«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2012-11-01 | #194, 2012-11-02 | #195, 2012-11-03


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «ԲԱՆԿ ՕՏՕՄԱՆԸ» ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Օրերս Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոման» վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ եւ փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ օտոմանի գրավումը» («Захват Банка Оттоман»):

Վեպի ռուսերեն հրատարակության առթիվ, հավանաբար, տեղին է հիշել, որ խորհրդային տարիներին, հայ հեղինակներից առնվազն 10-12 գիրք էր տպագրվում Մոսկվայում: Պատկերն այսօր կտրուկ փոխվել է: Մոսկվան, առաջվա պես, այլեւս պարտավորված չէ թարգմանել եւ ներկայացնել անկախացած հանրապետությունների հեղինակներին: Այսօր որոշողը շուկան է կամ գործի գեղարվեստական մակարդակը: Տվյալ դեպքում, կարծում ենք, որոշիչը եղել է վերջինը:

Ապացույց, որ անկախությունից հետո ստեղծված արձակ կամ չափածո գործերից, թերեւս, ոչ մեկն այսպիսի ուշադրության չարժանացավ թե ՛Հայաստանում, թե՛ դրսում: 2008 թ. Երեւանում տպագրվելուց հետո, վեց ամիս անց, 2009 թ. վեպը, դասական ուղղագրությամբ, Բեյրութում լույս ընծայեց «Արծիվ» հրատարակչությունը, իսկ 2010 թ. թերթոնով, ամբողջությամբ, տպագրեց ՀՅԴ օրգան «Երկիր» օրաթերթը: Երեւույթ, որ հավանաբար հազվագյուտ է, քանի որ լրագրերը գեղարվեստական երկերը թերթոնով սովորաբար ներկայացնում են գրքով հրատարակվելուց առաջ, մինչդեռ այս անգամ թերթը հաջորդեց գրքին:

Գուցե տեղին է հիշել, որ Ալ. Թոփչյանի նախորդ վեպերն էլ, նույնպես, լույս տեսան պարբերական մամուլում եւ առանձին գրքով: «Կիրկե կղզիին»-ն 1996 թ. գրքով տպագրվելուց առաջ, 1995 թ. միաժամանակ եւ ամբողջությամբ ներկայացրեցին «Գարունը» եւ Բեյրութի «Շիրակը», իսկ «Եվ անգամ մահից հետո»-ն առանձին գրքով ընթերցող հանրությանը մատուցվելուց առաջ տեղ գտավ «Նոր Դար» հանդեսի էջերին: «Բանկ օտոմանի» վերոնշյալ ռուսերեն թարգմանությունն էլ նախ եւ առաջ, ամբողջությամբ, տպագրվեց «Լիտերատուրնայա Արմենիա» (2010 թ. N 3-4) հանդեսում: Նախկինում սովորական այս լավ ավանդույթն այսօր, ցավոք, գնալով դառնում է ավելի ու ավելի հազվադեպ:

Ինչ վերաբերում է օտար ընթերցողներին ներկայացվելուն, ապա 2010 թ. «Բանկ օտոմանը» թարգմանվեց ռումիներեն եւ տպագրվեց Բուխարեստում, 2011 թ.` ֆրանսերեն, Փարիզում, եւ, վերջապես, 2012 թ. ռուսերեն` Մոսկվայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4