«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿՐԿԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վերջին օրերին հանրապետությունում ամենաքննարկվող թեմաներից է դեղերի եւ դրանց գների աննախադեպ աճը: Համապատասխան վերահսկող մարմիններն արդեն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են այս խնդրի վրա եւ փորձում են ճշտել պատճառները:

Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ այս գնաճը մեր քաղաքացիների գրպանների պարունակության վրա եւ գնային ի՞նչ քաղաքականությամբ են այսօր աշխատում մայրաքաղաքի դեղատները: Փորձեցինք պարզել քաղաքացիներից եւ դեղատներից: Այցելեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող մի քանի դեղատուն: Առաջին դեղատանը, ուր եղանք, տնօրենն ասաց, որ իրենք աշխատում են հաշիվ-ապրանքագրերով եւ իրավունք չունեն իրենց կողմից գներ բարձրացնելու:

«Մանրածախ ցանցերում դեղերը վաճառվում են սահմանված գներով: Մի օր դեղը կարող է մի արժեք ունենալ, հաջորդ օրըՙ մեկ այլ: Դա մեզնից կախված չէ, գները միշտ էլ տատանվում են»: Դեղատան տնօրենը, որը, ի դեպ, չցանկացավ ներկայանալ, ասաց, որ դեղերի գնային տատանումները կապված են ներկրման արժեքի հետ, եւ այդ հարցերով իրենք չէ, որ պիտի զբաղվեն: Դրա վերահսկողությունը պիտի կատարեն կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը: Մեկ այլ դեղատան աշխատող ասաց, որ գնային փոփոխություններ իրենց մոտ միշտ լինում են: Եվ դրա պատճառը կրկին ներմուծման գնային փոփոխություններն են:

Փորձեցինք նոր տեղեկություններ հավաքել: Հիմնականում բոլորն էլ խուսափում էին կտրուկ գնահատականներից եւ խորհուրդ տալիս դիմել դեղորայքի ներմուծմամբ զբաղվող կազմակերպություններին:

Այո, ինչպես երեւում է, բոլորը միակարծիք են: Պատասխան պիտի պահանջել ներկրողներից: Բայց ակնհայտ է, որ դեղատների ղեկավարներն էլ մինչեւ վերջ անկեղծ չեն: Դրա վառ ապացույցն այն է, որ պրեստանս դեղամիջոցը, որը կայունացնում է արյան ճնշումը, մի դեղատանն արժե 5010 դրամ, մեկ այլ տեղՙ 5680, դիկլոբել Ռետարդը (ոսկրացավի դեմ) մի տեղ 2000 դրամ է, այլ տեղՙ 2400 դրամ, նոլիպրելը (ճնշումը կայունացնող)ՙ 7000 եւ 7400 դրամ: Եվ այսպես շարունակ: Ստացվում է, որ իսկապես մեղավորը մեկը չէ, այլ երկուսը, նույնիսկՙ երեքը:

Զրուցեցինք նաեւ դեղատներում գտնվող հաճախորդների հետ: Նրանցից մեկըՙ տիկին Գոհարը, թոշակառու է: Արդեն հինգ տարի առողջական խնդիրները նրան դարձրել են դեղատան մշտական հաճախորդ: «Քսանհինգ հազար դրամ թոշակ եմ ստանում, ամբողջ գումարը տրամադրում եմ դեղեր գնելուն եւ նույնիսկ ավելին: Ինձ կողքից օգնում են, որովհետեւ դեղերը թանկ են, միայն թոշակը բավական չէ»: Մեկ ուրիշն էլ ասաց, որ առանձնապես գնային փոփոխություններ չեն եղել, իր գնած 5000 դրամ արժողությամբ դեղը, ինչպես եւ մեկ ամիս առաջ, հիմա էլ նույն գինն ունի:

Մեկ այլ հաճախորդ բողոքեց, որ բոլոր դեղերը թանկացել են: Եթե ադելֆանը մեկ ամիս առաջ գնում էր 160 դրամով, հիմա արժե 200 դրամ: Երրորդի կարծիքովՙ Հայաստանի համար նման վայրիվերումները նորմալ են եւ նույնիսկ կան դեղեր, որոնք էժանացել են: Վերջին տեղեկությունն անսպասելի էր: Ու երբ փորձեցինք այս լուրը ճշտել այլ հաճախորդներից, նրանք պարզապես թոթվեցին ուսերը եւ անխոս հեռացան:

ԹԵՀՄԻՆԵ ԱՆՏԱՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4