Այս վերլուծականը գրելու առիթը Ադրբեջանում հայատյացության մի նոր դրսեւորումն է, որի մասին նոյեմբերի 3-ին «Ազգ»-ում ահազանգ հնչեցրին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը եւ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի մարդու գենետիկայի խմբի գիտական ղեկավար, Հայկական մարդաբանական ընկերության նախագահ, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանը: Խոսքը այն կեղծիքի վրա հիմնված քարոզչական նոր արշավի մասին է, ըստ որի ադրբեջանական Ղուբա քաղաքի մոտ հայտնաբերված զանգվածային թաղումներն իբր կատարվել են հայերի կողմից հրեաների զանգվածային ոչնչացման արդյունքում: Ընդ որում իրենց իսկ ստեղծած կեղծիքը արդեն ճշմարտություն համարելով, Ադրբեջանում պատրաստվում են հուշարձան կանգնեցնել «հայերի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Ստորեւ փորձենք հասկանալՙ ի՞նչ է կատարվում, եւ իրականում ի՞նչ նպատակով են այդքան ջանքեր թափվում հայերի նկատմամբ աշխարհի հրեաների ատելությունը բորբոքելու համար:
Ատելության քարոզչամեքենայի նոր արտադրանքը
Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր Ադրբեջանը, հակառակ առողջ բանականությանը եւ տարրական արդարամտությանը, ցանկանում ամեն գնով հետ բերել Լեռնային Ղարաբաղը, չխորշելով իսլամական աշխարհում Հայաստանի եւ հայերի նկատմամբ ատելություն սերմանելուց: Հիշում ենք նաեւ, թե ինչպես իսլամական երկրների շարքում Ադրբեջանը գտավ գործընկերներ, որոնք, առանց խորանալու խնդրի բովանդակության մեջ, առանց լսելու հայկական կողմի փաստարկները եւ բացատրությունները, շտապեցին Հայաստանը ագրեսոր ճանաչել եւ ՄԱԿ-ում քվեարկեցին ադրբեջանական բանաձեւի օգտին: Սակայն հետո, երբ Ադրբեջանը ցանկանում էր այս գործընթացը պարբերական եւ նույնիսկ անընդհատ դարձնել, իսլամական աշխարհում հնչեցին ձայներ, ըստ որի այդ թեմային անդրադարձ արդեն եղել է, ուստի նույնը անընդհատ կրկնելու անհրաժեշտություն չկա: Հնչեցին նաեւ տեսակետներ, որ Իսլամական համերաշխության կազմակերպությունը, վերջին հաշվով, համերաշխության կազմակերպություն է, եւ շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլիներ փորձել կամուրջներ գցել ադրբեջանցիների եւ հայերի միջեւՙ փոխադարձ վստահության հիմքեր ստեղծելու եւ երկխոսություն սկսելու համար:
Սակայն Ադրբեջանը, իսլամական եւ մասնավորապես արաբական աշխարհում հայատյացություն բորբոքելու ռեսուրսը այս փուլում սպառված համարելով, սկսեց մի նոր արշավ, այս անգամ հայերի դեմ փորձելով տրամադրել Իսրայելի եւ աշխարհի հրեաներին: Խնդիրն այն է, որ 2007 թ. ադրբեջանական Ղուբա քաղաքի մոտ հայտնաբերված զանգվածային թաղումները, սկզբում հայտարարելով մահմեդականների հանդեպ զանգվածային բռնության արդյունք, այնուհետեւ մտափոխվեցին եւ մտածեցին, որ ավելի լավ է հայտարարել հայերի կողմից ոչնչացված հրեաների զանգվածային թաղում: Թխվեց նաեւ մի ամբողջ պատմություն այն մասին, թե դա արել է 1918 թ. այդ ամիսներին Բաքվում իշխող Խորհրդի զինված ջոկատներից մեկը Համազասպի գլխավորությամբ: Այս լեգենդի հեղինակներին բացարձակապես չի հուզել այն, որ տարբեր երկրների, մասնավորապես Թուրքիայի գիտական շրջանակներին հայտնի են ճիշտ հակառակը վկայող փաստեր: Օրինակՙ այն մասին, որ Ադրբեջանի եւ մասնավորապես Բաքվի հայերի նկատմամբ զանգվածային բռնություններ են իրականացվել վերոհիշյալ Բաքվի Խորհրդի տապալումից հետո այնտեղ հասած թուրքական զորքերի կողմից: Այնպիսի վայրագություններ, որոնք նույնիսկ շատ բան տեսած գերմանական սպաներին ստիպեցին բողոքել եւ հեռանալ այդ թուրքական զորախմբերի կազմից: Այս մասին փաստերը բծախնդրորեն հավաքել է գեներալ Հայկ Քոթանջյանը եւ դրել վերոհիշյալ հայտարարության աղբյուրագիտական հիմքում: Ադրբեջանում ոչ ոք երբեք չի խոսել այն գազանությունների մասին, որոնց սահմռկեցուցիչ վկայությունները սկսեցին երեւալ, օրինակ, խորհրդահայ գրականության մեջ այդ դեպքերից քառասուն տարի հետո, հենց որ հնարավոր եղավ այդ մասին խոսել: Ադրբեջանում երբեք չեն էլ ակնարկել որեւէ կերպ 1920 թ. մարտին Շուշիում եւ շրջակայքում կոտորված մոտ 20000 հայերի մասին, չնայած դրա փաստական վկայություններն էլ անսպառ են: Ոչ էլ իրենց նեղություն են տվել արտասահմանից, էլ չենք ասում Հայաստանից, մասնագետ մարդաբանների ներգրավվելու համար, ովքեր կարող էին գիտական համակողմանի հիմնավորված գնահատական տալ Ղուբայում հայտնաբերված զանգվածային թաղումների զոհերի մասին: Այս ամենը նրանց պետք չէր: Բայց Ադրբեջանում հույժ անհրաժեշտ էր հակակշիռներ ստեղծել, օրինակ, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող նոր օրինագծի նախագիծը շրջանառության մեջ դնելը թույլ չտալու համար, եւ ահա Ադրբեջան հրավիրվեց Ֆրանսիայի հրեական համայնքի պատվիրակություն, որին Ղուբայի զանգվածային թաղումը մատուցվեց իբրեւ հայկական գազանությունների արդյունք: Պարզ է, որ ամեն մեկը, լսելով նման սարսափելի իրողությունների մասին, պետք է ցավ ու ցնցում ապրեր: Սա հասկանալի եւ բացատրելի է: Հասկանալի եւ բացատրելի չէ, թե ինչպե՞ս է այդ ամենը կապվում հայերի հետ: Ադրբեջանում քիչ ջանքեր չեն գործադրել, որ Իսրայելի քաղաքական եւ հասարակական շրջանակներում սկսի քննարկվել այս կեղծիքի առաջացրած ծանր տպավորությունը: Մի «զարմանալի» զուգադիպությամբ այդ ակտիվությունը համընկավ թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման եւ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող նոր օրինագծի շրջանառման հետ:
Թուրք-ադրբեջանական համերաշխությունը հայերի դեմ
Վերջերս Երեւան ժամանած թուրք քաղաքագետներից մեկն իր դասախոսության մեջ վկայեց, թե Թուրքիայի առջեւ կանգնած կարեւոր խնդիրներից մեկը 2015 թ. նշվելիք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ սպասվող միջազգային ճանաչումների նոր ալիքին դիմագրավելն է: Խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար բարդանում է նրանով, որ աշխարհի հասարակական կարծիքում վերջին տասնամյակների ընթացքում հսկայական տեղաշարժեր են եղել հօգուտ Հայոց ցեղասպանության անժխտելի փաստի միջազգային ճանաչման եւ դատապարտման: Հետեւաբար այս գործընթացի բացահայտ եւ թաքնված հակառակորդները պետք է գործադրեն աննախադեպ ջանքեր հարցադրումների սրությունը թուլացնելու եւ միջազգային հանրային կարծիքը խճճելու ու շեղելու համար: Այս ճանապարհին մի գործողւթյուն արդեն փորձարկվել է: Օրինակ` Արցախյան պատերազմի տարիներին Խոջալուի մոտ պատահած ողբերգությունը հայերի վրա բարդելը եւ նույնպես ցեղասպանություն ճանաչելը: Ոչինչ, որ այդ անհիմն պնդումներն իսպառ հերքող լուրջ ու ծանրակշիռ փաստարկներ հայ քաղաքական գործիչներն ու դիվանագետները պատրաստել ու ներկայացրել են միջազգային ու քաղաքական համարյա բոլոր կարեւորագույն հարթակներում: Այդ բանավեճերից ու քարոզչական փոխհրաձգություններից հետո վերոհիշյալ հարթակներում հարցը սպառված է համարվել առանց Ադրբեջանի համար սպասված արդյունքներ ունենալու: Բայց դա չի խանգարել Ադրբեջանին, օրինակ, միայն Թուրքիայում 2011 թ. ընթացքում 52 համալսարաններում եւ 62 վիլայեթներում զանգվածային միջոցառումներ անցկացնել, որոնց տասնյակհազարավոր մասնակիցների ներշնչվել է թուրքերի նկատմամբ հայերի կողմից իբր կատարված գազանությունների կեղծ վարկածը: Ես դժվարանում եմ ասել, թե այդ զանգվածային միջոցառումների մասնակիցներից քանիսն է հետո, օրինակ, համացանցերում փնտրել մեր հերքումներն ու բացատրություններն այդ հարցին: Կարող եմ միայն փաստել, որ թուրք քաղաքագետներն ու լրագրողները վկայում են, որ այդ քարոզչության տպավորությունն այնքան ծանր է, որ Թուրքիայի իշխանությունները իբր մոտակա տարիներին, համենայն դեպս մինչեւ 2015 թ., չեն էլ պատրաստվում մեռյալ կետից շարժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Սաՙ մեղմ ասած: Իսկ փաստորեն ստացվում է, որ գոյություն ունի ադրբեջանա-թուրքական մի համերաշխ համագործակցություն, որի նպատակն է առանց միջոցներ խնայելու խլացնել եւ լռեցնել հայերի պահանջը Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը վերջապես ճանաչելու եւ դատապարտելու ուղղությամբ:
Ատելության տեխնոլոգիաների գործադրումից սպասվող օգուտը
Մոտ երեք տարի առաջ միջազգային կազմակերպություններից մեկը հրապարակեց Թուրքիայում իրականացված հասարակական կարծիքի մի հարցման արդյունքը, ըստ որի թուրքերի կողմից ամենաչսիրված երեք ժողովուրդներն են հայերը, հրեաները եւ ամերիկացիները: Այս հարցումը հաջորդեց «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալմանը եւ ցույց տվեց, որ դարավոր կասկածանքն ու անվստահությունը հայերի նկատմամբ ինչպես կար, այնպես էլ մնում է արդիական, իսկ հրեաների նկատմամբ վերաբերմունքը սրվել է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացման հետեւանքով: Ընդհանրապես Թուրքիայի ազգայնական շրջանակներում խիստ դժգոհ են Եվրոպական միության հետ իրենց երկրի ընթացող բանակցությունների տեմպից եւ ասում են, որ Թուրքիային չեն ուզում Եվրոպական միություն ներս թողնել, որովհետեւ մահմեդական երկիր է, իսկ Եվրոպական միությունը մի «հրեա-քրիստոնեական ակումբ է»: Եվ ահա հրեաների եւ քրիստոնեության միջեւ մերձեցում թույլ չտալու համար խնդիր է դրվել հրեաների շրջանում, օրինակ, հայերի նկատմամբ ատելություն բորբոքել, հույս փայփայելով, որ դա կարող է մի հակառակ դժգոհության եւ ատելության բռնկում առաջացնել հայերի մեջ: Հիշո՞ւմ եք դեռ հարյուր տարի առաջ Արեւելքի շուկաներում շրջանառված այն ասույթը, թե որտեղ հայ կա, այնտեղ հրեան անելիք չունի: Կամ ընդհակառակը: Բոլոր ժամանակների կայսրություններում այս տարանջատող եւ փոխադարձ կասկածանք սերմանող ասույթից ով ասես, ինչ օգուտ ասես կարողացել է քաղել: Եվ ահա եկել է այն մի հերթական անգամ խաղարկելու ժամանակը, երբ առանց լուրջ ապացույցների, առանց կեղծիքից ամաչելու, հրեաների ցեղասպանության մեջ պետք է մեղադրել հայերին:
1999 թ. ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը հրապարակել է Ռուսաստանի պետական արխիվներում իր տարիների պրպտումների արդյունքները, ըստ որոնց բազմաթիվ նյութեր կան, թե ինչպես 20-րդ դարասկզբին ցարիզմի ճնշումներին ի պատասխան կայսրության տարբեր մասերում ամբողջ հրեական համայնքներ ցանկացել են ընդունել քրիստոնեություն հայկական ծեսով, այդպիսով փորձելով դիմագրավել արհավիրքին եւ պահպանել իրենց ինքնությունը: Այս տեղեկությունները գեներալ Քոթանջյանը եւ նրա գործընկերները նույնպես աչքաթող չեն արել: 20-րդ դարի քանի-քանի նշանավոր մարդկանց մասին գիտե մեզանից յուրաքանչյուրը, որոնց ծնողներից մեկը հայ է եղել, մյուսը` հրեա: Այդպիսի մարդկանց, ովքեր վառ արտահայտված կրկնակի ազգային ինքնագիտակցություն ունեն, ես քիչ չեմ հանդիպել թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում:
Հայաստանի եւ հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու ադրբեջանա-թուրքական այս նոր գործողության նպատակներից մեկն էլ խափանելն է հայկական եւ հրեական լոբբիստական կազմակերպությունների համագործակցության փորձերը, եւ ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլեւ մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հնարավոր երկխոսության եւ համագործակցության հարցերում: Գեներալ Քոթանջյանն, օրինակ, նշում է, որ «օտարատյացության քաղաքականությունը, որը հայ ժողովրդի նկատմամբ բացահայտ կերպով որդեգրել է ադրբեջանական պետության ղեկավարը` զուգակցելով համաշխարհային հայությանը հրապարակայնորեն Ադրբեջանի թշնամի հայտարարելով, չխորշելով ժողովուրդների, այդ թվում` հայերի եւ հրեաների միջեւ հարաբերությունների իրական պատմության նենգափոխումից, փորձում է միջազգային հանրությանը ներքաշել քաղաքական ձեռնածությունների ուղեծիր»:
Ի՞նչ անել այս նոր սպառնալիքի դեմ: Պարզ է, որ մենք աշխարհասփյուռ մեր հայ եւ այլազգի, այդ թվումՙ հրեա եղբայրների միջոցով պետք է հայթայթենք եւ համակարգենք այնպիսի նյութական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ է համարժեքորեն գործադրել հայատյացության քաղաքականությանը հակափաստարկելու եւ դիմագրավելու համար: Այսինքնՙ այս նոր սպառնալիքն էլ պետք է ընդունել իբրեւ ասիմետրիկ եւ հակադարձ գործողությունները կազմակերպել, ոտքի հանելով աշխարհում մեր բարեկամներին եւ ուղղակի ազնիվ մարդկանց: Անհնար է թույլ տալ, որ գլոբալ տեղեկատվական հոսքերի եւ ազատ խոսքի տարածման մեր դարում այսպիսի կոպիտ ու նենգ մեթոդներով թշնամանք եւ ատելություն բորբոքվի մեր ժողովրդի նկատմամբ: Սա ընդամենը նշանակում է, որ Ադրբեջանը գնում է ոչ թե խաղաղության ու հաշտության փնտրտուքի եւ երկխոսության հաստատման ճանապարհով, այլ Հայաստանի եւ հայերի նկատմամբ ատելությունը փորձում է դարձնել հարատեւ եւ դրանով դաստիարակել իր երկրի աճող սերունդներին: Եթե Ադրբեջանում կարծում են, որ ատելության մեքենայի հերթական գործադրմամբ մեր մեջքը կոտրվելու է, նշանակում էՙ նրանք վատ են ճանաչել հայերին: Բայց եթե մի օր այնտեղ հաղթահարելու են առողջ բանականությունն ու բանակցելու եւ երկխոսելու ցանկությունը, պետք է առանց թուլանալու ու հյուծվելու պատրաստ լինել նաեւ այդ իրողությանը: Ատելությունը վատ խորհրդատու է, իսկ ստի ոտքերը կարճ են:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու