«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2012-11-01 | #194, 2012-11-02 | #195, 2012-11-03


ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՆ ՈՒ «ԱՐՄԵՆԻԱՊՐԵՍ» ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԸ

Եթե դուք բացեք իսպանական հայտնի www.vegamediapress.com կայքը, ապա այնտեղ առանձին ենթաբաժնով կտեսնեք Armenia բառը: Բաժինն ամեն օր թարմացվում է եւ իսպաներենով ներկայացնում բազմաթիվ հոդվածներ Հայաստանի ու հայության մասին: Նախաձեռնությունը Արթուր Ղուկասյանինն է, ում լրագրողական գործունեությունը մի քանի տասնամյակի պատմություն ունի:

Նախ Հայաստանում, այնուհետեւ Արցախում Ղուկասյանը ոչ միայն լրագրողական, այլեւ հայրենասիրական լուրջ գործունեություն է ծավալել: Արցախ մեկնել է 1988-ին. Ասկերանի շրջանի ներկայիս Խաչեն գյուղի դպրոցում աշխատել որպես ուսուցիչ:

Ավելի ուշ, կյանքի բերումով Ղուկասյանը մեկնել է Հունաստան, այնտեղից սկսվել է լրագրողական գործունեության երկրորդ շնչառությունը: Աթենքում համագործակցել է ՌԱԿ-ի «Նոր աշխարհ» շաբաթաթերթի հետ, ավելի ուշ տեղական «Ղնոմի» («Միտք») թերթում որպես սյունակագիր հոդվածներ է գրել Ղարաբաղյան հակամարտության, Հայաստանի, Հայոց ցեղասպանության, մշակույթի եւ պատմության մասին:

Իսպանիայի Վալենսիա քաղաքում Ղուկասյանը հաստատվել է 2002թ: Նա առաջին ու դեռեւս միակ հայ լրագրողն է, որ դարձել է Իսպանիայի լրագրողների միության եւ Մամուլի միջազգային ակումբի անդամ: Իսպանիայում հրապարակված առաջին հոդվածը «Ակօսի» գլխավոր խմբագրի մասին էր` «Հրանտ Դինքը բոլորս ենք» վերնագրով: Հետագայում Ղուկասյանը գրեց ծավալուն մի հոդված Նախիջեւանի խաչքարերի ոչնչացման, դրանց պատմության մասին: Ավելի ուշ www.vegamediapress.com կայքում Armeniapress ենթաբաժնում Ղուկասյանը սկսեց հոդվածներ գրել Հայաստանի ու հայ իրականության մասին, իսպանացի ընթերցողին ներկայացրեց հայ մշակույթն ու պատմությունը: 2009-ին Մամուլի միջազգային ակումբը նրան պարգեւեց www.vegamediapress.com կայքի «լավագույն արտասահմանցի լրագրող» մրցանակը:

«Իպանացիները Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեին: Այս կայքը նման է աղբյուրի, որ կաթիլ-կաթիլ տեղեկություն է տալիս Հայաստանի անցյալի եւ ներկայի, դժվարությունների, կենցաղի ու մշակույթի մասին: Ժամանակի ընթացքում իսպանացիները սկսեցին հետաքրքրվել Հայաստանով: Նրանց նախ գրավեց անունը` Արմենիա: ժամանակի ընթացքում այցելուների թիվը սկսեց շատանալ», ասում է Արթուր Ղուկասյանը:

«Իսպանիան մի երկիր է, որ սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ», ասում է նա` հավելելով, թե հենց դա էր պատճառը, որ հայկական կողմը հսկայական դժվարություններ ունեցավ խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ մտցնելու ժամանակ. պատգամավորները դեմ քվեարկեցին, քանի որ նրանք տեղեկացված չէին:

«Նախ պետք էր տեղեկացնել հասարակությանը, մտավորականությանը Հայաստանի մասին: Երկար ջանքերից հետո կարողացանք Հայաստանի մասին ֆիլմ ներկայացնել հեռուստատեսությամբ: Այնուհետեւ եղան հեռուստաքննարկումներ, իսպանացի հասարակությունն ավելի լավ ճանաչեց հայերին»:

Թեպետ տեղական մակարդակով միջոցառումներ շատ են եղել, սակայն զանգվածային առաջին միջոցառումը 2007-ին էր, երբ Մադրիդում շուրջ չորս հազար իսպանահայեր ապրիլի 24-ին մասնակցեցին սգո երթին: «Դրանից հետո մենք հույս ունեինք, որ իսպանահայությունը կհամախմբվեր եւ կդառնար մեկ բռունցք, սակայն այդպես չեղավ», հիշում է Արթուր Ղուկասյանը:

Իսպանիայում այսօր բնակվում է 50000 հայ: Նրանց մեծամասնությունը Իսպանիա է տեղափոխվել Հայաստանից 90-ականներին:

Վալենսիա, Բարսելոն, Մադրիդ. Ալեգանտե: Սրանք այն քաղաքներն են, որտեղ հիմնականում բնակվում են հայերը: Հայերը մեծ մասամբ զբաղվում են շինարարությամբ կամ գյուղատնտեսական աշխատանքներով: Կան առանձին իսպանահայեր, ովքեր ժամանակի ընթացքում բիզնես են ստեղծել, սակայն դրանք մեծամասնություն չեն կազմում:

«Համայնք ասել ես դժվարանում եմ, որովհետեւ Իսպանիայում համայնքը ձեւավորման փուլում է: Դա համայնք չէ, այլ իսպանահայություն:

Իսպանիայում հայերը ոչ միայն միասնական չեն, այլ նաեւ առկա է անտարբերություն: Նրանք հոգնել են ամեն ինչից եւ չեն ուզում որեւէ խնդրի առնչությամբ մտածել, մտահոգվել կամ որեւէ միջոցառման մասնակից լինել:

Սակայն դրան զուգահեռ կան անձինք, ովքեր կարողանում են լուրջ աշխատանք ծավալել հայապահպանության գործում: Բարսելոնում Հայ-իսպանական բարեկամության միություն է գործում, որի նախագահը Դավիթ Հարությունյանն է: 3-4 հոգով գործընթաց սկսեցին, որպեսզի Կատալոնիան ընդունի Հայոց ցեղասպանությունը: Խումբը շատ երկար աշխատանք տարավ, հանդիպումներ ունեցավ պատգամավորների, մտավորականության հետ, Ցեղասպանության մասին պատգամավորները տեղեկացան եւ կարողացան ներգրավվել այդ պայքարում:

Ալեգանտե քաղաքում գործում է «Արմենիա» միությունը, հենց նրա շնորհիվ Իսպանիայում տեղադրվեց առաջին խաչքարը: Սակայն այս ամենը բավարար չէ: Պետք է համակարգող մարմին ստեղծվի, որպեսզի Սփյուռքի միությունները համախմբվեն, որպեսզի հեշտ լինի աշխատանքը: Այլապես աշխատանքը չի ստացվում, եւ դա է ամենասարսափելին»:

Բացառությամբ «Արմենիապրես» լրատվական էջի, Իսպանիայում այլ մամուլ չի գործում, որտեղ հնարավոր կլինի անդրադառնալ հայ համայնքին եւ Հայաստանին: Ղուկասյանը հույս ունի, որ ապագայում հնարավորություն կստեղծվի որ հայերն այնտեղ ունենան որոշակի եթերաժամ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: «Սակայն դա ֆինանս է պահանջում, իսկ այսօր Իսպանիան տնտեսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած», ասում է Ղուկասյանը:

Հետաքրքրական է, որ Իսպանիայում այսօր կա Ապարան անունով քաղաք: Իսպանական Ապարանի բացահայտողը Ղուկասյանն էր: Նա հոդված գրեց հայկական եւ իսպանական Ապարանների մասինՙ առաջարկությամբ, որ երկու քաղաքները դառնան քույր: Հայկական Ապարանի քաղաքապետն էլ հոդված գրեց եւ պատմեց քաղաքի պատմության մասինՙ ցանկությամբ, որ աշխարհագրորեն միմյանցից հեռու, սակայն զուգադիպությամբ նույն անունն ունեցող երկու քաղաքները բարեկամանան: Իսպանական կողմը համաձայնեց, սակայն վրա հասած տնտեսական ճգնաժամի պատճառով հարցը ձգձգվում է: Ղուկասյանը վստահ է` երկու քաղաքների բարեկամացումը խթան կդառնա երկու երկրների համագործակցության լայնացման եւ խորացման հարցում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4