«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2012-10-30 | #192, 2012-10-31 | #193, 2012-11-01


ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի 4-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող հայաստանցի 3 շախմատիստներից միայն Ռոբերտ Հովհաննիսյանին հաջողվեց շարունակել հաղթարշավը: Նա 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց միջազգային վարպետ Գիլ Պոպիլսկու հետ պարտիայում: Այդ հաղթանակի շնորհիվ Ռոբերտ Հովհաննիսյանը 4 միավորով գլխավորեց աղյուսակը: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցում է նույնպիսի արդյունք ունեցող ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոյին, Ալեքսանդր Շիմանովին եւ Վլադիմիր Եպիշինին:

Առաջին կես միավորը կորցրեց Ավետիք Գրիգորյանըՙ հաշտություն կնքելով Պարիմարջան Նեգիի հետ: Նա 3,5 միավորով 8-րդ տեղում է: Իսկ ահա Հովիկ Հայրապետյանը, որ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել, առաջին պարտությունը կրեց Ալեքսանդր Շիմանովի հետ մրցավեճում: Հայրապետյանն ունի 3 միավոր:

Նման արդյունքի են հասել նաեւ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրեասյանը: Հակոբյանը 2 անընդմեջ ոչ-ոքիներից հետո հաղթեց Արթուր Դիմուհամետովինՙ տոնելով մրցաշարում 2-րդ հաղթանակը: Զավեն Անդրեասյանը մեկնարկում պարտվելուց հետո 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Զվիադ Սիչինավայի նկատմամբ:

4-րդ տուրը հաղթական էր նաեւ Արմեն Անտինյանի համար, որը պարտության մատնեց Ազիզ Նեզադին: Անտինյանն ունի 2,5 միավոր: Նույնքան միավոր է գրանցված նաեւ Վահե Բաղդասարյանի օգտին, որը ոչ-ոքի խաղաց Դենիս Պերշինի հետ: Հայաստանի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը հաղթելով Դմիտրի Մաքսիմովին, վաստակեց 2 միավոր: Վլադիմիր Պողոսյանն ունի 1,5 միավոր: Մարկ Բասենչյանն ու Գոռ Ալեքսանյանը վաստակել են մեկական միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4