«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ՏՈԿԻՈՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԱՆՈՒՇ ՆՎԱՐԴԸ

Լոս Անջելեսից ստացված տեղեկատվությունը ուրախությամբ հայտնում է, որ ամերիկահայ դերասանուհի Անուշ Նվարդը, որը հանրությանը ծանոթ է իր «Ալեքսը եւ քաղաքը-2», «Շներին պետք է սիրել», «Ճիչեր Ռամայից» եւ «Քարթերի ցանկությունը» ֆիլմերով, Տոկիոյում կայացած կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում «լավագույն դերասանուհի» է ճանաչվել եւ մրցանակի արժանացել այդ անվանակարգում HIGH CARD TRUMPS ֆիլմում «Դահաբի» դերը մարմնավորելու համար:

«Չափազանց զգացված եմ եւ մրցանակը նվիրում եմ այն կին ու տղամարդ վետերաններին, ովքեր հանուն ազատության պայքարել են եւ ծառայել մեր հայրենիքին: Ֆիլմը երկրի եւ մեր ընտանիքների հանդեպ պարտականությանց մասին է, եւ նրանց մասին, ովքեր գիտակցում են այդ պարտականությունը», ասել է դերասանուհին մրցանակը ստանալիս:

HIGH CARD TRUMPS-ը (բարձրարժեք հաղթաթղթեր) կարճամետրաժ պատմողական ֆիլմ է մի քմահաճ կնոջ մասին, որ «չեմպիոն-տատիկ» դառնալու լավ լուրը ցանկանում է կիսել իր «օգնեք մեր զինծառայողներին» ամենամսյա հավաքի կամավորների հետ, երբ հանկարծ խմբին միանալու է գալիս մի արաբ մայր եւ փոխում է նրա պատկերացումները պատվի, հայրենասիրության եւ զոհաբերության մասին: Ֆիլմի սցենարը գրել է Սթեյսի Պարշալ Ջենսենը: Ռեժիսորն է Ջեֆրի Քուանը: Անուշ Նվարդից բացի մյուս դերասաններն են Էյբրիլ Գրեյսը («Վերջին ապաստան», «Մագնոլիա», «Ես լեգենդ եմ», «Ամերիկյան սարսափի պատմություն» ֆիլմերից), Դեբրա Օսլոն-Տոլարը եւ Ջեյնեդի Ռոմանը: Ավելացնենք, որ վետերանների օրվան նվիրված ազգային հանդիսությունը ամեն տարի տեղի է ունենում նոյեմբերի 11-ին Առլինգտոնի ազգային գերեզմանատանը պատվելու համար բոլոր նրանց, ովքեր ծառայել են Մ. Նահանգների զինված ուժերում: Անուշ Նվարդը անցյալ հունիսի 10-ին հանդես է եկել «Տուն Քաջաց» բարեգործական համերգի ժամանակ, որտեղ 70 հազար դոլար է հանգանակվել անտուն վետերաններին ժամանակավոր կացարաններով ապահովելու հիմնադրամի համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4