Երեկ լրացավ ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի ծննդյան 40-ամյակը: Ծննդյան տարեդարձի առթիվ անվանի ֆուտբոլիստին շնորհավորել է ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը:
Սարգիս Հովսեփյանը նորանկախ Հայաստանի ամենաճանաչված ու տիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: Նա 10 անգամ «Փյունիկի» կազմում նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, արժանացել է երկրի գավաթակրի եւ սուպերգավաթակրի կոչումներին: Սարգիս Հովսեփյանը 1992-ին կայացած Հայաստանի անդրանիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Հետագայում նա եւս 2 անգամ (1995-ին եւ 2008-ին) ճանաչվեց լավագույնըՙ սահմանելով յուրօրինակ ռեկորդ:
Անցկացրած խաղերի քանակով էլ (365) Սարգիս Հովսեփյանը «Փյունիկի» ռեկորդակիրն է: Փորձառու ֆուտբոլիստը 20 տարի շարունակ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականումՙ երկար տարիներ կրելով ավագի թեւկապը: Հավաքականում Սարգիսը 131 խաղ է անցկացրել, ինչը եւս յուրօրինակ ռեկորդ է: Համեմատության համար նշենք, որ 2-րդ ցուցանիշն ունեցող 38-ամյա Ռոման Բերեզովսկին ընդամենը 74 անգամ է խաղադաշտ դուրս եկել: Այնպես որ հավաքականում Հովսեփյանի ռեկորդը դեռեւս երկար տարիներ անգերազանցելի կմնա: Թերեւս նրա ցուցանիշը կարողանա գերազանցել Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն 34 անգամ կրել է ազգային հավաքականի մարզաշապիկը: Ճիշտ է, դրա համար Հենրիխն էլ Հովսեփյանի պես պետք է աչքի ընկնի ֆուտբոլային երկարակեցությամբ:
Անցած տարի Սարգիս Հովսեփյանը հավաքականում 100-ից ավելի խաղեր անցկացնելու համար արժանացավ ՈւԵՖԱ-ի հատուկ մրցանակի: Սարգիսը բազմիցս հայտարարել էր, որ իր 40-ամյակը նշելու է խաղադաշտում, սակայն հանգամանքների բերումով սեպտեմբերի 20-ին նա շատերի համար անսպասելի հայտարարեց մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալու մասին:
Նոյեմբերի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում Սարգիս Հովսեփյանը վերջին անգամ կկրի Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Լիտվայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ կկազմակերպվի հայկական ֆուտբոլի անվանի վետերանի հրաժեշտի խաղը: Ինչ խոսք, Սարգիսն արժանի է նման վերաբերմունքի: Եվ ընդհանրապես լավ կլինի, որ նման միջոցառումներն ավանդույթի վերածվեն ու արժանին մատուցվի հայկական ֆուտբոլում մեծ ծառայություններ ունեցող ֆուտբոլիստներին: Ցավոք, ժամանակին այդպես էլ չկազմակերպվեցին ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Պետրոսյանի, Հարություն Վարդանյանի, Արմեն Շահգելդյանի, Հարություն Աբրահամյանի եւ մյուս արժանավորներիՙ ֆուտբոլին հրաժեշտ տալու միջոցառումները: Հուսանք, որ այսուհետ այդ բացը կլրացվի: