«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ «ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԸ»

Վրաստանում «վիճահարույց» ներկայացվող հայկական եկեղեցիների ճակատագրի առնչությամբ գրեթե երբեք լավ լուրեր չեն լինում, հատկապես երբ այդ հարցում վճռական խոսքը վերապահված է վրաց եկեղեցուն: Ու չնայած վրաց եկեղեցին իրավական առումով որեւէ առնչություն չունի Վրաստանի պետական հաշվեկշռում մնացած հայկական եկեղեցիների հետ, այդուհանդերձ, վրաց պատրիարքի ամենահաս ձեռքի տակից դժվար թե «աննկատ» անցնի հայկական եկեղեցիների հարցը:

Այստեղ խնդիրը միայն եկեղեցիներին չի վերաբերում այն պարզ հիմնավորմամբ, որ այդ եկեղեցիներից 5-ը, որ գտնվում են Թբիլիսիում, հենց քաղաքի սրտում են, ասել է թե զուտ տեղադիրքով արդեն իսկ կարգին հարստություն են ներկայացնում: Իսկ վիրահայոց թեմի համար այդ եկեղեցիներն ամենից առաջ կարող են կենսական ու գոյատեւման նշանակություն ունենալ, քանի որ ներկա դրությամբ ընդամենը երկու հայկական եկեղեցի է գործում Թբիլիսիում, որոնցից մեկն առաջնորդանիստն է:

Որ ժամանակին բազմիցս հետաձգված, բայց ի վերջո կայացած հայոց կաթողիկոսի այցը Վրաստան շարունակություն ունեցավ ի դեմս օրենսդրական փոփոխության, որով Վրաստանում առկա կրոնական 5 համայնքների հնարավորություն տրվեց իրավաբանական անձի կարգավիճակ ունենալ` հանրային իրավունքի սուբյեկտի փոխարեն, դեռ ոչ մի կերպ չի արտացոլվել եկեղեցիների վերադարձման հարցի լուծման մեջ: Ավելին, Հայ առաքելական եկեղեցուն կարգավիճակ տրամադրելու որոշումից հետո մի տեսակ հանդարտ ու անխնդիր վիճակի տպավորություն ստեղծվեց, ինչը, ըստ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների, առանձնակի չօգնեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, թեեւ հայաբնակ Ջավախքի անունից քվեարկությունը հաղթող քվեներ «ապահովեց» նրա կուսակցության համար:

Ամեն դեպքում, Վրաստանում հայկական եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրով, ըստ «Արմենպրեսի» տեղեկության, զբաղվում է ստեղծված երկկողմ հանձնախումբը: Այդ մասին հայտնել է «Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր հայազգի Ռուսլան Պողոսյանը :

«Վիրահայոց եկեղեցիները հայերին վերադարձնելու հարցը, սակայն, դեռեւս կառավարության մակարդակով չի քննարկվել: Այս փուլում նոր կառավարությունը դեռեւս ծանոթանում է խնդրի էությանը: Հարցի քննությամբ զբաղվում է երկու եկեղեցիների կողմից ստեղծված հանձնախումբը, որն ուսումնասիրում է փաստաթղթերը, պատմական հուշարձանները», ասել է Պողոսյանը:

Թե ինչ է ուսումնասիրելու հայ եւ վրացի եկեղեցիների համատեղ հանձնախումբը, կապված եկեղեցիների պատմության ու առկա փաստաթղթերի հետ, կարելի է հարցականի տակ դնել, քանի որ այդ եկեղեցիներն ընդհանուր առմամբ իրենց վրա են կրում հայկականության, հայկական լինելու եւ հայ մարդու աղոթատեղի եղած լինելու վավերագրերն ու վկայությունները: Բացի դրանիցՙ «վիճահարույց» եկեղեցիները տարիների անտերությունից, անձրեւներից ու հրդեհներից արդեն իսկ կիսավեր են, ու մինչ եկեղեցական համատեղ հանձնախումբը ինչ-որ եզրակացության գա, հնարավոր է, որ այդ եկեղեցիներից կանգուն մնացած չլինի եւ ոչ մեկը:

Թեեւ նման հանձնախմբի գոյությունն ու գործունեությունը կարող է հուսադրող լինել, սակայն դա ավելի շուտ նման է հայկական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնելու, ու հարկ է չսպասել, թե երբ հանձնախմբի անդամներն ընդհանուր հայտարարի կգան, քանի որ դրա համար կարող են պետք լինել տարիներ: Իսկ մինչ այդ արդեն իսկ փլուզված ու դեռեւս մասամբ կանգուն եկեղեցիները կարող են լիովին խոնարհվել:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4