«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ԿԱՆԱԴԱ. ԵՐԱԶՆԵՐԻ ԹԵ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ

Հայաստանյան կյանքով ապրող ամեն մի հայ քաջատեղյակ է մեր երկրի հոգսերին: Կոռուպցիայի բարձր մակարդակ, քանդված տնտեսություն, որ չի կարողանում հաղթահարել 1988-ի երկրաշարժի հետեւանքներըՙ բազմաթիվ ընտանիքների այդպես էլ տարիներ շարունակ թողնելով տնակային պայմաններում, հարեւան երկրի հետ շարունակվող պատերազմի ամեն օր սթափ լինելու պահանջը եւ շատ էլի բաներ: Ահա այս մթնոլորտում ու միջավայրում ապրելով, երբեմն երեւանցին երազում է, թե արդյոք ինչպիսի՞ն կլինի զարգացած տնտեսությամբ, պատերազմի արհավիրք չտեսած, խաղաղ երկիրը: Մտածում ես ու ընկնում երազների գիրկը: Բայց արի ու տես, որ կա այդպիսի երկիրՙ Կանադա, իր զարգացած արդյունաբերությամբ, ամենաառաջավոր տեխնոլոգիայով հագեցած առողջապահությամբ, սոցիալական զարգացած ենթակառուցվածքներով ու ազատ դեմոկրատական սկզբունքներով շնչող երկիր: Ուզում եմ, որ ընթեցողը մտովի միայն պատկերացնի, թե ինչպիսի ինֆորմացոն շոկ կապրի անձըՙ ընկնելով Հայաստանից Կանադա: Մարդ չի իմանում ինչից ու որտեղից սկսի: Որքան էլ կանադական կառավարությունը հյուրասեր ձեւով բացել է դռները, հրապարակային ձեւով ազատ տրամադրելով տեղեկատվություն տարբեր հնարավորությունների ու կացության միջոցների մասին, այնուամենայնիվ Կանադա եկածներից քչերին է հաջողվում հանգիստ հաղթահարել նոր եկածի ախտանիշը: Շատերն էլ հուսախաբ լինելով նորից լքում են Կանադանՙ այդպես էլ չհամակերպվելով իրավիճակին: Հոդվածիս նպատակն է ճիշտ ներկայացնել կացությունը, որպեսզի հայաստանյան այն ընտանիքները, որոնք ոգեւորված են Կանադա ներգաղթելու մտքով, մի անգամ եւս ծանրութեթեւ անեն իրավիճակը:


Կարծում եմՙ նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ Կանադան ժողովրդագրական խնդիրներ ունենալու պատճառով երկար տարիներ էՙ ինչ որդեգրել է ներգաղթյալներ ընդունելու ծրագիր: Երեւանում նույնպես գործում է այդպիսի մի գրասենյակ, որն օգնում է ցանկացողներին մեկնել եւ հաստատվել Կանադայում, որը գտնվում է Երեւանի Միավորված ազգերի կազմակերպության շենքում, որտեղ հերթագրվելով կարելի է լիարժեք ինֆորմացիա ստանալ ընթացակարգի, անհրաժեշտ պահանջների ու փաստաթղթերի մասին: Բազմաթիվ հայաստանցիներ օգտվել են այդ հնարավորությունից, մի մասն արդեն տեղափոխվել է Կանադա, մյուսներն էլ սպասում են իրենց հերթին: Անհրաժեշտ փաստաթղթերի քանակն ու ընթացակարգային միջոցառումները բավականին ջանք, ժամանակ ու նաեւ գումար են պահանջում: Պատկերացրեքՙ ի՜նչ ուրախություն է ապրում այդ ընտանիքը, որը հաջողությամբ հաղթահարելով այդ ամենը, ստանում է բաղձալի թույլտվությունը: Ուրախություն, շնորհավորանքներ, բարի մաղթանքներ, ինքնաթիռ, վայրէջք ու......

Սկսվում է զարմանքը, հետաքրքրությունը, իսկ հետո նաեւ հիասթափությունը: Ինչո՞ւՙ կզարմանա ընթերցողը: Այ այդ «ինչու»-ի մասին է, որ ցանկանում եմ խոսել: Բանն այն է, որ ինչպես նշեցի, ներգաղթյալների համար կա բավականին հստակ ընթացակարգ, որտեղ կան պահանջներ, որին պետք է բավարարել: Այդ պահանջներից մեկն էլ եւ ամենակարեւորը անգլերեն լեզվի իմացությունն է բավականին բարձր մակարդակով: Դրա համար հարկավոր է հատուկ քննություն հանձնել միջազգային ստանդարտներին համապատասխան: Բացի դա, ծանոթանալով մնացած պահանջներին, հասկանալի է դառնում, որ Կանադան ցանկանում է ընդունել տվյալ բնագավառում լավագույն տարիք ունեցող լավագույն մակարդակի մասնագետներին. միայն լավագույններին, այսինքն «սերուցքը»: Բայց ի՞նչ վատ բան կա դրանում, կհարցնի ընթերցողը: Մի քիչ համբերեք: Ահա այդ լավագույնը, հայտնվելով Կանադայի տարածքում, նոր է հասկանում ու զգում հակասությունը, մինչ այդ ասածի եւ իրականության: Պարզվում է, որ եթե եկողը բարձրագույն կրթությամբ անձնավորություն է, ապա նա իր կրթական փաստաթղթերով չի համապատասխանում կանադական պահանջներին, այսինքնՙ նա չի կարող աշխատել իր մասնագիտությամբ: Մնում է երկու ելք. կամՙ լրացուցիչ կրթություն, որը տարիներ է պահանջում ու նաեւ ծախսեր, որոնք տասնյակ անգամներ գերազանցում են հայաստանյան բուհերի կրթավճարները, կամ, որ ավելի հաճախ է պատահումՙ դնել մի կողմ կրթական մակարդակն ու բոլոր նվաճումները, անցնել բարձրագույն մասնագիտական կրթություն չպահանջվող աշխատանքի (մատուցող, ներկարար, բեռնակիր, սովորական բանվոր, ափսե լվացող եւ այլն): Պարզվում է, որ նույնիսկ բազմաթիվ ամիսներ լրացուցիչ կրթություն ստանալուց հետո էլ, հաջողությամբ հանձնելով տեղի պահանջվող քննությունները, միեւնույնն էՙ աշխատանք գտնել հաջողվում է ոչ բոլորին, քանի որ հենց Կանադայում ծնված, մեծացած կրթված կադրերն այնքան շատ են, որ լիովին կարող են բավարարել ու դեռ մի բան էլ ավելցուկով: Հարց է առաջանումՙ հապա ուր մնաց Երեւանում լսած հայտարարությունները, որ Կանադան կարիք ունի ուսուցիչների, գիտության աշխատողների, բժիշկների... Այո ունի, բայցՙ իր կրթօջախների դիպլոմներով մասնագետների: Այ սա է, որ չի ասվում ու չի տեղեկացվում Կանադա տեղափոխվելու պատրաստվող հայաստանցուն: Կան բազմաթիվ տասնյակներով կանադական համացանցի էջեր, որոնք հայտարարում են Կանադայի տարբեր անկյուններում աշխատատեղերի մասին: Հայաստանում նստած մարդը չի էլ պատկերացնում, որ այդ հայտարարություններից ամեն մեկի հետեւում արդեն տասնյակներով կանադացի գործազուրկներ կան, ու երբ դիմում են, առաջին հերթին նրանց է տրվում առաջնայնությունը, հետո մշտական կարգավիճակ ունեցողներին, դրանից հետո աշխատանքային հրավերով երկրում ապրողներին ու այսպես շարունակ: Հայտարարությունների մեծ մասը հաջորդ ժամերի ընթացքում իսկ արդեն գտնում է աշխատողին, չնայած որ նա դեռ համացանցում կա: Հիշում եմ, երբ կարդացի հայտարարություններից մեկը, անմիջապես ուղարկեցի իմ ռեզյումեն: Հետո զանգահարեցի հետաքրքրվելուՙ թե ինչ եղավ: Հեռախոսի մյուս կողմից հարցրեցինՙ թե արդյոք ես ունե՞մ այսինչ դասընթացների անցման վկայականը, սերտիֆիկացիան կամ որակավորումը: Ես պատասխանեցի, որ հայտարարության մեջ այդ պահանջի մասին որեւէ բան գրված չէ: «Օհ...», զարմացավ խոսակիցս: «Մեզ մոտ այնքան բարձր է մրցակցությունը, որ մենք առաջնայնությունը տալիս ենք այդ որակավորում ունեցողներին եւ դրա մասին կարիք էլ չկա գրելու, քանի որ ամեն ոք, որ անցել է այդ ճանապարհը, տեղյակ է այդ մասին», եղավ պատասխանը: Խեղճ հայաստանցի, որտեղից իմանա, որ բացի համացանցի նշված պահանջներից, կան նաեւ չգրված պահանջներ, որոնք ավելի դժվար է բավարարել: Հիմա արդեն այնքան օտարերկրացիներ կան, որոնք տարբեր քննությունների կամ ինտերնետային իրենց հերթին են սպասում, որ նորերի կարիք չկա: Սա պետք է շարունակ կրկնել, որ դյուրահավատ ընթերցողը հասկանա, տուն ու տեղը չվաճառի ակնկալիքով, որ ահա ոտք է դնելու կանադական հող ու սկսելու է անմիջապես փողեր աշխատել: Ընդհակառակըՙ նա դեռ ամիսներ ստիպված է լինելու առանց որեւէ եկամուտի հազարավոր դոլարներ տան վարձ տալով ապրել, առանց երաշխիքի, որ երբեւէ իր մասնագիտությամբ կաշխատի: Իսկ Կանադան դրանից միայն շահում է, քանի որ ունենում է «կրթված» ափսե լվացող կամ տաքսու վարորդ եւ միաժամանակ իր ժողովրդագրական խնդիրն է լուծում: Կա նաեւ մի ավելի կարեւոր պահՙ խաբելով ու իր երկիր բերելով այլ երկրների «կրթված սերուցքը», Կանադան անուղղակի կերպով թուլացնում է այդ երկրներին, «գողանալով» նրա ինտելեկտուալ պոտենցիալը: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ հատուկ բարձրագույն կրթություն չպահանջվող աշխատանքի (մատուցող, ներկարար, սովորական բանվոր, ափսե լվացող եւ այլն) պահանջ Կանադայում կա, բայց նույնիսկ սա մշտական չէ եւ ոչՙ ամենուր: Սակայն ընթերցողն ինքն էլ է լավ հասկանում, որ Հայաստանում կամ այլ զարգացող երկրներում այդքան էլ հեշտ չէ «հայտնի» ափսե լվացող, «սվաղչի» կամ «վարորդ» ճարել, որ կարողանա միջազգային ստանդարտներին համապատասխան անգլերեն քննություններ տալ: Այ հենց սա է հակասությունըՙ աշխատուժի այն խավը, որի պահանջարկը կա, չի կարող ինտելեկտուալ մակարդակներ բավարարել, իսկ ինտելեկտուալ պահանջները բավարարող խավի համար էլ իրենց մասնագիտությամբ աշխատանքի կարիքը չկա: Ուզում եմ մի անգամ էլ նշել, որ սա վերաբերում է ոչ միայն մեծ քաղաքներին, այլեւ Կանադայի ողջ տարածքին, ընդհուպՙ սակավամարդ հյուսիսային շրջանները:

Կա նաեւ հարցի մյուս կողմը, որ մտածելու ավելի տեղիք է տալիս: Արդյոք այս ամենը դիտավորյալ չի՞ արվում, քանի որ թյուրիմացության մեջ գցելով ու Կանադա տեղափոխելով ազգի ինտելեկտուալ հատվածին, չե՞ն թուլացնում տվյալ երկիրը: Օրինակ 1990թ.-ից սկսած մինչ այսօր Կանադա են տեղափոխվել 200-ից ավելի հայաստանցի բժիշկներ, որոնցից միայն երեքին է հաջողվել անցնելով բոլոր դժվարությունները աշխատել մասնագիտությամբ: Պատկերացրեք թե այդ 200 բժիշկը Հայաստանում որքան օգուտ կտային երկրին, իսկ այստեղ նրանց մեծ մասը մոռացել է սպիտակ խալաթը: Իսկ թե որքան ինժեներներ, ֆինանսիստներ, գիտության ոլորտի աշխատողներ են եկել, դժվար է հաշվել: Այ այսպես կարելի է աղքատացնել երկիրը մտավորականներից:

Իհարկե տեղին է անդրադառնալ հայ համայնքի պասիվ դերին, ինչպես նաեւ կանադական մի շարք մասնագիտական եւ հայ հասարակական կազմակերպությունների դերին, որոնց մասին առանձին կանդրադառնամ իմ հաջորդ հոդվածներում:

Շատ կուզենայի, որ Հայաստանի կառավարությանն առընթեր Փախստականների ու միգրացիայի հարցերով վարչության պատասխանատուները Երեւանի ՄԱԿ-ի գրասենյակի Կանադա ներգաղթելու հարցերով պատասխանատուին մի անգամ հարցնենՙ թե ինչու բարձրագույն կրթությամբ դիմորդներին պարզորոշ չի ասվում, որ իրենց հայաստանյան դիպլոմները միայն կրթությունը շարունակելու համար կարող են ծառայել, ոչ թեՙ աշխատանքի:

Պատրա՞ստ են արդյոք նրանք բարձրագույն կրթություն չպահանջվող աշխատանք (մատուցող, ներկարար, սովորական բանվոր, ափսե լվացող եւ այլն) կատարել ամիսներ շարունակՙ բնակարանային վարձն ու կյանքի առաջնահերթ պահանջները հոգալու համար:

Տեղյա՞կ են արդյոք, որ նույնիսկ ամիսներ շարունակ լրացուցիչ կրթություն ստանալուց ու դրա համար մեծ գումարներ ծախսելուց հետո էլ աշխատանք գտնել երաշխավորված չէ, եւ տարիներ կարող է պահանջվել մասնագիտությամբ աշխատելու համար: Ինչո՞ւ եք արդյոք սխալ տեղեկություն տարածում եւ թյուրիմացաբար մարդկանց տեղահանումՙ ասելով, որ այդ մասնագետների պահանջը կա, երբ դրա կարիքը Կանադան ընդհանրապես չունի:

Կարծում եմՙ միայն այսպես հետեւողական լինելով երկիրը կարող է տեր կանգնել իր կադրերին, այլ կերպ ասած մտավոր պոտենցիալին, որը ամենակարեւոր արժեքն է պետության կայացման եւ զարգացման գործընթացում:

Ս. ԱՐԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4