«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2012-11-02 | #195, 2012-11-03 | #196, 2012-11-06


ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ՏԱՍՆՅԱԿԸ

Սանկտ Պետերբուրգում վերջնագիծը հատեց Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը: Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վլադիմիր Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Փորձառու գրոսմայստերն ընդամենը կես միավորով հետ մնաց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյից ու լեհ Բարտոշ Սոչկոյից: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Արեշչենկոն:

Ավարտական 3 տուրերում Հակոբյանը վաստակեց 2 միավոր: Նա հաշտություն կնքեց Դարիուշ Շվարցի եւ Իվան Պոպովի հետ, իսկ վերջին տուրում հաղթեց Անտոն Կովալյովին: Հակոբյանը մեր շախմատիստներից միակն էր, որ մրցաշարում չպարտվեց: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի ու եզրափակեց լավագույն տասնյակը:

2-րդ ցուցանիշն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մեկնարկում տոնած 4 անընդմեջ հաղթանակների շնորհիվ գլխավորում էր աղյուսակը: Սակայն ավարտական 3 պարտիաներն էլ Ռոբերտն ավարտեց ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով Վալերի Նեւերովի, Նիկիտա Վիտյուգովի եւ Դանի Ռազնիկովի հետ: Հովհաննիսյանը գրավեց 13-րդ տեղը: Նա մրցաշարում ընդամենը մեկ պարտություն կրեցՙ 5-րդ տուրում զիջելով Ալեքսանդր Շիմանովին:

6-ական միավոր վաստակեցին Հովիկ Հայրապետյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրեասյանն ու Վահե Բաղդասարյանը: Հայրապետյանը վերջին 3 տուրերում ոչ-ոքի խաղաց Զոլթան Ալմաշիի եւ Վադիմ Զվյագինցեւի հետ ու հաղթեց Վասիլի Ուսմանովին: Գրիգորյանը նախ ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Զենզերայի հետ, ապա հաղթեց Իգոր Մալախովին, իսկ վերջին տուրում պարտվեց Մաթեուշ Բարտելին: Հայրապետյանը զբաղեցրեց 38-րդ տեղը, Գրիգորյանըՙ 39-րդը:

59-րդ հորիզոնականը զբաղեցրեց Զավեն Անդրեասյանը: Նա էլ վերջնագծում թուլացրեց տեմպերը: 7-րդ տուրում Զավենը հաղթեց Գոռ Հայրապետյանին, ապա պարտվեց Պավել Էլյանովին: Վերջին պարտիայում նա հաշտություն կնքեց Իվան Ռոզումի հետ:

Վահե Բաղդասարյանը գրավեց 64-րդ տեղը: Նա հաղթանակներ տոնեց Դենիս Եվսեեւի ու Սերգեյ Իոնովի նկատմամբ, իսկ վերջին տուրում պարտվեց Ալեքսեյ Շիրովին:

Մեր մյուս շախմատիստները ցածր արդյունքներ ցույց տվեցին: 4,5 միավորով Արմեն Անտինյանը գրավեց 155-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով Աննա Հայրապետյանը 192-րդն էր: Գոռ Ալեքսանյանը (218-րդ տեղ), Մարկ Բասենչյանը (227-րդ) եւ Վլադիմիր Պողոսյանը (228) վաստակեցին 4-ական միավոր: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցեցին 350 շախմատիստներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4