«Ազգն» արդեն ծանուցել է հոկտեմբերի 18-21-ը Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարդում մեծ հաջողություն գրանցած հայ մշակույթի օրերի մասին, որն առաջին անգամ անցկացվել էր 2011-ին, ինչի մասին ժամանակին իրազեկել էինք: Գերմանիայի տարբեր քաղաքներում հայ ակտիվ համայնքայինների ջանքերով տարբեր տարիների մեր մշակույթը գունեղ ծրագրով միշտ էլ ներկայացվել է գերմանացիներին, բայց հետեւողականորենՙ ամեն տարի հոկտեմբեր-նոյեմբերինՙ Քյոլնի Մայր տաճարին դիմահայաց Դոմֆորումում հայ երաժշտության, գրականության, լեզվի, ֆիլմի շուրջ համախմբման ավանդույթը սկիզբ է դրվել 2003-ին Քյոլնումՙ գերմանահայոց առաջնորդարանի մշակույթի հանձնախմբի եւ Քյոլնի կաթոլիկական կենտրոնի գործուն ջանքերով: Դրվատելի է, որ ամենահայաշատ համայնքի աշխատանքն օրինակ է դառնում գերմանահայ այլ համայնքների համար: Նկատելի է նաեւ, որ համայնքային գործիչները սկսել են համագործակցել տեղական մամուլի հետ, որի էջերում մշակութային օրերի ծանուցմանը զուգահեռ գովազդվում են Հայաստանն ու հայ մշակույթը:
2012-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Ախենում առաջին անգամ կազմակերպված հայ մշակույթի օրերին անդրադառնալով տեղական լրատուն ընդգծել էր, թե «շատ ախենցիների համար Հայաստանն անծանոթ երկիր է, ի տարբերություն նրան դրկից Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, որ ճանաչում է գրեթե յուրաքանչյուրը, նվազագույնըՙ լուրերից: Հենց այս անհավասարկշռությունն է ուզում փոխել Ախենի հայ համայնքըՙ իր մշակույթինբազմածալ ծրագրի միջոցով ծանոթացնելով» գրել էր թերթըՙ մանրամասնելով, թե մշակութային օրերի շրջանակներում ելույթ է ունեցել Քյոլնի Կոմիտաս երգչախումբը, ճարտարապետ Ջիորջիո Բավայն իր «Հայաստանյան տպավորություններն» է ներկայացրելՙ հանդիպում մարդկանց, ճարտարապետական կոթողների եւ բնաշխարհի հետ, երեխաները խեցեգործներ Տիգրան Սուքիասյանի եւ Ուրսուլա Բրույնսվիքի օգնությամբ իրենց քանդակներն են ծեփել, ելույթ է ունեցել սոպրանո Լուսինե Ղազարյանը: Մշակութային օրերի շրջանակներում ախենցիները ծանոթացել են հայ քնարերգությանը, նաեւ ժողովրդական երգ ու պարինՙ Քյոլնի «Cologne World Jazz Ensemble»-ի մատուցմամբ: Լիլիթ Տոնոյան (ջութակ), Տիմոֆեյ Բիրյուկով (հարվածային գործիքներ), Յոնաս Դունքել (բաս), Ադրիան Վախովիակ (դաշնամուր) քառյակն այս տարի առանձնահատուկ նվեր է մատուցել իրՙ ելույթից ելույթ բազմապատկվող երկրպագուներինՙ թողարկելով «Հայկական պարեր» ալբոմը: Ախենում բացվել է Տիգրան Սուքիասյանի եւ Հովհաննես Ամիրխանյանի ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 17-ը «Մշակութային կղզի Հայաստան» վերնագրով են ներկայանում Քյոլնի 9-րդ ամենամյա հայկական մշակույթի օրերը: Տեղական «Քյոլներ շտադտ անցայգերը» նախորդ տարիների նման տպագրել էր մշակութային օրերի ազդագիրը: Դոմֆորումում բացմանը ելույթ է ունեցել «Cologne World Jazz Ensemble»ՙ Կորյուն Ասատրյանի հետ համատեղ: Սաքսոֆոնահար Կորյունն այս անգամ դուդուկի հմայքն է փոխանցել ունկնդրին: Հոկտեմբերյանում ծնված, Երեւանում ակադեմիական կրթություն ստացած,1999-ից գերմանաբնակ նկարիչ Կամո Մարգարյանի ցուցահանդեսը նոյեմբերի 3-ին կներկայացվի սուրբ Պանթալեոն եկեղեցում, ուր ելույթ կունենա նաեւ Քյոլնի «Կոմիտաս» երգչախումբը: Նոյեմբերի 7-ին ժամը 19.30-ին Դոմֆորումում կցուցադրվի Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը: Բրեմենաբնակ գրող, հրապարակախոս Յոխեն Մանգելզենի հետ հանդիպումը կկայանա նույն վայրում նոյեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, հեղինակը կներկայացնի իր «Հայաստան մոլորակ» գիրքը, իսկ ուղեւորության երաժշտական մասը կապահովեն դաշնակահարուհի Անի Տեր-Մարտիրոսյանը եւ երգչուհի Անուշ Նազարյանը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ հայոց այբուբենի եւ լեզվի գաղտնիքներին կծանոթացնի Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 1991-ից Դյուսելդորֆի VHS-ում ռուսաց, 2003-իցՙ հայոց լեզու դասավանդող Հասմիկ Հակոբյանըՙ հետաքրքրվողներին առաջարկելով մասնակցել հայոց լեզվի ուսուցման վճարովի դասընթացներին: Քյոլնի մշակութային օրերի կազմակերպիչները ներկայացնում են գերմանահայոց առաջնորդարանի մշակույթի հանձնախումբը եւ Քյոլնի կաթոլիկական կենտրոնը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա