Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրն առանձնացավ նրանով, որ 2 առաջատարներն էլ պարտվեցին: Առաջինն անհաջողության մատնվեց Գյումրիի «Շիրակը», որը կրնկակոխ հետապնդում է «Միկային»: Թվում էր, թե Արարատում «Իմպուլսի» հետ խաղում «Շիրակին» կհաջողվի շարունակել հաղթարշավը ու 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնել: Դրա համար լավատեսական հիմքեր կային: Նախ ընթացիկ առաջնությունում «Իմպուլսին» դեռ չէր հաջողվել հաղթել շիրակցիներինՙ կրելով 2 պարտություն: Բացի այդ էլ, վերջին 3 խաղերում դիլիջանցիները պարտվել էին:
Սակայն խաղն անհաջող դասավորվեց գյումրեցիների համար, որոնք պաշտպանությունում կոպիտ սխալներ թույլ տվեցին, ինչն էլ պարտության պատճառ դարձավ: Արդեն 2-րդ րոպեին առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը մեն մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, բացեց հաշիվը: 20 րոպե անց նույնպիսի իրավիճակում նա կրկնապատկեց հաշիվը, իսկ մինչեւ ընդմիջում Ռումյան Հովսեփյանը 3-րդ գոլը խփեցՙ փաստորեն վճռելով հանդիպման ելքը: Ընդմիջումից հետո Անդրանիկ Բարիկյանին հաջողվեց միայն «թրջել» հաշիվըՙ 3-1:
Հաջորդ օրը պարտություն կրեց նաեւ առաջնության միանձնյա առաջատար «Միկան»: Կապանում կայացած խաղն էլ անցավ գրեթե նույն սցենարով: Այստեղ էլ արդեն 1-ին խաղակեսում դաշտի տերերը վճռեցին հանդիպման ելքըՙ 3 անգամ խոցելով Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Աչքի ընկան թիմի լեգեոնականներ Դումբիա Դիակարդիան, Ռեջիլիո Զեեդորֆը եւ «Միկայի» պաշտպան Ալեքսը, որը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Ընդմիջումից հետո «Միկան» շատ ջանքեր գործադրեց պարտությունից խուսափելու համար, սակայն միայն 2 գոլ խփեց: Աչքի ընկան Նարեկ Բեգլարյանն ու Հենրիկ Հարությունյանը:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում «Փյունիկի» եւ «Արարատի» մրցավեճը: Արարատցիները նախորդ 3 հանդիպումներում հաղթել էինՙ դարպասը պահելով անառիկ: Սակայն «Փյունիկի» հետ խաղում դա նրանց չհաջողվեց: Հանդիպման ելքը վճռեց «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի խփած միակ գոլը:
Խաղի մասին թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Սուրեն Չախալյան («Փյունիկ») - Տղաներին զգուշացրել էինք, որ դժվարին խաղ է լինելու: Առաջին խաղակեսում վատ խաղացինք, անընդհատ կորցնում էինք գնդակը: 2-րդ խաղակեսում հաջողվեց շտկել խաղը, գոլային պահեր ստեղծեցինք, որոնցից մեկն իրացնելով, հաղթեցինք: Այսօր վնասվածքի պատճառով բացակայում էր Արթուր Յուզբաշյանը: Վերականգնման համար 10 օր կպահանջվի: Այժմ կարեւոր է շուտ վերականգնվել, քանի որ չորեքշաբթի Կապանում դժվարին խաղ է սպասվում «Գանձասարի» հետ:
Աբրահամ Խաշմանյան («Արարատ») - Բավականին հետաքրքրական խաղ ստացվեց: Երկու թիմերն էլ գոլ խփելու հավասար հնարավորություններ ունեին: Կարծում եմ, ավելի արդարացի կլիներ ոչ-ոքին: Չնայած պարտությանը, գոհ եմ թիմի խաղից: Տղաները լավ ֆուտբոլ ցուցադրեցին:
Առաջնության հետնապահ «Բանանցը» հյուրընկալել էր երկրի չեմպիոն «Ուլիսին»: Հյուրերն արդեն 24-րդ րոպեին Արսեն Բալաբեկյանի դիպուկ հարվածով բացեցին հաշիվը: Սակայն չեմպիոնին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Խաղավարտից 8 րոպե առաջ Արտակ Դաշյանը վերականգնեց հավասարակշռությունը:
Խաղի մասին մարզիչների կարծիքը հետեւյալն էր:
Ռաֆայել Նազարյան («Բանանց») - Շատ դինամիկ, աշխույժ խաղ էր, որում 2 թիմերն էլ ձգտում էին հաջողության հասնել: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք սեփական դարպասը: Ընդմիջումից հետո ճնշում գործադրեցինք մրցակցի դարպասին ու ի վերջո խփեցինք պատասխան գոլը: Ճիշտ է, «Ուլիսն» էլ գոլային պահեր ստեղծեց, բայց նոր հաջողության հասնել չկարողացավ:
Կարեն Բարսեղյան («Ուլիս») - Մեզ համար բարդ հանդիպում էր: Խաղասկիզբը լավ դասավորվեց ու կարողացանք գոլ խփել: Առաջին խաղակեսում էլի գոլային պահեր ունեինք, բայց չիրացրինք: Շատ կարեւոր էր 2-րդ գոլը խփելը:
Իհարկե, երբ հաղթում ես, հոգեբանորեն ցանկություն է առաջանում պահպանել հաղթական հաշիվը: Բայց ես տղաներին առաջադրանք էի տվել հետ քաշվել ու խաղալ հաշիվը պահպանելու համար: Ընդմիջումից հետո մեր դարպասին ընդամենը մեկ հարված կատարվեց, որն էլ ավարտվեց գոլով: «Բանանցը» գոլից հետո եւս պահեր ունեցավ ու կարող էր նույնիսկ հաղթել: Կարծում եմ, ոչ-ոքին տրամաբանական էր:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Միկա | 27 | 18 | 4 | 5 | 45-27 | 58 |
2. Շիրակ | 26 | 17 | 4 | 5 | 45-27 | 55 |
3. Իմպուլս | 27 | 12 | 5 | 10 | 45-42 | 41 |
4. Փյունիկ | 26 | 12 | 3 | 11 | 45-36 | 39 |
5. Գանձասար | 26 | 10 | 7 | 9 | 29-24 | 37 |
6. Ուլիս | 27 | 8 | 6 | 13 | 32-37 | 30 |
7. Արարատ | 27 | 6 | 2 | 19 | 20-52 | 20 |
8. Բանանց | 26 | 3 | 9 | 14 | 25-41 | 18 |
Ռմբարկուները
Նորայր Գյոզալյան | «Իմպուլս» | 17 |
Ֆոֆանա Բեկո | «Շիրակ» | 12 |
Սեմյոն Մուրադյան | «Միկա» | 10 |
Վիուլեն Այվազյան | «Փյունիկ» | 10 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 10 |