«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2012-11-07 | #198, 2012-11-08 | #199, 2012-11-09


ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐԶՐՈՒՄ Է ԻՋԵՑՐԵԼ ԵՐԵՎԱՆ-ՀԱԼԵՊ ՉՎԵՐԹԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԻՆՔՆԱԹԻՌ

Չմոռանալով թխվածքաբլիթի բեռնարկղերի մեջ իր 3 հազար ինքնաձիգ ատրճանակները խլացուցիչներով Եմեն ուղարկել

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Երեկՙ վաղ առավոտյան թուրքական հեռուստատեսությունները ավետեցին, որ Էրզրումի օդանավակայան է իջեցվել Երեւան-Հալեպ չվերթի հայկական եւս մեկ ինքնաթիռ: Նախորդ ինքնաթիռը, որը նույնպես «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Երեւանից Հալեպ մարդասիրական օգնություն էր տանում, իջեցվել էր հոկտեմբերի 15-ին: Հայկական ինքնաթիռում որեւէ զենք չհայտնաբերվեց:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ին թուրքական ռազմաօդային ուժերի հարկադրանքով Անկարայում վայրէջք կատարած Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական ինքնաթիռին, ապա հակառակ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Դավութօղլուիՙ «ինքնաթիռում հայտնաբերված զենքի ու զինամթերքի» մասին հայտարարություններին, առ այսօր ե՛ւ զենքը, ե՛ւ զինամթերքը մնում են առեղծված: Միաժամանակ անտեսվում են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության «հայտնաբերված զենքը ցուցադրելու» պահանջները:

Հոդվածը գրելու պահին հայկական ինքնաթիռը դեռեւս Էրզրումում էր: Պարզապես Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության եւ հաղորդակցության նախարար Յըլդրըմը հայտարարել էր, թե խուզարկումը շարունակվում է, որպեսզի խաղաղ բնակչության կյանքին սպառնացող որեւէ զենք չմտնի Սիրիա:

Հայտարարության մասին նշելիս, «Դունյա Բուլթենի» կայքէջը ցինիկորեն ընդգծում էր. «Հայկական ինքնաթիռի բեռները մատուցվում են իբրեւ մարդասիրական օգնություն»: Թուրքական լրատվական գործակալության այս ցինիզմը յուրահատուկ է բռնությունը պաշտող, նույնիսկ 21-րդ դարում մարդասպանով հիացող թուրք հրոսակին: Սակայն խնդիրը հրոսակի ցինիզմը չէ, այլ «Գողՙ սիրտը դող» հայկական ասացվածքի ճշմարտացիությունը:

Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը, նշենք, որ ինքնաթիռ իջեցնելու թուրքական արարքը որեւէ առնչություն չունի զենք հայտնաբերելու հավանականության իրականացվող խուզարկման հետ: Առավել եւս չի կարող լինել սիրիացի խաղաղ բնակչության հանդեպ հոգատարության դրսեւորում, քանի որ Թուրքիան ինքն է զինում «Ազատ Սիրիայի բանակի» վարձու մարդասպաններին, զենքի արժեքն, իհարկե, նախապես գանձելով Քաթարից ու Սաուդյան Արաբիայից:

Այս արարքը պայմանավորված է Սիրիայի նկատմամբ Թուրքիայի որդեգրած չարանենգ քաղաքականությամբ, դրա ձախողումից բխող հետքայլը քողարկելու նկրտումներով, հայատյացության դրսեւորումներով եւ այդ դրսեւորումների ուժի մեջ գտնվելը թուրք ժողովուրդ կոչված ոհմակին ժամանակ առ ժամանակ հիշեցնելու անհրաժեշտությամբ:

Ինչ վերաբերում է «Գողՙ սիրտը դող» ասացվածքին, ապա Թուրքիայի պարագայում դրա ճշմարտացիության վկայությունը Եմենի պաշտպանության նախարարության նոյեմբերի 5-ի հայտարարությունն է: Այստեղ, ըստ «Ինտերհաբեր» կայքէջի, ծանր մեղադրանք է ներկայացվում Անկարային:

Թուրքական կայքէջը վկայակոչում է Եմենի SABA լրատվական գործակալությանը, որի համաձայնՙ հոկտեմբերի 4-ին «Ազատ առեւտրի գոտի» հայտարարված Ադենի նավահանգստում Եմենի մաքսատան ծառայությունները կասկածում եւ խուզարկում են մասնավոր թուրքական ընկերությանը պատկանող, Թուրքիայից ժամանած առեւտրանավը: Խուզարկմամբ հայտնաբերվում է թխվածքաբլիթի կոնտեյների մեջ խնամքով տեղադրված 384 բեռնարկղ, բեռնարկղերի մեջ էլՙ 3000 ինքնաձիգ ատրճանակ եւ հրացանՙ խլացուցիչներով հանդերձ, ինչպես նաեւ համապատասխան փամփուշտ:

Եմենի մաքսային ծառայությունները առգրավում են զենքը, կալանում թուրքական նավը, իսկ երկրի արտգործնախարարությունը հայտարարում է, որ այդ զենքը Թուրքիայից ուղարկվել է Եմենի անվտանգությանն ու կայունությանը վնասելու նկատառումներով: Թեեւ Թուրքիայի արտգործնախարարությունը չի հերքել, սակայն, դիմել է Սաուդյան Արաբիայինՙ խնդրելով ճնշում գործադրել Եմենի իշխանությունների վրա, որ վերջիններս չհրապարակեն Թուրքիայից ուղարկված զենքի հասցեատիրոջ անունը:

Oda TV-ն նշել է, որ թխվածքաբլիթի արկղերի մեջ Թուրքիայից Ադեն ուղարկված 3000 ինքնաձիգ ատրճանակն ու հրացանը նախատեսված էին Եմենի ընդդիմության ղեկավարներին ահաբեկելու համար: Առանց դրա էլ ակնհայտ է, որ զինվորները ռազմադաշտում խլացուցչի կարիքը չունեն, դա միմիայն օգտագործվում է ահաբեկչական նպատակներով վարձու մարդասպանների եւ ահաբեկիչների կողմից:

Հատկանշական է, որ Եմենում ընդդիմության ղեկավարներին ահաբեկելու թուրքական նկրտումները նոր չեն, ոչ էլ թխվածքաբլիթի քողի տակ այլ երկիր զենք ուղարկելը: Այս նպատակով Թուրքիան 2011-ի մարտին, ինչպես այս տարվա նոյեմբերի 7-ի համարում նշել է «Ենի մեսաժը», Հյուսիսային Եմեն էր ուղարկվել 16 հազար ատրճանակ: Այս ատրճանակները հասել էին մինչեւ Եգիպտոս, որտեղից էլ Միացյալ Արաբական Էմիրություններ, եւ տեղում ոստիկանությունը հայտնաբերել ու առգրավել էր:

2011-ի նոյեմբերին Թուրքիայից ուղարկված զենք էր հայտնաբերվել նաեւ Սիրիայում: Ավելին, իսլամական երկրներՙ մասնավորապես Եմեն, գաղտնի ճանապարհով զենք առաքելու մասին Թուրքիայի ազգային մեծ ժողովում հարցապնդում է արել Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Օզգյունդուզը, ակնկալելով արտգործնախարար Դավութօղլուի պատասխանը:

Թուրքիայի արտգործնախարարը ինչպես կվարվիՙ ցույց կտա ժամանակը: Բայց որ զենքի առաքումների համաձայնեցումը Ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչության հետ եւ դրա բարձրաձայնումը Մեջլիսում, հայկական ասացվածքի ճշմարտացիությունը Թուրքիայի առնչությամբ հաստատելիս, միաժամանակ իսլամական երկրներին համոզում են տարածաշրջանային մեծ տերություն Թուրքիայի տարածաշրջանի համար մեծ չարիք լինելու պարագան, ակնհայտ է:

Ինքնաթիռ խուզարկելը չի փրկի դրությունը, իզուր չեն ասել. «Գողՙ սիրտը դող»:

Խմբ. կողմից. - Տեղեկացնենք, որ երեկոյան արդեն հայկական ինքնաթիռին թույլատրվել էր թռիչքը շարունակել Էրզրումից Հալեպ եւ բեռները բարեհաջող տեղ էին հասել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4