«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2012-11-01 | #194, 2012-11-02 | #195, 2012-11-03


ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ՉԷ, ՍԱԿԱՅՆ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ Է

Դալայ Լամա, Պլատոն, Պյութագորաս, Մահաթմա Գանդի, Բեռնարդ Շոու, Բայրոն, Աբրահամ Լինքոլն, Իսահակ Նյուտոն, Չարլզ Դարվին, Փոլ Մաքքարթնի- այս ու էլի տասնյակհազարավոր անձանց միավորում է մեկ փաստՙ նրանք բուսակերներ են:

Բուսակերությունը գաղափարախոսություն է, ապրելակերպ, որ ժամանակի ընթացքում բազմաթիվ երկրներում վերածվել է պաշտամունքի: Հնդկաստանն ու Չինաստանը համարվում են այն երկրները, որոնք բուսակերության հիմքը դրեցինՙ 7-րդ դարում: Սյդ երկրներում բուսակեր բնակչության թիվը հասնում է 45 տոկոսի: Իսրայելում բուսակերները ձուկը չեն համարում մսամթերք եւ շաբաթը գոնե 3 անգամ նախընտրում են ձկնեղենը: Ավստրալիայում եւ Բելգիայում բուսակերության պաշտամունքը հասել է այնտեղ, որ տարվա մեջ մեկ շաբաթ անցկացվում են բուսակերությանը նվիրված միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ:

Գոյություն ունի բուսակերների երկու շերտ, նրանց պայմանականորեն անվանում են «հին» եւ «նոր»: Հին բուսակերները բացառում են սննդի մեջ կենդանական ծագման որեւէ բաղադրիչի օգտագործում, իսկ «նոր» բուսակերները օգտագործում են նաեւ կաթնամթերք եւ ձու, քանի որ դրանց ստացմամբ կենդանիների հանդեպ ֆիզիկական ոտնձգություն չի թույլատրվում:

Վերջերս շվեդական եւ գերմանական հեղինակավոր համալսարանները ապացուցել են, որ մարդու օրգանիզմին անհրաժեշտ 8 ամինաթթուները կան կանաչեղենում եւ բանջարեղենում, հետեւաբար, բուսակերության անցումը որեւէ սպառնալիք չի հարուցում առողջությանը:

70-ականներին ամերիկացի գիտնականներն ապացուցեցին, որ ալկոհոլիզմից ու ծխելուց հետո սննդի մեջ մսի օգագործումը մահացության գլխավոր պատճառներից մեկն է: Հարվարդի համալսարանի գիտնականներն էլ նշում են, որ բուսակերների մեջ ավելի հազվադեպ են հանդիպում մրսածություն, ալերգիա եւ քաղցկեղ, քանի որ սննդակարգը թույլ է տալիս մարդկային օրգանիզմին ներդաշնակ կերպով մոտենալ բնությանն ու ապահովել առողջ նյութափոխանակություն:

Եթե ձեր սննդակարգում գերակշռի ոչ թե ճարպոտ միսը, այլ բանջարեղենը, ապա դուք կխուսափեք քաղցկեղային հիվանդություններից ու շաքարային դիաբետից: Սա գիտությունների ամերիկյան ակադեմիայի 1983-ին արված հետազոտության արդյունքն է: Ճարպակալում, բարձր ճնշում, սրտի անբավարարություն եւ կաթված: Բազմաթիվ գիտնական բժիշկներ հավաստիացնում են, որ բուսակերությամբ հնարավոր է խուսափել այս հիվանդություններից: Բժիշկների մյուս խումբն էլ, չմերժելով բուսակերությունը, խորհուրդ է տալիսՙ միս կերեք, բայց չափավոր:

Աշխարհում այսօր բուսակերների թիվը կտրուկ շատացել է: Դա հատկապես զգացվում է եվրոպական երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Իսրայելում: Վերջին տարիներ բուսակերների կտրուկ աճ է գրանցվել նաեւ Ռուսաստանում:

Աշխարհի ամենահայտնի սննդի կետերից մեկը McDonald՛s-ը, որ բարձր պահանջարկ ունի ամենաճարպակալած պետությունումՙ ԱՄՆ-ում, գրեթե շահույթ չէր ստանում հատկապես Չինաստանում եւ Հնդկաստանում: Հենց այդ պատճառով, նախորդ տարի ընկերությունում որոշեցին բացել նաեւ առանձին սննդի կետ բուսակերների համար: Ճաշացանկում սալաթներ են, բրնձից, ոսպից, եգիպտացորենից եւ կարտոֆիլից պատրաստված կոտլետներ, սնկային ճաշատեսակներ: Այժմ կազմակերպությունը մտադրվել է նմանատիպ սննդի կետեր բացել նաեւ Ավստրալիայում, Չինաստանում, Բելգիայում:

Մեր երկրում բուսակերներն այնքան էլ շատ չեն, ըստ որոշ հաշվարկների, բուսակերները կազմում են բնակչության առավելագույնը 5 տոկոսը: Դա բացատրվում է նրանով, որ հայկական ներկայիս խոհանոցը հիմնականում մսեղենից է բաղկացած, եւ շատերը նախապատվություն են տալիս մսային կերակուրներին: Շատերն էլ դա սով ու տառապանք տեսած ազգի սինդրոմ են համարում. «Քանի կաՙ ուտենք, չի բացառվում, որ վաղը չի լինի»:

Թեպետ ժամանակի ընթացքում այդ տեսակետի հետեւորդներն ավելի են նվազում, սակայն որոշակի վերաբերմունք բուսակերների հանդեպ ձեւավորված չէ:

Եթե եվրոպական երկրների եւ ԱՊՀ-ի ռեստորաններում առանձին հատվածով ներկայացվում է բուսակերների համար առաջարկվող ճաշացանկը, ապա Երեւանում նման վերաբերմունք գոյություն չունի: Ավելին, միս տապակած յուղի մեջ կտապակեն նաեւ կարտոֆիլն ու կհրամցնեն նախապես բուսակեր ներկայացած հաճախորդին: «Իսկ դուք ձո՞ւկ էլ չեք ուտում, բա հա՞վ», կհարցնեն երեւանյան սրճարաններում կամ սննդի կետերում, խորհուրդ տալովՙ այսօր էլ բացառություն արեք ու միս կերեք, ի՞նչ կլինի որ:

Գրեթե նույնն է վերաբերմունքը կա նաեւ հասարակության մեջ: Բոլոր բուսակերները կհավաստիացնեն, որ խնջույքների ժամանակ ողջ գերդաստանը կսկսի քեզ համոզել, որ մի կտոր խորոված ուտես, ու մերժում ստանալով նեղանում են:

Վահագն Վարդումյանը հիմալայան յոգայի մասնագետ է: Արդեն 16 տարի բուսակեր է: Ասում էՙ առաջին 2-3 տարին ստիպված էր բոլորին ապացուցել, որ ինքը բուսակեր է, որ թաքուն միս չի ուտում, որ ինքը աղանդավոր չէ, խմբակներ չի հաճախում եւ այլն: Հետո սկսեցին լուրջ վերաբերվել: «Էլ կենացներ չեն ձոնում իմ պատվին, չեն ասումՙ բա իմ ձեռքով սարքած խորովածը չե՞ս ուզում ուտել, ուրեմն ես հարգանք չունե՞մ, եւ այլն»:

Վահագնը բուսակեր դարձավ առողջական խնդիրների պատճառով: Բազմաթիվ բժիշկներ չէին կարողանում հասկանալ, թե սուր ցավերն ինչից են: Բժիշկներից մեկն ասացՙ որոշ ժամանակով դադարեցրու միս ուտելը: «Երկու-երեք ամիս անց փոփոխություն զգացի, իսկ որոշ ժամանակ անց ընդհանրապես մոռացա ցավերը: Արդեն 16 տարի բուսակեր եմ եւ ինձ հրաշալի եմ զգում: Արշավների եմ մասնակցում, ակտիվ կյանքով եմ ապրում եւ քաղցած չեմ մնում, ինչպես կարծում են շատերը»:

Վիկտորյա Պողոսյանն արդեն 5 տարի բուսակեր է: Բակում անասուն են մորթել, ինքը տեսել է ու ազդվել: Սկզբում միս չէր կարողանում ուտել զուտ այդ տեսարանի պատճառով, ժամանակի ընթացքում հասկացավ, որ առանց մսի ավելի լավ է զգումՙ առույգ է, դեմքի գույնը լավացել է, մարսողական խնդիրներն անցյալում են մնացել: «Ես իմ շրջապատին չեմ պարտադրում, որ դառնան բուսակեր, դա յուրաքանչյուրի ընտրությունն է», ասում է Վիկտորյանՙ խորհուրդ տալով մինչ բուսակերության անցնելը բժշկական հետազոտության ենթարկվել, թեպետ բուսակերությունն արդեն առողջ ապրելակերպ է:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն էլ շեշտում է, որ բժշկության տեսակետից խորհուրդ չի տրվում բուսակերության անցնել երեխաներին, հղիներին եւ քրոնիկ հիվանդներին: «Բուսական սնունդ պետք է օգտագործեն հատկապես ճարպակալած, երիկամային հիվանդություններով մարդիկ»: Մնացյալի պարագայում բանջարեղենային սնունդը գերադասելի է, սակայն եթե մսի պահանջ եք զգում, շաբաթական երկու անգամ քիչ քանակությամբ ոչ յուղոտ միս թույլատրելի է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4