«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2012-11-03 | #196, 2012-11-06 | #197, 2012-11-07


ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՅԼ ՖՈՒՏԲՈԼ ԿԼԻՆԻ»

Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում E խմբում հանդես եկող Դոնեցկի «Շախտյորն» այսօր Լոնդոնում կհյուրընկալվի «Չելսիին», որին 2 շաբաթ առաջ սեփական հարկի տակ հաղթել էր 2-1 հաշվով: Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Առաջին շրջանից հետո Դոնեցկի «Շախտյորը» 7 միավորով վստահորեն գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 4 միավորով 2-րդ տեղում է: «Յուվենտուսը» վաստակել է 3 միավոր եւ այսօր սեփական հարկի տակ մրցելու է դանիական «Նորդշելանի» հետ, որը 1 միավորով եզրափակում է աղյուսակը: «Շախտյորը» հիանալի հնարավորություն ունի մտնելու 1/8 եզրափակիչ: Դրա համար թիմը պետք է Լոնդոնում չպարտվի:

«Չելսին» խաղից 2 օր առաջ է ուղեւորվել Լոնդոն, որտեղ էլ սկսել է անմիջական նախապատրաստությունը վճռորոշ հանդիպմանը: Խաղի նախօրեին «Շախտյորի» պաշտոնական կայքի թղթակիցը հարցազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:


- Հենրիխ, Ուկրաինայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը որակազրկման պատճառով ստիպված էիր հետեւել տրիբունայից: Այնտեղի՞ց է ավելի դժվար թիմի համար ցավելը, թե երբ գտնվում ես խաղադաշտում:

- Միշտ էլ տարբեր կերպ ես ցավում: Իհարկե, հաճելի չէ, երբ թիմը խաղում է, իսկ դու որքան էլ որ ցանկանում ես, սակայն չես կարող օգնել խաղընկերներիդ: Ուստի տրիբունայում ավելի շատ ես անհանգստանում եւ հուզվում, քան խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները:

- Զգո՞ւմ ես, որ «Շախտյորը» Լոնդոն է մեկնում խմբի առաջատարի կարգավիճակով:

- Մենք գնում ենք «Չելսիի» հետ մրցելու: Կաշխատենք խաղադաշտում ցուցադրել այն ամենը, ինչին ընդունակ ենք: Եվ եթե հաջողվի դրական արդյունքի հասնել, այդ ժամանակ էլ մեզ առաջատար կզգանք:

- Ինչո՞վ էր առանձնահատուկ 2 շաբաթ առաջ Դոնեցկում «Չելսիի» հետ կայացած հանդիպումը:

- Մենք շատ լավ էինք նախապատրաստվել այդ հանդիպմանը: Սակայն Լոնդոնում այլ ֆուտբոլ կլինի: Համոզված եմ, որ «Չելսին» խորապես վերլուծել է մեր խաղը, ավելի լավ է ուսումնասիրել մրցակցին: Մեզ շատ բարդ խաղ է սպասվում:

- Չեմպիոնների լիգայի մրցախաղերը տարբերվում են առաջնության հանդիպումներից: Այստեղ 2 թիմերն էլ հարձակվում են, ցանկանում են հաղթել:

- Այո՛, իհարկե, խաղերն իրոք տարբեր են: Տարբեր թիմերի հետ խաղալն ավելի հետաքրքրական է, քան առաջնությունում միեւնույն մրցակիցների հետ մի քանի անգամ հանդիպելը: Առաջնության հանդիպումներում սխալվելու դեպքում միշտ չէ, որ կարող ես պատժվել: Հավանականությունը 50:50 է: Իսկ ահա չեմպիոնների լիգայում քո սխալը կարող է թիմի համար ճակատագրական լինել, բաց թողած գոլի պատճառ դառնալ:

- Այսինքն նման հանդիպումներում վարպետությունն ավելի վա՞ռ է դրսեւորվում:

- Այո: Զգում ես, որ սխալվելու իրավունք չունես: Հարկավոր է առավել ուշադիր եւ կենտրոնացված գործել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4