2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի գործատուները եւ վարձու աշխատողները գործ կունենան նոր հարկատեսակիՙ միասնական եկամտային հարկի հետ: Այն իրականում փոխարինելու է ներկայում գործող եկամտահարկին եւ աշխատողի ու գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարներին: Միասնական եկամտային հարկի ներդրմամբ եւս մեկ փոփոխություն կատարվում է գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման կարգի մեջ: 2013 թվականից գործելու է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային եղանակը. թղթային հաշվետվություններ հարկայինն այլեւս չի ընդունելու: Թե՛ մեկ, թե՛ մյուս փոփոխությունը ներկայումս երկրում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների շղթայի մասն են կազմում: Միասնական եկամտային հարկի ներդրումը եւ հաշվետվությունների ներկայացման մեխանիզմը պարզեցնելը նպատակ ունեն ապահովել այդ բարեփոխումների բարեհաջող գործարկումը:
Եվ քանի որ այս փոփոխություններն օրենքով ուժի մեջ են մտնելու 2 ամիս անց, առավել կարեւոր է հանրապետության գործատուներին եւ հաշվապահներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու խնդիրը: Անհրաժեշտ է, որ 2013 թվականի տարեսկզբին երկրի բոլոր ակտիվ հարկատուները լիովին պատրաստ լինեն նոր համակարգինՙ թե՛ գիտելիքների, եւ թե՛ ռեսուրսների առումով: Այս նպատակով ձեռնարկվել են լայնամասշտաբ ուսուցողական աշխատանքներ հանրապետության գործատուների եւ այն անձանց հետ, ովքեր ստորագրում են իրենց կազմակերպությունների հաշվետվությունները: Նրանց բոլոր մանրամասներով ներկայացվում եւ ուսուցանվում են միասնական եկամտային հարկը, էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգը, տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր հարակից գործողությունների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկել փոփոխություններին նախապատրաստվելու համար:
Ի՞նչ է միասնական եկամտային հարկը եւ ի՞նչ փոփոխություններ կլինեն դրա ներդրմամբ պայմանավորված: Առաջին էական փոփոխությունն, այսպիսով, այն է, որ գործող համակարգի եկամտահարկը, ինչպես նաեւ աշխատողի սոցիալական ապահովության վճարը եւ գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը, որպես առանձին հաշվարկվող պարտավորություններ, այլեւս չեն լինելու: Վճարվելու է մեկ միասնական եկամտային հարկ, որն ամփոփելու է այս երեքը: Եկամտային հարկի դրույքաչափերն են լինելուՙ 24.4 տոկոսՙ մինչեւ 120 000 դրամ աշխատավարձի դեպքում, 26 տոկոսՙ 120 000 դրամ եւ ավելի աշխատավարձի դեպքում: Որպեսզի աշխատողը չտուժի հարկման նոր դրույքաչափերի կիրառման հետեւանքով, գործատուն պարտավորվում է իր կողմից ներկայում վճարվող սոցիալական ապահովության վճարը ավելացնել աշխատողի պայմանագրային աշխատավարձին եւ եկամտային հարկը հաշվարկել այդ համախառն գումարից: Վարձու աշխատողի մաքուր աշխատավարձը այս փոփոխության արդյունքում չպետք է նվազի:
Միասնական եկամտային հարկի ներդրմամբ պարզեցվում է նաեւ հաշվետվությունների ներկայացման համակարգը, քանի որ գործատուներն այժմ ներկայացնելու են միայն մեկ հաշվետվությունՙ նախկին երկուսի փոխարեն եւ էլեկտրոնային եղանակով: 2013 թվականից հարկային մարմինը չի ընդունելու եկամտային հարկի թղթային հաշվետվություն: Էլեկտրոնային հաշվետվությունները հարկային մարմին են ներկայացվելու ՀՀ ԿԱ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում: Այդ հաշվետվությունները ստորագրելու համար լիազորված անձինք պարտավորվում են ձեռք բերել նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն:
Գործատուներին այս բոլոր փոփոխություններին, նորամուծություններին, ընթացակարգերին ծանոթացնելու, անհրաժեշտ գիտելիք տրամադրելու նպատակով կազմակերպվում են ուսուցողական ծրագրեր հանրապետության բոլոր մարզերում: Դասընթացների միջոցով գործատուները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր իրենց կազմակերպության անունից ստորագրելու են էլեկտրոնային հաշվետվությունները, ծանոթանում են, թե ինչ հաջորդական քայլեր պետք է ձեռնարկել էլեկտրոնային ստորագրություն ստանալու, էլեկտրոնային հաշվետվության պայմանագիր կնքելու համար: Մանրամասն ներկայացվում է նաեւ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգից օգտվելու կարգը:
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար հարկավոր է նախ եւ առաջ դիմել ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժին, որտեղ ներկայացվում է դիմում նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ: Նույն հայտի հիման վրա անձին նույնականացման քարտի հետ տրվում է էլեկտրոնային ստորագրության հավաստագիր: Հաջորդ քայլը նույնականացման քարտով եւ էլեկտրոնային ստորագրության հավաստագրով Պետական եկամուտների կոմիտեի սպասարկման կենտրոններ կամ հարկային տեսչությունների տարածքային բաժիններ ներկայանալն է: Այստեղ անձի հետ կնքվում է էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու պայմանագիր: Պայմանագրում նշվում են էլեկտրոնային հաշվետվությունների համակարգից օգտվելու օգտանուն եւ գաղտնաբառ, որոնք անհրաժեշտ են համակարգ մուտք գործելու եւ էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու համար: Վերջին քայլը էլեկտրոնային ստորագրության ակտիվացումն է, որի նպատակով, ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում գրանցվելուց հետո, հարկավոր է գրանցվել էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի /ԷԿԵՆԳ/ առցանց համակարգում: Էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկման վճարը կազմում է 3000 դրամ: Կառավարության որոշման համաձայնՙ այն անձինք, ովքեր նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար կդիմեն մինչեւ նոյեմբերի 30-ը, նրանց էլեկտրոնային ստորագրության մեկ տարվա սպասարկման վճարը կտրամադրվի պետական բյուջեից:
Նկարագրված փոփոխություններն ու ընթացակարգերը ապահովելու են կենսաթոշակային բարեփոխումների բարեհաջող գործարկումը սկսած 2014 թվականից: Դրանք բոլոր մանրամասներով այժմ ուսուցման ձեւով ներկայացվում են գործատուներին եւ հաշվապահներին: Ոլորտի պատասխանատուները վստահ են, որ ընթացող ուսուցողական աշխատանքները կտան ցանկալի արդյունքը, եւ 2013 թվականին գործատուները լիովին պատրաստ կլինեն համակարգում կատարվող փոփոխություններին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն