«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻ. «ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՍԱՆՐՎԱԾՔԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԲԵՐՈՒՄ»

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կրասնոդարի» դարպասը Մարկոս Պիզելիի խփած միակ գոլը «Կուբանին» հաջորդ փուլի ուղեգիր պարգեւեց: «Կուբանն» իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու ՌԴ գավաթի քառորդ եզրափակիչում, որտեղ մրցելու է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: «Կրասնոդարի» կազմում բացակայում էր ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկըՙ Յուրա Մովսիսյանը: Իսկ Արաս Օզբիլիզը «Կուբանի» կազմում հայտնվեց 60-րդ րոպեին:

«Կրասնոդարի» հետ խաղում Մարկոս Պիզելին խաղադաշտ էր դուրս եկել նոր սանրվածքով, որը հաջողություն բերեց բրազիլացի ֆուտբոլիստին: Խաղից հետո Մարկոսը հարցազրույց է տվել «Կուբանի» պաշտոնական կայքին, որը կհետաքրքրի «Ազգի» ընթերցողներին:


- Ռուսաստանում գտնվելիս սանրվածքս չէի փոփոխել: Իսկ ահա Բրազիլիայում խաղալիս երբեմն փոխում էի իմիջս եւ դա ինձ հաջողություն էր բերում: Ուրախ եմ, որ այս անգամ էլ թիմի եւ ինձ համար կարեւոր պահին սանրվածքիս փոփոխությունը կրկին հաջողության հասցրեց:

- Բայց առավոտյան կայացած մարզման ժամանակ կարծես թե սանրվածքի փոփոխություն չկար:

- Այո, վճիռն ակնթարթորեն կայացրի: Ցանկանում էի ինչ-որ կերպ ինձ ոգեւորել, անսովոր բան կատարել, հավասարակշռությունից հանել: Այս ամենի արդյունքում ահա թե ինչ ստացվեց:

- Վարսավիրին մարզաբազա՞ էիր հրավիրել:

- Ոչ: Իմ խաղընկեր Զելաոն հիանալի վարսավիր է: Իմ սանրվածքն ամբողջությամբ նրա ձեռքի գործն է: Իմ կարծիքով, բավականին լավ է ստացվել, բացի այդ էլ հաջողություն բերեց ինձ: Կարծում եմ, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լուիսը կարող է գեղեցկության սրահ բացել: Այդ դեպքում հաստատ կլինեմ նրա առաջին եւ մշտական հաճախորդը:

- Մարկոս, եթե ավելի լուրջ խոսենք, ապա ինչպե՞ս կգնահատես այսօրվա հանդիպումը:

- Առանց չափազանցության կարող եմ ասել, որ այսօր թիմի տարեգրության նոր էջ բացեցինք: Մենք գիտեինք, որ մինչեւ «Կրասնոդարի» հետ հանդիպումը «Կուբանը» երբեք գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլ չէր մտել: Գոհ ենք, որ սեփական երկրպագուների առջեւ կարողացանք հաղթել այս կարեւորագույն խաղում: Խաղից հետո հանդերձարան եկան ակումբի ղեկավարները: Նրանք նշեցին, որ այս արդյունքին վաղուց էին սպասում թիմի երկրպագուները:

- Վերջին 2 հանդիպումներում դարձել ես գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Կարելի՞ է պնդել, որ կրկին խաղային ռիթմին հարմարվել ես:

- Վերջին ամսին այնքան էլ հաճախ չեմ խաղացել, ուստի մարզումների ժամանակ քրտնաջան աշխատում էի, որպեսզի կրկին հնարավորություն ստանամ խաղադաշտ դուրս գալու: Մարզիչը վստահեց ինձ եւ շատ երջանիկ եմ, որ կարողացա նրա սպասելիքներն արդարացնել:

- Ի՞նչ կասես բուն խաղի մասին:

- Մենք մրցակցին գերազանցեցինք գոլային պահերով: Ճիշտ է, մի քանի անգամ պաշտպանությունում սխալվեցինք: Սակայն դա ոչ թե մրցակցի ճնշման, այլ հաղթելու ցանկությունից դրդված որոշ նյարդային վիճակի հետեւանք էր: Սակայն գոլ խփելուց հետո մենք վստահություն ձեռք բերեցինք, կարող էինք մի քանի անգամ եւս աչքի ընկնել: Բայց մեկ գոլն էլ բավարար եղավ հաղթելու եւ մեր ֆուտբոլասերներին ուրախացնելու համար: Նրանք այսօր իրենց ջերմ աջակցության համար արժանի էին հաղթանակ տոնելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4