Երեւանի ավագանին երեկ միաձայն որոշեց «Հայաստանի ազգային հերոս» Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամ կառուցելու նպատակով 22.19 քմ մակերեսով ոչ բնակելի տարածք օտարելու նախագիծը:
Սահմանվեցին նաեւ քաղաքային նշանակության քաղաքաշինական եւ գովազդային գոտիները: Ընդլայնվեցին վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները: Այդ կերպ ավագանին վստահ է, որ տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը կդառնա արդյունավետ: Բնակիչները բնակարանաշինական որոշակի խնդրները կկարողանան կարգավորել անմիջականորեն վարչական շրջաններում:
Կվերանորոգվի մայրաքաղաքի Այվազովսկու փողոցը, իսկ պետական, հասարակական գործիչ Հովհաննես Ինճիկյանի հիշատակին նվիրված հուշատախտակը կտեղադրվի Թումանյան 35 հասցեում:
Անդրադառնալով աղբահանության խնդրինՙ քաղաքապետը նշել է, որ բանակցություններ են ընթանում 8 կազմակերպությունների հետ: Նոյեմբերին վերոնշյալ կազմակերպությունները կներկայացնեն առաջարկներ եւ բիզնես ծրագրեր, եւ դրանց համապատասխան կընտրվեն հաղթողները: Քաղաքապետը հավաստիացրել է, որ հաջորդ տարվանից կունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող սպասարկում եւ ոլորտի խնդիրները կմնան անցյալում:
Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ Մարգարյանն ասել է, որ քաղաքապետարանը հանրային նշանակության կառույցների որեւէ շինթույլտվություն չի տրամադրում առանց հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան հարմարությունների ապահովման: Քաղաքապետը հիշեցրել է, որ քաղաքաշինության խորհրդում ընդգրկված են հաշմանդամների շահերը պաշտպանող ներկայացուցիչներ, ու հետագայում այդ հարցի վերաբերյալ լուծումներն առավել արդյունավետ կլինեն:
Հ. Հ.