«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2012-11-03 | #196, 2012-11-06 | #197, 2012-11-07


ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՇԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ ՆԱԽ ԼՈՒԾՎԵՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Վերջերս Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը Ստեփանակերտից տեղափոխվեց Շուշիի հրաշալի վերակառուցված Մարիամաց օրիորդաց կրթահամալիր, ի՞նչ փոխվեց դրանից, հետաքրքրվեց «Ազգը» Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանից . «Առաջինը լուծվեց շատ կարեւոր հոգեբանական խնդիր, որ Շուշին մեր կարեւոր կենտրոնն է` երբեմնի մշակութային քաղաքը, որ այսօր փորձում ենք վերականգնել: Այս տարիների ընթացքում մեր վերաբերմունքը Շուշիի հանդեպ համարժեք չէր այն հպարտությանը, որ մենք ապրել ենք Շուշիի ազատագրումով: Շուշին դիտվում էր, գուցե կոպիտ հնչի, անօթեւան մարդկանց ապաստան-բնակավայր, թեեւ նաեւ շատ լավ մտավորականներ են բնակվում այստեղ: Նախարարության տեղափոխմամբ Շուշի այդ խնդիրը մեկընդմիշտ վերացավ, այսօր Շուշին ոչ միայն ազատագրված, բոլորիս հպարտություն պարգեւած քաղաքն է, այլեւ մեր պետական կառավարման գործառույթների իրականացման սուբյեկտ:

Իհարկե, Շուշիի վերականգնման վերջին տարիների գործընթացը հենց միտված է նրան, որ Շուշին նորից ստանա իր երբեմնի կերպարը` մշակութային, գիտական, կրթական կենտրոնի: Շուշիում այսօր մի քանի մշակութային կառույցներ կան արդեն` կառուցվող, ավարտված: Արդեն մասամբ շահագործման է հանձնվել մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը, որտեղ տեղակայված են մեր ժողգործիքների համույթը եւ Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնը, տարբեր ստեղծագործական խմբեր: Ավարտին է մոտենում արդեն Արցախի կերպարվեստի թանգարան-պատկերասրահի կառուցման աշխատանքը Շուշիում, որի բացումը գալիք տարվա մայիսի 9-ին կլինի: Հարակից տարածքում նաեւ լինելու է մեր քանդակների պուրակը: Նաեւ այսօր բնության թանգարան է կառուցվում: Մի քանի մշակութային կառույցներ միանգամից կշահագործվեն, եւ դա կանդրադառնա քաղաքի կյանքի, ժողովրդագրական վիճակի, բնակչության վիճակի բարելավման ու մթնոլորտի փոփոխության վրա:

Արդեն իսկ նախարարության աշխատակիցների մեկ չորրորդը Շուշիից է», «Ազգի» հետ զրույցում նշեց Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարարը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4