրենք ոչ թե ժողովրդին են ներկայացնում ու նրանց խնդիրները լուծելուն են կոչված, այլ ասպարեզ են բերվել (հենց` բերվել) սեփական կուսակցությանն ու նրա առաջին դեմքերին բոլոր միջոցներով, այդ թվում` գոտկատեղից ներքեւ ուրիշներին հարվածելով պաշտպանելու, ու միայն այդպես կարող են շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ իրենցից ոչինչ չներկայացնելով` հայտնվել են խորհրդարանում կամ ինչ-որ կարեւոր պաշտոնում:
Սթափվեք, տղաներ եւ աղջիկներ, մի կողմ դրեք երիտկուսակցական էնտուզիազմը, դուք եկել եք ոչ թե կլանի շահ պաշտպանելու, որպիսին դարձել են մեր օրերի կուսակցություններից շատերը, այլ մարդկանց խնդիրներին լուծում տալու, մեր կյանքը բարելավելու: Ու ոչ թե «Դու ո՞վ ես, բա դու ո՞վ ես» ոճով ըմբշամարտելու` ենթատեքստ ունենալով խորագիրը, թե ով ավելի լավ կքծնի սեփական կլա... ներողություն, կուսակցության առաջին դեմքերին կամ հակահարված կտա օբշչակին, ներողություն, կուսակցությանը «բան ասել» համարձակվածին: Սեւրի պայմանագիրն էլ հանգիստ թողեք... Բա էս կարգի «ռազբորկա» տեսնող ժողովուրդը ինչ պիտի սպասի այլեւս ձեզանից, պիտի հույս կապի՞, որ ողջ հանրության, ժողովրդի, պետության ու պետականության խնդիր եք լուծելու, եթե սեփական կուսակցության պատուհանից ձեր քիթը դուրս բերել ու ողջ հանրույթին հուզող խնդիրները տեսնել չեք ուզում:
Հասկանալի է, որ լրագրողների բազմադեմ հանրույթի մեծ մասը եւս բաղկացած է այն «անաչառ» լրատվամիջոցները ներկայացնողներից, որոնց ուռճացրեց, բուծեց ու բազմացրեց մեր քաղաքական դաշտը` իր պատկերով ու նմանությամբ, որոնց հարցերը սովորեցնելով ասուլիս են ուղարկում` ոչնչացնելու եւ սադրելու «հակառակորդ» քաղաքական գործչին, ու ոչ թե հետաքրքվելու, թե ո՞նց մեր «դարդին դարման անենք»: Ստացել եք այն, ինչի հեղինակը դուք եք, հարգելի քաղաքականներ, կամ` ինչ ցանել եք, այն էլ հնձում եք, ինկուբատորի նման բազմացրած կայքերն ու հեռուստատեսությունները հավատարիմներով լցնելու կարիքը ձեզ թույլ չի տվել դիմել պրոֆեսիոնալներին, բացի դրանից` նրանք քչաթիվ են, ամեն միկրոֆոն բռնող տղա ու աղջիկ հո՞ պրոֆեսիոնալ չէ, այնպես որ` քաղաքական դաշտն ու լրատվականը շատ լավ սազում են միմյանց եւ մի զույգ ոտքի երկու ոտնամաններն են:
Ու անգամ այս բոլորը թատրոնի նման չէ, ինչպես որ Ռիչարդ Հովհաննիսյանն էր ասում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ