Սիրիայի հարավումՙ Ջեբել Թուրքմեն լեռան շրջանում ապրում են արաբացած թուրքմեններ եւ երազում են վարչակարգի տապալման մասին, որին մեղադրում են սուննիներիՙ իրենց դավանակիցների հալածման մեջ: Թուրք-սիրիական սահմանում տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Դամասկոսի եւ Անկարայի պատերազմին: Քանզի սահմանամերձ գոտում հաստատված ապստամբների վրա սիրիական բանակի արձակած որոշ արկեր ընկել եւ պայթել են Թուրքիայի տարածքում, հարուցելով թուրքական բանակի կտրուկ հակազդեցությունները:
Կառավարության եւ ընդդիմության հակամարտության սկզբնական շրջանում համեմատաբար խաղաղ Ջեբել Թուրքմենը աշխուժացավ այս տարվա հունիսին: Չորս օր տեւած մարտերից հետո տեղացի ապստամբները գրավեցին լեռան գլխավոր քաղաք Ռաբիեն: Նախորդ երկու ամիսներին թուրքմենները կառավարական ուժերից խլել էին շրջակա գյուղերը: Այդ մասին Le Monde թերթի թղթակցին պատմել է տեղացի աշխարհազորայիններից մեկը: Նա ավելացրել է, որ Ռաբիեի ազատագրման օրը բոլոր պաշտոնյաները հեռացել են այնտեղից: Դպրոցը փակ է, դիսպանսերըՙ նույնպես: Կառավարությունը դադարեցրել է աշխատավարձերի վճարումը: Մինչեւ սեպտեմբերի սկիզբը Ռաբիեն թիրախ էր կառավարական զորքերի թնդանոթների համար, որոնք տեղադրված էին Բուրջ Ալ-Քասսաբի բարձունքի վրա: Երբ ապստամբները գրավեցին այն, վտանգի աղբյուր դարձան բանակի ուղղաթիռները: Դրանք բնակիչների վրա նետում են ինքնաշեն ռումբեր, որոնք Սիրիայում ստացել են «տակառներ» անվանումը: Թուրքմեններից շատերը ռումբերից փրկվելու համար հատում են սահմանը եւ անցնում Թուրքիայի տարածք:
Ապստամբները աստիճանաբար մոտենում են ծովափնյա Լաթաքիա քաղաքին: Հոկտեմբերի կեսերից մարտեր են մղվում Բալողան լճի մոտակայքում: Սակայն նոր իրավիճակը կարող է գեղատեսիլ Ջեբել Թուրքմենը ներքաշել միջդավանանքային պատերազմի մեջ: Մի գյուղը կարող է դուրս գալ մյուսի դեմ: Թուրքմենները ամեն անգամ ալավիների գյուղեր մտնելիս զգուշանում են, որ հանկարծ որեւէ մեկին չվնասեն: Սակայն ալավիները նախընտրում են «փախչել Լաթաքիա եւ ապաստանել վարչակարգի գրկում»:
Վարչակարգը եւ ապստամբները միմյանց մեղադրում են այն բանում, որ ապստամբների ձեռքն անցնելուց հետո հրկիզվել է ալավիների Կինդեսիե գյուղը: Վարչակարգը փորձում է կանգնեցնել ապստամբների մուտքը ալավիների տարածքներ: Սակայն թուրքմենները մտադիր են «Թուրքիայի ալավիների հետ գործակցելով ձախողել Բաշար Ասադի ծրագիրը»:
Ծայր հարավում ապստամբները պատրաստվում են հարձակվել Թուրքիայի սահմանակից, հայաբնակ Քեսապ գյուղի վրա, որտեղ ապրում են նաեւ թուրքմեններ: Գյուղը դեռ սիրիական բանակի վերահսկողության տակ է: Թուրքմեն ապստամբները մտադիր են գյուղը գրավելով ծով դուրս գալ եւ ազատորեն հաղորդակցվել Թուրքիայի հետ, ծովով զենք ներկրել եւ այլն: «Ես Քեսապի մեր հայ եղբայրներին նախազգուշացնում եմ, որ հեռանան նախքան ապստամբական բանակի հարձակումը, որպեսզի զերծ մնան քաղաքացիական անձանց կորուստներից եւ շարունակեն գանգատվել թուրքերի գործած ցեղասպանությունից», հայտարարել է թուրքմեն ապստամբը:
Ըստ Le Monde թերթի, Պատրաստեց Պ. Ք.
«Ազգ»-ը թեմային կանդրադառնա հետագայում: