«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2012-11-07 | #198, 2012-11-08 | #199, 2012-11-09


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Նոյեմբերի 7-ին ձերբակալվել է Ադրբեջանի փոխվարչապետ Էլչի Էֆենդիեւի օգնական Վագիֆ Հուսեյնովը: Ձերբակալությունը կատարվել է այսպես կոչված «Գյուլարգեյթի» շրջանակներում, ինչին, սակայն, ադրբեջանական մամուլը «ամոթխածորեն» տվել է «Էլշատ Աբդուլլաեւի գործ» անվանումը: Խոսքը գործունեությունը կասեցրած` Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս Ֆրանսիայում որպես քաղաքական վտարանդի բնակվող Էլշադ Աբդուլլաեւի կողմից համացանցում տարածած սենսացիոն երկու տեսահոլովակի նյութերով հարուցված քրգործի մասին է:

Հիշեցնենք, որ առաջին տեսանյութում Միլլի մեջլիսի այժմ արդեն նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովան Էլշադ Աբդուլլաեւից 1 մլն մանաթ կամ դոլար է պահանջում` «Ալիեւի կազմած ցուցակը կոտրելու» եւ Աբդուլլաեւին պատգամավոր դարձնելու համար: Երկրորդ տեսանյութում Ահմեդովան հանդես է գալիս որպես «Ռամիզ մուալլիմի մարդ» եւ Աբդուլլաեւին էլ նույն խորհուրդն է տալիս: Խոսքը Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի մասին է, որը տեսանյութը համարել է «սադրանք» ոչ միայն իր, «այլեւ իշխանության նկատմամբ առհասարակ»:

Վագիֆ Հուսեյնովը պետական առաջին պաշտոնյան է, որ այդ գործով ձերբակալվել է: Նրան կասկածում են Աբդուլլաեւից 1 մլն մանաթ կաշառք ստանալու մեջ` Ադրբեջանի միջազգային համալսարանի գործունեության արտոնագիր «տրամադրելու խոստման դիմաց»: Թե ինչպե՞ս կարող էր փոխվարչապետի օգնականը նման բան խոստանալ համալսարանի ռեկտորին, հարցը, հավանաբար, քննության չի առնվի:

Տվյալ դեպքում ավելի հավանական է, որ Հուսեյնովը քրեական պատասխանատվության կենթարկվի, իսկ փոխվարչապետը երեւի «տարիքի» կամ «առողջական վիճակի պատճառով» հրաժարական կներկայացնի: Բանն այն է, որ Ադրբեջանի կառավարությունում կրթության, գիտության, մշակույթի ոլորտները համակարգող` փոխվարչապետ Էլչին Էֆենդիեւը ոչ այլ ոք է, քան Ադրբեջանի ժողովրդական գրող Էլչինը: Նա 70 տարեկան կդառնա եկող տարվա մայիսին:

Էֆենդիեւը որդին է Ադրբեջանի ժողովրդական գրող Իլյաս Էֆենդիեւի: Մի խոսքով, հեղինակավոր ընտանիքի ներկայացուցիչ է եւ նախին ԽՍՀՄ-ում լայնորեն ճանաչված գրող: Ժամանակին նրա պատմվածքները եւ «Արծաթափայլ ֆուրգոն» վիպակը թարգմանվել են նաեւ հայերեն եւ հրատարակվել Երեւանում: Ըստ երեւույթին, իշխանությունները օր ծերության իրենց ժողովրդական գրողին բանտ չեն ուղարկի, բայց, ինչպես ռուսներն են ասում, «ոզնու համար էլ պարզ է», որ առանց փոխվարչապետի գիտության նրա օգնականը համալսարանի ռեկտորից 1 մլն մանաթ կաշառք չէր ստանա:

Նույն տրամաբանությամբ` այդ չափի գումարի մասին չէր կարող տեղյակ չլինել վարչապետ Արթուր Ռասիզադեն: Իսկ եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի սահմանադրությամբ ողջ «գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին», եւ նա ուղղակիորեն է գլխավորում կառավարության գործունեությունը, ուրեմն կոռուպցիոն բուրգի գագաթին պետք է տեսնել Իլհամ Ալիեւին:

Կլինեն մի քանի պաշտոնանկություններ եւ շնորհազրկումներ, այդ ամենը կներկայացվի իբրեւ «անհաշտ պայքար կոռուպցիոն երեւույթների դեմ»: Չէ՞ որ սկսվում է նախագահական ընտրությունների տարին: Եվ Իլհամ Ալիեւին պետք են Էլչին Էֆենդիեւի կամ Ռամիզ Մեհթիեւի կարգի «պառաված նոխազներ», որոնց կարելի է «անարյուն զոհաբերել»: Գուցե թե` նաեւ Արթուր Ռասիզադեին, որ արդեն 70-ն անց է, ինչպես եւ` Ռամիզ Մեհթիեւը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4