Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել քննարկում «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի շուրջըՙ մասնակցությամբ Հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, ներկայացուցիչներ կառավարության աշխատակազմի, կրթության եւ գիտության նախարարության, Հայ ավետարանական ընտանիքի 9 եկեղեցիների եւ այլ կրոնական կազմակերպությունների: Օրենքի նախագծի շուրջը ներկայացվել են դիտողություններ ու առաջարկություններ, որոնք ուսումնասիրելովՙ օմբուդսմենը ներկայացրել է «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու բազմաթիվ առաջարկություններ:
Դրանցից մեկն էՙ «հոգեորսություն» հասկացությանը տալ հստակ իրավական սահմանում: Կարեն Անդրեասյանն առաջարկում է պարզաբանել «հոգեբանական բռնություն» հասկացությունը եւ դրա համար պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Պարզաբանման կարիք ունի նաեւ օրենքի նախագծում տեղ գտած «սոցիալական առավելություն» հասկացությունը, որը հաճախ օգտագործվում է անձին որեւէ հավատքի հետեւորդ դարձնելու նպատակով, եւ չպետք է նույնացվի կամ շփոթեցվի բարեգործության հետ:
Կրոնական դաստիարակությունը նույնպես կարեւոր խնդիր է: Թեպետ օրենքի նախագիծը թույլ է տալիս ծնողին իր համոզմունքներից ելնելով կրոնական դաստիարակություն տալ երեխային, միեւնույն ժամանակ չի կարգավորում այն դեպքերը, երբ ծնողներից յուրաքանչյուրը տարբեր կրոնական ուղղությունների հետեւորդ է եւ համաձայնության չեն գալիս երեխայի կրոնական դաստիարակության հարցում:
Խնդրահարույց է նաեւ արտերկրից կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը: Եթե օրենքի նախագիծն արգելում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը օտարերկրյա պետություններից, ապա արդյո՞ք Հայաստանում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների եկեղեցիների ֆինանսավորումը նույնպես պետք է կարգավորվի տվյալ նախագծով:
Հ. Հ.