«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. ՄԱՐԴ, ՈՒՄ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ

Սերգեյ Համբարձումյանի, պրոֆեսոր Աշոտ Տեր-Իսրայելյանի, Ալիս Մարջանյանի ղեկավարությամբ «Ավտոմոտոգործ» առարկայի շրջանակում Մանկավարժականի ուսանողները շաբաթական մեկ անգամ սովորել են տրակտոր վարել:

Դասընթացները տեւել են ընդամենը 1-1,5 տարի. ավարտելուց հետո բոլոր ուսանողները քննություն են հանձնելՙ վարելով Մանկավարժականի բակում տեղակայված տրակտորը:

«Մեծ հայրենականի տարիներին տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղերում մնացել էին կանայք, համալսարաններում էլ միայն աղջիկներն էին սովորում: Որոշում ընդունվեցՙ այն ուսանողները, որոնք հետագայում պետք է գյուղ գործուղվեն, բուհում պետք է ավտոմոտոգործ սովորեն, ավելի կոնկրետՙ տրակտոր վարել. դա պարտադիր էր բոլորի համար», տարիների հեռվից հիշում է Սերգեյ Համբարձումյանը , որ հրավիրվել էր Մանկավարժական համալսարանՙ ավտոմոտոգործ դասավանդելու:

Այս փոքրիկ, բայց անմոռանալի հուշն է պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին կապում Մանկավարժական համալասարանի հետ, որն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը:

Ակադեմիկոսը նկատում է Մանկավարժականում կատարվող բարեփոխումները եւ կարեւորում է հատկապես, որ համալսարանի ղեկավարությունը հաճախ է հրավիրում հանրապետության լավագույն գիտնականներինՙ բուհում դասավանդելու:

«Գիտությունը կարող է զարգանալ այն դեպքում, երբ այդ ասպարեզում կան գիտությամբ զբաղվող հաստատությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Մանկավարժականն այսօր պետք է սերտորեն կապված լինի գիտության բոլոր ոլորտների հետ», նշեց Սերգեյ Համբարձումյանըՙ իր ափսոսանքը հայտնելով գիտության բնագավառում երիտասարդների սակավ ներգրավվածության համար:

72 տարվա մանկավարժական փորձ ունեցող Սերգեյ Համբարձումյանը կարծում է, որ «մանկավարժություն» տերմինը վաղուց կորցրել է իր իմաստը: Նա առաջարկում է այն փոխարինել դասագիտություն, ուսուցչաբանություն կամ այնպիսի բառով, որում կարտահայտվի այդ գիտության ողջ էությունը: Հատկանշական է, որ պրոֆեսորը խիստ պարտադիր է համարում տղամարդ ուսուցիչների առկայությունը դպրոցում. դա կփոխի մթնոլորտն ու աշակերտների մտածելակերպը:

«Ուսուցիչը ոչ թե պետք է երեխային դիտարկի որպես դատարկ անոթ ու լցնի գիտելիքներով, այլ գիտելիքներ տալու հետ մեկտեղ սովորեցնի մտածել եւ ինչպես կիրառել ստացածը: Վերջապես արդյունքի են հասնում նրանք, ովքեր կարողանում են մտածել», նշեց Սերգեյ Համբարձումյանը, որը բնությունից օժտված է վարժապետ լինելու առաքելությամբ, որը սիրում է դասավանդել. նրան սիրում են լսել բոլորը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4